Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես խաղարկել անկախ Հայաստանի մշակութային կապիտալը

Հոկտեմբեր 19,2016 15:55

Հայաստանի ամենամեծ կապիտալը մշակույթն է, եւ աշխարհին ներկայանալու համար հրաշալի այցեքարտեր են հենց մշակութային փառատոները:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը անկախ Հայաստանի մշակութային բրենդներից մեկն է, որն արդեն կազմակերպվում է 17-րդ անգամ: «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը կայանում է դասական երաժշտության հեղինակավոր անունների մասնակցությամբ:

sona-hovhannisyan

Չնայած հաջողություններին, փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ «Երեւանյան հեռանկարները» կարիք ունի կայունության, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ ծրագրեր իրականացնել: «Մենք կարողանում ենք հավասար աշխատանք կատարել աշխարհի մեծ փառատոների հետ, որովհետեւ Հայաստանում ենք իրականացնում մեր գործունեությունը եւ ամեն ինչ անում ենք մեր պրոֆեսիոնալիզմի, կապերի, նվիրվածության շնորհիվ: Փառատոներ կան, որոնց տնօրենները հրավիրյալ մարդիկ են, մեր պարագայում մենք ծառայություն ենք մատուցում մեր հայրենիքին, ուրիշ երկրում նման ձեւով աշխատելով փառատոնը չէր կարող նման կերպ կայանալ: Նաեւ կարիք ունենք հոգաբարձուների խորհրդի, որպեսզի մեր միջոցները կայուն լինեն, շատ լինեն, ու ստիպված չլինենք անգամ մտածել, թե ինչպես փրկենք նախագիծը: Արդեն 17-երրորդ տարին է՝ փառատոնը կազմակերպում ենք, ու պիտի ոչ թե փրկելու մասին մտածենք, այլ մտածենք, թե ինչպես անել, որ մեր փառատոնի շնորհիվ մեկ միլիոն զբոսաշրջիկ գա Հայաստան: Մենք դա հաստատ կարող ենք ապահովել, «Երեւանյան հեռանկարները» կարող է լինել Հայաստանի համար մշակութային տուրիզմի զարգացման խթաններից մեկը: Իսկ դրա համար լրացուցիչ ռեսուրսներ ու աջակցություն է պետք: Ու երբ կարողանանք հոգաբարձուների խորհուրդն էլ ձեւավորել ու կայունություն փոխանցել մեր փառատոնին, որին այսքան տարի փայփայելով պահել ենք, պատկերն էապես կփոխվի»,-համոզված է տիկին Հովհաննիսյանը:

Նշենք, որ «Երեւանյան հեռանկարները» կարողացել է Հայաստան հրավիրել այնպիսի երաժիշտների ու նվագախմբերի, որոնց մինչ այդ անգամ տարածաշրջանը չէր տեսել:

«Օրինակ, 2004 թվականին հրավիրեցինք ամերիկյան լեգենդար «Քրոնոս» քառյակին, որը չէր եղել ոչ միայն Կովկասյան տարածաշրջանում, այլեւ Մերձբալթյան երկրներում: «Քրոնոսի» Երեւան գալն այնքան անհավանական էր թվում, որ այն ժամանակվա ԱՄՆ-ի դեսպանը Հայաստանում ասաց` եթե իրենք իսկապես գան, հոնորարի կեսը դեսպանատունը կվճարի: «Քրոնոսը» եկավ Հայաստան, դեսպանն էլ վճարեց հոնորարի կեսը, թեեւ մեր բանակցությունների արդյունքում այն այնքան էր փոքրացել, որ ծանրակշիռ գումար չէր: «Քրոնոսի» հետ աշխատած մարդիկ, մինչեւ համերգի հայաստանյան ազդագիրը չտեսան, չհավատացին, որ դա իրականություն է: Նույնն էլ եղավ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կամ Ամստերդամի թագավորական նվագախմբի`Կոնցերտգեբաուի պարագայում: Մեզ հաջողվեց Հայաստան հրավիրել այնպիսի աշխարհահռչակ դիրիժորների, որոնց թվում են Լորին Մազելը, Դանիել Բարենբոյմը, եւ սա այն դեպքում, երբ, օրինակ, մեր էստոնացի գործընկերներին դա չի հաջողվում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինը մեր տարածաշրջան առաջին անգամ եկավ` մեր փառատոնի միջոցով, մինչդեռ Ռուսաստանում նա քանի տարի չէր եղել, եւ վերջապես մյուս տարի համերգ է ունենալու այնտեղ»,-փաստում է «Երեւանյան հեռանկարների»  գլխավոր մենեջերը: Նա նաեւ հպարտությամբ փաստում է, որ Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչը իրենց փառատոնը որակել է յուրահատուկ երեւույթ:

