Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ գիտակցել եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ինձ չեն ներում այն բանի համար, որ ինձնից չստացան իրենց կողմից ակնկալվող սուտ ցուցմունքները». Մայրապետյան

Ապրիլ 05,2024 13:53

«Դատական իշխանություն» պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեղեկություն, որի համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ:

Սամվել Մայրապետյանը ԶԼՄ-ներին փոխանցել է հետեւյալ հայտարարությունը:

«Ես միշտ գիտակցել եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ինձ չեն ներում այն բանի համար, որ ինձնից չստացան իրենց կողմից ակնկալվող սուտ ցուցմունքները, և որ ես ու ընտանիքիս անդամները ենթարկվելու ենք բոլոր տեսակի հնարավոր ճնշումներին:

Գալով այսօրվա՝ իրավագիտության հետ աղերս չունեցող վճռին, կարող եմ միայն ասել, որ պատահականություն չէ, որ վճիռը տարածվեց հենց այսօր առավոտյան, չնայած որ մինչև այս պահը այն հրապարակված չէ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում: Բանը նրանում է, որ վճիռը պետք է հրապարակվեր դեռևս 2024 թվականի մարտի 20-ին, սակայն, Դատարանի որոշմամբ դատաքննությունը նորից վերսկսվեց՝ իբրև թե գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով: 2024 թվականի ապրիլի 1-ին նշանակված դատական նիստի օրը, սակայն, այդպես էլ Դատարանի համար չպարզաբանվեցին իրենց համար անհրաժեշտ հարցերը և անհասկանալիորեն վճռի հրապարակման օր նշանակվեց ապրիլի 5-ը. կարելի է ենթադրել Փաշինյանի բրյուսելյան այցի օրը՝ PR արդյունք ցուցադրելու համար: Ստացվում է, որ իշխանությունները վերահսկում են ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում են հրապարակման օրն ու ժամը:

Այս ոչ իրավաչափ վճռով ոչ մի գումար էլ չի կարող փոխհատուցվել պետական բյուջե, քանի որ իրավաբանության հետ կապ չունեցող այս գործընթացը սկզբից մինչև վերջ, հակաիրավական է, հետևաբար այն անպայմանորեն բողոքարկվելու է բոլոր հնարավոր՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային ատյաններում:

Տեղի ունեցածին և մասնավորաբար դատարանի վճռին մանրամասն և փաստերով կանդրադառնա իմ փաստաբանական խումբը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում վճռի պատշաճ հրապարակվելուց հետո, որտեղ, սովորաբար, ըստ օրենքի հրապարակվում են դատավճիռները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930