Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր կլինեն Հայաստանի թագավորն ու թագուհին

Դեկտեմբեր 25,2016 12:00

Ինչքան մոտենում են Ազգային ժողովի հերթական ընտրությունները, այնքան պատգամավորության հավակնորդ անհատներն ու կուսակցություններն ավելի ու ավելի են համոզվում, որ այս ընտրություններին մասնակցության լավագույն տարբերակը դաշինքային տարբերակն է: Ընդ որում, դրանում ոչ միայն ընդդիմադիրներն են համոզվում, այլև՝ իշխանականներն ու իշխանամետները, և բնավ չենք զարմանա, եթե առաջիկա ընտրությունների նախընտրական փուլում նաև իշխանամետ դաշինք կազմվի:

Ինչևէ. առաջին դաշինքն արդեն կա, գոյություն ունի՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետության»: Ընդ որում, սա սույն դաշինքի վերջնական կազմը չէ. դաշինքի դռները բաց են, և, ամենայն հավանականությամբ, տվյալ դաշինքում ընդդիմադիր ա′յլ կուսակցություններ ու քաղաքական գործիչներ էլ առաջիկայում կընդգրկվեն: Եթե, իհարկե ցանկանան: Ավելի ճիշտ՝ եթե եռյակը ցանկանա: Ինչքան էլ դաշինքի անդամները հայտարարեն թե՝ իրենց դռները բաց են, ենթադրում ենք, որ ընդդիմադիր կուսակցություններից ու գործիչներից շատերը կցանկանային ընդգրկվել սույն դաշինքում, բայց չի ստացվի՝ միանգամայն տարբեր պատճառներով: Իրական պատճառը չգիտենք, բայց գիտենք, որ «Ժառանգության» մուտքը սույն դաշինք չի ստացվել: Նաև գիտենք, որ ինչքան էլ դռները բաց լինեն, որոշ ընդդիմադիր կուսակցություններ ու գործիչներ միմյանց հետ պարզապես անհամատեղելի են՝ ոմանք հավակնությունների, ոմանք էլ ավելի խորքային պատճառներով: Եվ, որ ամենակարևորն է, նաև գիտենք, որ խորհրդարանական տեղերը սահմանափակ են, և եթե նույնիսկ ՀՀԿ-ն ու իշխանամետները չլինեին, էլի խորհրդարանական տեղերն ընդդիմադիր բոլոր ցանկացողներին չէին բավականացնի: Որովհետև ցանկացողները շատ-շատ են: Մանավանդ՝ այս անգամ: Որովհետև, համաձայն նոր Սահմանադրության, այս անգամվա պատգամավորների դերն ու նշանակությունն անհամեմատ մեծ է լինելու: Որովհետև հետայսու նախագահական հանրապետություն չենք: Դա նշանակում է, որ հետայսու Հայաստանի նախագահը հանդիսանալու է ոչ թե Հայաստանի թագավորը, այլ, ընդհակառակը, Հայաստանի թագուհին: Այդպես է ընդունված անվանել նախագահին ոչ նախագահական երկրներում: Իսկ փաստացի թագավոր հանդիսանում է վարչապետը: Այդպես է լինելու նաև Հայաստանում: Ընդ որում՝ ոչ թե Ազգային ժողովի ընտրություններից հետո, այլ՝ 2018 թվականից հետո: Ընդ որում, պատգամավորներն են որոշելու՝ ով է հանդիսանալու Հայաստանի փաստացի թագավորը:

Կարճ ասած՝ նրանք, ովքեր երբևէ եղել են Հայաստանի քաղաքական կյանքում կամ այս պահի դրությամբ հանդիսանում են Ազգային ժողովի պատգամավոր, դժվար թե անտարբերություն հանդես բերեն այս ընտրությունների առնչությամբ: Ամենաերևելիները ներառյալ: Եթե նախկինում քաղաքական էլիտայի որոշ երևելիներ ինքնակամ հրաժարվում էին ԱԺ մանդատներից և իրենց դուրս էին դնում ԱԺ ընտրությունների նախընտրական գործընթացներից, ապա հիմա դժվար թե այդպիսիք գտնվեն: Արդեն, փաստորեն, վերջնական է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշումը: Արդեն ՀԱԿ պատասխանատուները հայտարարել են, որ իրենց նախընտրական ցուցակը գլխավորելու է  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Արդեն խոսակցություններ կան, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ է մտադիր ակտիվ մասնակցություն հանդես բերել Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախընրական գործընթացներում, ըստ ամենայնի՝ Օսկանյանի «Համախմբում» կուսակցության միջոցով: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ իր թիմակիցներով անդամագրվելով ՀՀԿ-ին՝ հասկացնել տվեց, որ ինքն էլ մտադիր չէ իրեն հեռու պահել Ազգային ժողովի ընտրություններից: Վարչապետը նաև պարտավորված է անմիջական մասնակցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին. եթե, իհարկե, ցանկանում է վարչապետ մնալ ընտրություններից և հատկապես տասնութ թվականից հետո: Նրա այժմյան տրամադրությունից զգացվում է, որ լավ էլ ցանկանում է: Եթե ցանկանում է, ուրեմն՝ հաստատ կընտրվի, որովհետև ակնհայտ է, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում առնվազն երկրորդ տեղում կլինի: Միգուցե ռեյտինգային տարբերակով էլ ընտրվի, եթե մինչև ընտրությունների օրը հաջողացնի պահպանել իր այժմյան վարկանիշը: Բայց ռեյտինգային տարբերակի առումով չենք պնդում, որովհետև կարգին չենք պատկերացնում, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ռեյտինգային կոչված տարբերակը: Առայժմ ընդամենը տեսնում ու զգում ենք, որ շատերն են խուսափում այդ, այսպես կոչված, ռեյտինգային տարբերակից: Երևի խուսափելու հիմքեր ունեն: Երևի հասկանում են, որ առանձնապես ռեյտինգ չունեն: Շատ բան էլ, որ այս պահի դրությամբ չենք տեսնում ու չենք հասկանում, կհասկանանք ընտրություններից հետո:

Ինչքան էլ իշխող կուսակցությունն ու նոր Սահմանադրության հեղինակներն իրենցից կախված ամեն ինչ արեցին, որպեսզի որոշ պարզություն մտնի Հայաստանի ապագա քաղաքական կյանքում, ամեն ինչ ավելի խճճվեց:

Մի բան միայն պարզ է. տասնութ թվականից մենք, ամեն ինչից բացի, կունենանք նաև թագուհի, ինչպես ընդունված է ասել՝ անգլիական: Նաև պարզ է, որ տվյալ թագուհու դերին կհավակնեն նաև տղամարդկանցից շատերը:

Ուրիշ ոչինչ պարզ չէ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ես որպես քաղաքացի անգրագետ ու անմակարդակ եմ եւ իմ մակարդակի համապատասխան էլ ընտրում եմ պատգամավորների, ընտրություններին գնալով չգիտեմ ո՞վ է ստում քաղցր մաղցր խոսքերով, իսկ ով խոսելուց ամաչում է, բայց կյանքը կտա իր ազգի համար։ Մեկը լիներ ինձ դաստիարակեր, սովորեցներ ինչպես սեւը սպիտակից տարբերեմ, ինչ անեմ որպես քաղաքացի, եթե մուտքի մոտ աղբ կա թափված կամ ինչ անեմ, երբ ինչ որ քոսոտ պատգամավոր իր պատգամավորության տարիներին իրեն դղյակ է կառուցել բնական է անօրինական ճանապարհով ու նման լիքը բաներ։ Մեզ փափուկ ձեւով ստրկացնում են մեր իսկ քաղաքական անգրագիտության պատճառով, դրա համար մեր մտավորականությունը թող ինքը սկզբից սովորի ու գործի որպես իսկական հայ քաղաքացի ու հետո մեզ մնացյալիս սովորեցնի ինչ բան է իսկական հայ քաղաքացին, դա նույնքան ռազմավարական նշանակության անհրաժեշտություն է, ինչ տիրապետել գրին ու զենքին։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031