«Երեւանյան հեռանկարների» շնորհիվ հերթական հնչեղ անուններից մեկը, որ առաջիկայում ժամանելու է Հայաստան, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը կլինի: «Իրենք հայտարարել են, որ լավ գիտեն մեր փառատոնը: Այդ կարգի խմբերի համաձայնությունը ստանալը պայմանավորված է նախորդ հաջողություններով: Իրենք նայում են, թե իրենցից առաջ ով է համերգ ունեցել տվյալ երկրում»,-ասում է Սոնա Հովհաննիսյանը: Նրա ձեւակերպմամբ, մյուս հնչեղ անունը, որ դարձյալ տարածաշրջանային զարմանք կհարուցի, դաշնակահարուհի Մարթա Արգերիխն է:

 Հայաստանի թատերական «դիմագիծն» ու Երեւանի քաղաքապետարանի անտարբերությունը

  arthur-ghukasyan

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է արդեն 14-րդ անգամ: Այն նախկին ԽՍՀՄ երկրների տարածաշրջանի գլխավոր փառատոնն է համարվում (բացառությամբ`Մոսկվայի): «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը փաստում է, որ 2007 թվականից սկսած՝ ամեն տարի պետբյուջեից փառատոնին տրամադրվող գումարը նվազել է, և, ըստ նրա, եթե 2008 թվականին փառատոնի բյուջեն կազմում էր 35 միլիոն դրամ, ապա այս տարի այն արդեն 30 միլիոն է։ Մշակույթի նախարարությունն այս տարի էլ 1 միլիոն դրամով է կրճատել «Հայֆեստի» բյուջեն։ Մշակույթի նախարարությունն ասում է, որ դա ոչ թե իրենց որոշումն է, այլ ֆինանսների նախարարության, որովհետև իրենք դա ստանում են ֆինանսների նախարարությունից, ֆինանսների նախարարությունն էլ ասում է, որ դա կառավարության որոշումն է», – տարակուսանք է հայտնում փառատոնի նախագահը:

Արթուր Ղուկասյանն ընդգծում է, որ «Հայֆեստ» փառատոնը զարգացնում է այն ոլորտը, որտեղ ինքը գործում է: Փառատոնը հրավիրում է այնպիսի ներկայացումներ, որոնք չկան հայաստանյան խաղացանկային թատրոններում: Ասում է. «Հյուրընկալվող ինքնատիպ ներկայացումները ճաշակ են բարձրացնում, աչքերն են բացում, լայնացնում մտածելակերպը եւ տաղանդավոր մարդկանց մղում են նոր եւ հետաքրքիր բան բեմադրել: Փառատոնը բացում է երկիրը, նույնիսկ ամենաբաց երկիրը: Փառատոնը զարգացնում է տնտեսությունը, բերում է զբոսաշրջիկների, առաջարկում է բիզնեսին նոր հորիզոններ , որի մասին բիզնեսը չի էլ մտածել, գլխի չի ընկել, որ արվեստով էլ կարելի է ինչ-որ բանի հասնել: Փաստորեն, մենք խթանում ենք, որ բիզնեսի ուղեղն աշխատի: Իսկ որ ամենակարեւորն է` փառատոնը մշակութացնում է երկրի անունը: Ես եղել եմ Էդինբուրգում, որտեղ կայացող Արվեստների ամենամյա միջազգային փառատոնը համար առաջին փառատոնն է: Ընդ որում` փառատոնից դուրս Էդինբուրգը շատ մռայլ, մոխրագույն, վեհ, բայց շատ փակ քաղաք է: Ճիշտ է` ինքը քեզ չի վանում, բայց նաեւ չի էլ հրավիրում: Մինչդեռ փառատոնի օրերին Էդինբուրգում պատկերը լրիվ փոխվում է: Օրը 2,5 հազար ներկայացում է խաղացվում այդտեղ, բոլոր մարդիկ ժպտում են: Ահա, թե ինչի են ընդունակ փառատոները»:

