Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում էինք՝ փառատոն ենք իրականացնում, որ կինո ունենանք․ Հարություն Խաչատրյան

Հուլիս 03,2026 20:11 Share

Երևանյան «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը։ Փառատոնը ստացել է 600 հայտ 90 երկրից, սակայն կցուցադրվի 90 ֆիլմ՝ 40 երկրից։ «Ոսկե ծիրանը» կբացի Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության կինոնկարը, որով տրվել էր նաև Լոկառնոյի կինոփառատոնի մեկնարկը։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող վարպետներ, հայաստանցիները հնարավորություն կունենան վայելելու լավագույն փառատոների մրցանակակիր ֆիլմերը։ Օրինակ, փառատոնը կհյուրընկալի աշխարհահռչակ ռեժիսոր Պավել Պավլիկովսկուն։ Նա «Ոսկե ծիրանի» շրջանակում հանդիսատեսին կներկայացնի «Fatherland» նոր ֆիլմը։

Փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը նշեց, որ երբ ժամանակին մեկնարկում էին «Ոսկե ծիրանը», շատերը թերահավատորեն ասում էին՝ ինչի՞ համար է փառատոնը, երբ կինո չունենք։ «Մենք պատասխանում էինք՝ փառատոն ենք իրականացնում, որ կինո ունենանք։

Այսօր կինոն բավականին լուրջ աճ ունի, բազմաթիվ կին ռեժիսորներ են հայտնվել դաշտում, որոնք նկարահանում են դոկումենտալ, անիմացիոն, խաղարկային ֆիլմեր, երիտասարդներ կան, որոնց դեբյուտային ֆիլմերի համար նախարարությունը ֆինանսավորում է տրամադրում։ Կարծում եմ՝ դա լուրջ ուշադրություն է կինոյի հանդեպ»։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, ի թիվս այլնի, նշեց, որ Հայաստանը 2027 թ. կդառնա Կաննի կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ նպաստելով հայկական կինոյի միջազգայնացմանն ու երիտասարդ կինոգործիչների առաջխաղացմանը։ Նա մանրամասնեց, որ ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Կարեն Ավետիսյանը այլ փակագծեր էլ բացեց։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը երևանյան պրեմիերաներից առանձնացրեց հատկապես Քրիստիան Մունջիոյի «Ֆյորդ» քաղաքական դրաման, որը Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր է։

Անդրադարձ եղավ նաև Կաննում ցուցադրված «Դը Գոլի մարտը» ֆիլմին, որտեղ Շառլ դը Գոլին մարմնավորում է մեր հայրենակից Սիմոն Աբգարյանը։ Նա ներկա կլինի երևանյան պրեմիերային։

«Ոսկե ծիրանը», ի թիվս այլոց, կհյուրընկալի նաև ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանին, որը Երևանում կներկայացնի «Օսկարի» արժանացած «Մեղսավորները» ֆիլմը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ուրախությամբ փաստեց, որ արդեն հինգերորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրանի» հովանավորն է։ Այս տարի էլ 130 մլն դրամ գումար են նախատեսել տրամադրել փառատոնի ծրագրերի և միջոցառումների անցկացմանը։ Նա ընդգծեց, որ «Ոսկե ծիրանի» հետ համագործակցելը պատիվ է, քանի որ այն 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչվել է 50 լավագույն փառատոններից մեկը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ իր բոլոր ընկերները, սփյուռքի գործընկերներն իրենց հունիսյան և հուլիսյան ծրագրերը կազմելիս արդեն քանի տարի ճշտում են, թե երբ է անցկացվելու «Ոսկե ծիրանը», ինչը փաստում է, որ նրանք առաջնահերթություն են տալիս փառատոնին։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031