Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին» շարժումը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջագիր է փոխանցել ԱԺ խմբակցություններին

Ապրիլ 05,2024 17:09

Երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյային քննարկվելու է կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը։ «Միասին» շարժումը ԱԺ երեք խմբակցություններին է փոխանցել պահանջագիր՝ քվեարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կատարողականի դեմ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելով եւ հարցը քվեարկության դնելով։ Փաստաթղթի հիմնավորումներում նշված է, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է 2021 թվականին ԱԺ-ի կողմից հաստատված եւ օրենք դարձած իր իսկ ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթները՝ իրականացնելով տրամագծորեն հակառակ ուղեգիծ։ Փաստաթուղթն ուղարկվել է նաեւ ԱԺ անհատ պատգամավորներին՝ նրանց առջեւ անձնական պատասխանատվության խնդիր դնելով։

Պահանջագրի բովանդակային քննարկումը տեղի ունեցավ այսօր։

ՀԴԿ փոխնախագահ Նարինե Դիլբարյանի (լուսանկարում) բնութագրմամբ, որը ներկայացրեց փաստաթուղթը, «Պահանջագիրն» իրականում քաղաքական փաստաթուղթ է՝ իրավական հիմնավորումներով։

«2021 թվականից հետո վարչապետ Փաշինյանի եւ նրա ղեկավարած կառավարության գործունեությունն, ըստ էության, միտված է եղել բոլորովին հակառակ խնդիրների լուծմանը, բայց այդ մասին ԱԺ-ում քննարկում երբեւէ չի ծավալվել։ Այսինքն, ԱԺ-ն երբեւէ չի քննարկել կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու հարցը։ Ուստի, մենք ունենք հիմնավոր պահանջ՝ ճանաչել վարչապետի գործունեությունը եւ կառավարության ծրագրի կատարողականը՝ ծրագրից շեղվող։ Մինչդեռ այդ ծրագիրը Նիկոլ Փաշինյանին եւ նրա ղեկավարած կուսակցությանը բերել էր իշխանության։ Նախընտրական արշավում վարչապետի հնչեցրած խնդիրներն էին, որոնք վերաբերում էին հայկական պետականության եւ քաղաքացիական հասարակության համար վճռական հարցերի։ Դա ամենից առաջ, Արցախին վերաբերվող հարցն է»,- ասաց Նարինե Դիլբարյանը՝ հիշեցնելով, որ կառավարության 2021 թվականի ծրագրում «Արցախ» բառը գրված է, բայց որոշ ժամանակ առաջ այդ անունն արտասանելու համար կառավարության ներկայացուցիչները ներողություն էին խնդրում։

Բանախոսը հիշեցրեց նաեւ Արցախի հարցի կարգավորման մասով այս կառավարության խոստումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի, եռանախագահության կատարած աշխատանքի հիման վրա։ Մինչդեռ այսօր ունենք հանձնված Արցախ։ Նաեւ պետական կառավարման համակարգերի կայքէջերից հեռացված են Արցախին վերաբերող բաժինները, ինչի առիթով անորոշ բացատրություններ են հնչել՝ կայքէջերի թարմացման մասին։

Հաջորդ մեծ խնդիրը տարածաշրջանում դաշնակցային հարաբերություններին է վերաբերում, որտեղ շարժման անդամները նույնպես խնդիր են տեսնում։ Խոսքը՝ ՌԴ-ՀՀ եւ ՀԱՊԿ-ՀՀ հարաբերություններին է վերաբերում։ Դրանք կառավարության ծրագրում երեքական էջով են ներկայացված՝ բարիդրացիական ֆոներով, մինչդեռ այժմ ՀՀ-ՌԴ, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները գտնվում են բացասական սալդոյում, Արցախի հանձնման մեջ ՀՀ իշխանության կողմից մեղադրվում է ՌԴ-ն։

Երրորդ խնդիրը ՀՀ ԶՈՒ մոդեռնիզացնելուն, մարտունակությունը բարձրացնելուն, ՀՀ անվտանգությունը ապահովելուն է վերաբերում։ Մինչդեռ այս ոլորտում էլ ճիշտ հակառակ պատկերին են ականատես․ «Մենք այդպես էլ չենք կարողացել ճշտել, թե մեր պաշտպանական հզորությունն ինչպիսին պետք է լինի»։

Կառավարության ծրագրում խոսվում է նաեւ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ամրացման, զարգացման մասին, բայց այժմ ականատես ենք լինում սահմանազատման-սահմանագծման մի գործընթացի, որի մասին կառավարության ծրագրում ոչինչ չկա, այն փաստացի իրականացվում է ՀՀ օրենքներին եւ Սահմանադրությանը հակասելով ու բացառապես Ադրբեջանի պահանջով։

«Միասին» շարժումն իրավասու է իր կազմած պահանջագիր-փաստաթուղթը ներկայացնելու նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, ԱԱԾ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930