Մեր հարցին`ինչի՞ կարիք ունի «Հայֆեստը», Արթուր Ղուկասյանը պատասխանում է. « Չկրկնվեմ` ասեմ, ֆինանսներ: Նման կարիք բոլոր փառատոներն ունեն: Երբ ես «դրսում» սովորում էի, ԿարնեգիՄելլոն համալսարանի պրոֆեսորը հարցրեց`ո՞ րն է գլխավորը, գաղափա՞ րը, թե՞ փողը: Մենք բոլորս ասացինք`եղբայր, իհարկե՝ փողը: Ինքն ասաց, որ ճիշտը գաղափարն է, եւ երբ գաղափարը ճիշտ է, գումարն էլ մեջն է ներառված: Փաստորեն, մենք ոչ թե քիչ ենք աշխատում կամ վատ ենք աշխատում, այլ գուցե մի դուռ չենք ծեծում կամ դեռ չենք ստեղծել այն հնարավորությունը, որ փառատոնի համար եւս մեկ դուռ բացվի»:

«Հայֆեստ» փառատոնի նախագահը հավելում է. «Այն վերաբերմունքը, որ Երեւանի քաղաքապետարանը մեր հանդեպ է տածում, մտահոգիչ է: Քաղաքապետարանը պետք է հասկանա, որ յուրաքանչյուր երկրում տվյալ քաղաքի քաղաքապետարանը գլխավոր հովանավորն է այնտեղ ընթացող փառատոնի: Ինչպե՞ս կարող ես անտեսել քո քաղաքի գլխավոր փառատոնը: Ախր մենք ամենաքիչը 400 մարդ ենք հրավիրում Երեւան, որոնցից յուրաքանչյուրը գումար է ծախսում մեր երկրում: Մենք պետական այրերի կողմից ունենք լուրջ վերաբերմունքի պակաս`դեպի մեր ոլորտ: Ցավալի է, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրներում բյուջեից մշակույթին ուղղվող գումարը ամենաքիչն է: Երբ ճգնաժամ է լինում, առաջինը մշակույթին բաժին հասնող գումարից են կտրում, հետո կրթությունից, չեն հասկանում, որ անկիրթ եւ մշակույթից հեռու մարդը մարդ չէ: Ես ուրախ եմ, որ մենք այսօր ունենք տարբեր փառատոներ: Եվ եթե մի փառատոն սկսում է զարգանալ, ինքնաբերաբար զարգանում են նաեւ մյուս փառատոները: Երբ «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան կինոփառատոնը շատ լավ է անցնում, մարդիկ սկսում են կինո գնալ, դրանից հետո թատրոնով էլ են հետաքրքրվում: Կարծում եմ՝ բոլոր փառատոները պետք է միմյանց օգնեն, աջակցեն, միասին բարձրաձայնեն իրենց առաջ ծանրացած խնդիրների մասին»:

Փոքր երկրի մեծ կինոքաղաքականությունը

 2016թ. ամռանն արդեն 13-րդ անգամ անցկացվեց «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան կինոփառատոնը: Ընդ որում, իբրեւ չարագուշակ թիվ ընկալվող 13-ը բնավ էլ վատ չանդրադարձավ հայկական «Ոսկե ծիրանի» վրա, քանի որ այստեղ ոչ թե սնահավատ են, այլ ստեղծարար, հետաքրքիր, աշխատասեր:

Միջպետական պայմանագրերում Հայաստանը հաճախ է ասոցացվում «Ոսկե ծիրանի» հետ, եւ մշակութային փոխանակումների առաջին տողում հենց «Ոսկե ծիրանն» է, քանի որ այդ հարթակում է հայկական մշակույթը խաչվում միջազգայինի հետ: Փառատոնի հիմնադիր նախագահ եւ ճանաչված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին էլ օտարերկրացի զբոսաշրջիկները երբեմն Mister Apricot են անվանում:

Եթե ամբողջ հայկական կինոյի պատմության մեջ շուրջ 500 ֆիլմ կա, ապա դրանցից «Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվել է շուրջ 300-ը: Համաշխարհային կինոյի աստղերի վարպետության դասերն ու լավագույն ֆիլմերի ցուցադրություններն այս փառատոնի շրջանակում նորություն չեն: Օրինակ, այս տարի վարպետաց դասեր վարեցին համաշխարհային կինոյի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են՝ Ֆրեդ Քելեմենը, Ժելիմիր Ժիլնիկը, Հոմայուն Էրշադը, Վիտալի Մանսկին, Անդրեյ Լոշակը: Իսկ փառատոնի հատուկ հյուրն էր Ժակլին Բիսեթը:

Սկսած 2007 թվականից, երբ առաջին անգամ «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումն իրականացվեց, սկսվեցին տարածաշրջանային եւ հայկական նախագծերի արտադրության աջակցության համար դրամաշնորհներ տրամադրվել, եւ արդյունքում փառատոնն ակումուլյացրել եւ բաժանել է 61500 եվրո, 177 000 դոլար, այս թվում ներառված չեն թրենինգները, վարպետաց դասերը: Ընդ որում, նշված թվից 23000 եվրոն եւ 120 000 դոլարը միայն հայ ռեժիսորների նախագծերին են վերաբերում: Այս ամենը պետք է դիտարկել այն համատեքստում, թե ինչ է արել «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը հենց հայ կինոյի զարգացման համար: Հայ ռեժիսորների շատ ֆիլմեր հենց «Ոսկե ծիրանի» խողովակներով են մասնակցել գործընկեր կինոփառատոներին: Շուրջ 50-60 երկրում «Ոսկե ծիրանի» միջոցով ցուցադրվել է հայկական կինոն՝ սկսած Հոլանդիայից ու Արգենտինայից, վերջացրած՝ Ճապոնիայով:

harutyun-khachatryan

Հարություն Խաչատրյանը, ով ավելի շատ աշխատել է սիրում, քան կատարած աշխատանքը ներկայացնել, փաստում է, թե ինչ անդրադարձ է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեր երկրի իմիջի վրա: Նրա վկայությամբ, միայն Euronews-ը մեկ տասնյակից ավելի հաղորդում է արել Հայաստանի մասին՝ հենց «Ոսկե ծիրանի» միջոցով: Մեր երկիրն էլ հիշատակվել է դրական համատեքստում, ոչ թե ցեղասպանության կամ երկրաշարժի: BBC-ն եւ այլ հզոր միջազգային լրատվականներ եւս բազմիցս անդրադարձել են «Ոսկե ծիրանին»:

Պարոն Խաչատրյանը մշտապես շեշտում է, որ կինոն ուժեղ զենք է փոքր ազգերի համար եւ ամենահզոր դիվանագիտությունը: Ինչ վերաբերում է խնդիրներին, «Ոսկե ծիրանին» էլ բաժին են հասնում նույն դժվարությունները, ինչ մյուս փառատոներին:

«Ոսկե ծիրանի» բյուջեն եւս նշանակալի չէ`ՀՀ պետական բյուջեից փառատոնին ամեն տարի տրամադրվում է 50 մլն 500 000 դրամ: «Ոսկե ծիրանի» թիմի համար էականն այն է, որ իրենց չխանգարեն, կամ որեւէ նախագիծ չքնի որեւէ «չինովնիկի» դարակում, քանի որ վստահ են, որ ամենախենթ մտահղացումները կարող են կյանքի կոչել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

banner_flag_am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31