Որոշել են քանդել Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեների բնակելի շենքերը. բողոքում են բնակիչները (Տեսանյութ)

Որոշել են քանդել Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեների բնակելի շենքերը. բողոքում են բնակիչները (Տեսանյութ)

Երեւանի կենտրոնում գտնվող Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեների բնակիչները բողոքում են, որ հանրային գերակա շահով որոշում է ընդունվել իրենց բնակելի տարածքում կառուցապատում իրականացնել, քանդել այդ երեք հասցեների շենքերը: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին հայտնեց «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ, տեղի բնակիչ Վարդան Գերավետյանը:

Վարդան Գերավետյանը հետաքրքրվում է՝ եթե որոշում է ընդունվել հանրային գերակա շահով կառուցապատում իրականացնել այդ տարածքում, ապա ինչո՞ւ մինչ օրս չգիտեն, թե ինչ է այդտեղ կառուցվելու իրենց շենքերի փոխարեն: Վարդան Գերավետյանը պատմեց, որ այս տարվա հոկտեմբերի 3-ին ինքը նամակ էր գրել քաղաքապետարանին ՝ պարզաբանելու համար, թե ինչ է կառուցվելու այդ շենքերի փոխարեն, որտեղից էլ պատասխան էր ստացել, որ դեռեւս դրա շուրջ համաձայնություն չկա:

Մանրամասն՝ տեսանյութում

Վարդան Գերավետյանը տեղեկացրեց, որ բնակիչներից ութ հոգու արդեն դատական գործընթաց սկսելու ծանուցում են ուղարկել: Նաեւ այդ քաղաքացիներին ծանուցում է եկել ԴԱՀԿ-ից, որտեղ ասվում է, որ արգելվում է նրանց օտարել այդ հասցեներում գտնվող բնակարանները եւ որ դրանք կարող են օտարվել միայն «Լոքալ դիվելոփեր» ընկերության կողմից:

Վարդան Գերավետյանը տեղեկացրեց, որ տարածքում արդեն 7,5 տարի կառուցապատում է իրականացնում հենց «Լոքալ դիվելոփեր» ընկերությունը, որի տնօրենը Սամվել Մայրապետյանն է. «Սա պետական ռեկետի նման մի բան է, երբ միայն Սամվել Մայրապետյանը կարող է գնել մեր բնակարանները»:

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Գրիգոր Ղազարյանն էլ անդրադարձավ նշված շենքերի հարեւանությամբ գտնվող Աֆրիկյանների շենքի դեպքին եւ նշեց, որ ապամոնտաժման գործընթացում որեւէ առաջընթաց չկա. «Դրական քայլ այն ուղղությամբ, որ պետք է նախանշվի այն վայրը, թե որտեղ պետք է այն կառուցվի, շինարարական աշխատանքները պետք է սկսվեն, չկա»:

Տարածքի բնակիչ, նկարիչ Վարդան Գաբրիելյանն էլ զգուշացրեց կենտրոնի բոլոր բնակիչներին, որ անսպասելիորեն կառավարությունը կարող է գերակա շահ ճանաչել իրենց շենքը եւ որոշել այն քանդել, դրա տեղը կառուցել նոր էլիտար շենք: Սակայն բնակիչները վստահեցնում են, որ իրենք գնալու են մինչեւ վերջ, պայքարելու են իրենց շենքերի համար:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք