Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ճանապարհին ենք

Սեպտեմբեր 21,1995 17:14

Պետականության երազանքի ճանապարհներին մենք բազմաթիվ առասպելներ ենք հյուսել՝ սրբազան մասունքներով։ Յուրաքանչյուր հայ ընտանիքի թաքուն գզրոցներում, պապի ու տատի հուշարկղիկներում փայփայված գանձեր կային՝ Եռագույն դրոշի, մազապուրծ գրքերի, լուսանկարների պատառիկներով։ Մեր ուղեղներն ու հոգիներն էլ դարձել էին մասունքների տուտ, որովհետեւ այնտեղ ամրագրված էին անուններ, երգեր ու բառեր, որոնք տասնամյակներով արգելքի ենթակա էին։ Հպարտ էինք. զգայական-ազգային խառնվածքի պատճառով այդ հպարտությունը բառային-տեսական ձեւավորում չստացավ, ուստի այն դուրս էր հորդում ոչ թե լուրջ ծրագրերի, կամ գիտական մենագրությունների, հոդվածաշարերի եւ հայտարարություն-քայլերի տեսքով, այլ մտերմական հավաքների, սեղանների շուրջ, հայկական գինու դատարկվող գավաթներին զուգահեռ։ Չարենցյան Հարդագողի ճամփորդներ էին բոլոր հայերը այդ պահերին՝ «Կապուտաչյա երջանկության» առասպելից ամուր կառչած, «Երազում երազեցինք ու անցանք» տողը թվում էր անբեկանելի ճակատագիր։ Մենք այլախոհների հզոր բանակ, չտպագրվող արվեստագետների ստվար շարքեր, անկախության գործնական ծրագրեր, դիվանագետ կողմնորոշումներ չունեցանք, որովհետեւ ոչ միայն երազկոտ էինք, այլեւ քաղաքական       վարքագծի ավանդույթներ էլ չունեինք։

Առաջին հանրապետության կուրացուցիչ, բայց արագ մարած լույսից գործնական խոհեր չձևավորվեցին, իշխանական տոհմերը դարերի փոշիներում թշնամիների հեռատեսության շնորհիվ վերացան։ 20-րդ դար. մի ժողովուրդ ու բազում երազներ՝ ծնված կորուստներից՝ Էրգիր, Հայ Դատ։ Եռագույնի եւ օրհներգի, զինանշանի կարոտ, պետական ատյանների ու բանակի երազ։ Խորհրդային Հայաստանը միայն բուտաֆորային մարմնացումն էր այդ երազների, առաջին իսկ անմիջական հպումից վերջինիս արհեստականությունը ակնառու էր դառնում։ Հետո 88, Արցախ եւ ԽՍՀՄ փլուզում, Անկախության հանրաքվե։ Զգացմունքային շիկացումը դարձյալ չամրագրվեց գիտակցությամբ. «ԱՅՈ՛»-ի շուրջ համախմբվեցին բոլոր հայերը,

անկախ կուսակցական պատկանելությունից, գրաված պաշտոնից, տարիքից, կենսափորձից։ Բայց հուզականության կորը սկսեց իջնել, երազներն իրականություն  դարձան, առօրյա, գործնական աշխատանքի պահը հասավ։ Անկախության ընդդիմադիրներն աշխուժացան, ասպարեզում

դարձյալ հայտնվեցին մեծազոր աշխարհաքաղաքականությունը, կայսերապաշտական ուժերը։ Մեր գործնականությունը, չգիտես ինչու, հանգում է կամ սեփական անզորության գաղափարին՝ պարտվողականությանը, կամ անիրատեսական քաջնազարականությանը։

Տնտեսական բարեփոխությունն ընթանում է, ավանդական եւ նորագույն տեսություններ են իրագործվում՝ մերթ ցնցակաթվածային, մերթ թավշյա։ Սեփականաշնորհումը ազդակներ է ծնում, ձեռներեցներն ըստ հնարավորության ընդլայնվում են, առաջին կարկանդակը կուտ է գնում, բայց երկրորդը աստիճանաբար կարմրում եւ ախորժաբույր տեսք է ստանում։ Սակայն հոգեւոր կարկանդակը սմքում է, գորշանում։ Գուցե ժամանակի խնդիր է, նոր, անկախ օրերի վեպերն ու պոեմները դեռ պիտի գրվեն, առանց ավելորդ խանդավառության, ինքնավերլուծության, նոր հայի՝ պետականության կրողի, քաղաքացու շարքերն են ստվարանալու՝ գիտագեղարվեստական արարումների նյութ դառնալու համար։ Մենք դեռ անցումային ենք, այն ժամանակ արդեն տոնը տո՛ն կլինի, գործնական աշխատանքը՝ աշխատանք։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930