Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԴԱՐԱՆ ՏՎԵՔ՝ «ՕԲՅԵԿՏ» ԲԱՑԵՄ

Մայիս 15,1998 00:00
gradaran

Թե հաշված տարիների ընթացքում հանրապետության մշակութային օջախներին ինչպիսի ճակատագիր բաժին ընկավ, ամենքին է հայտնի։ Մեկեն պարզվեց, որ մենք բոլորովին էլ կարիք չունենք այդքան մեծ թվով կինոթատրոնների, գրադարանների, համերգասրահների, մշակույթի տների, եւ դրանք թեթեւ ձեռքով վերածվեցին շուկաների, վաճառատների, օֆիսների։ Հանրային արժեքները սեփականաշնորհվեցին ու մասնավորեցվեցին այնպիսի հեշտությամբ, ասես վաղն իսկ պատրաստ էին կորսվածը հատուցել էլ ավելի լավով։ «Վերափոխման» տենդով համակվածների համար իրականում արժեք էր ոչ թե մշակույթը, այլ այն զբաղեցնող տարածքը։ Օրինակները բազմաթիվ են, մեկը մյուսից տխուր, մեկը մյուսից ցավալի։ Կան բաներ, որոնք կարծես թե կորցրել ենք անվերադարձ։ Բայց քիչ չեն նաեւ այնպիսիները, որոնք հենց այս պահին հայտնվել են կորստի վտանգի առաջ եւ գոնե դրանք պահպանելու համար ոչինչ երբեք ուշ չէ։

Խոսենք նրանցից մեկի՝ մայրաքաղաքի գրադարանների կենտրոնացված համակարգի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տեխնիկական բաժնի մասին, որի շուրջ ծավալվող պատմությունները չափազանց բնութագրական են թե՛ մշակութային օջախների նկատմամբ վերաբերմունքի եւ թե՛ դա տնօրինող անձերի վարքի դրսեւորման առումով։ Պատմությունը սկիզբ է առել դեռեւս 1996 թ.։ Սեպտեմբերի 16-ին այն օրերի Երեւանի քաղաքապետ Աշոտ Միրզոյանը ստորագրում է թիվ 309 որոշումը, ըստ որի Տիգրան Մեծի 30 հասցեում գտնվող գրադարանը միավորվում է Զեյթունի թիվ 1 գրադարան-մասնաճյուղի հետ, իսկ տարածքը անցնում է քաղաքապետարանի տնօրինությանը։ Այս ձեռնարկը հիմնավորվում էր ոչինչ չասող պնդումներով, որոնք իբր բխում էին ինչ-ինչ սոցիալ-տնտեսական նույնքան կասկածելի ծրագրերի հիմնադրույթներից։ Դեռ նոր էին «ցրցամ տվել», բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Ապրիլին հրապարակվեց կառավարության որոշումը մշակութային օբյեկտները համայնքներին հանձնելու մասին, եւ գրադարանը մեխանիկորեն հայտնվեց Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի տնօրինության տակ։

Թվում էր, հարցն ուր որ է՝ կարելի էր փակված համարել, սակայն Հայաստանում ընդունված տխուր ավանդույթի համաձայն, ոչ թե օրենքները, այլ անձերն են որոշում ամեն ինչ։ Աշոտ Միրզոյանն այլեւս քաղաքապետ չէր, իր տեղը զիջել էր Վանո Սիրադեղյանին, ուրեմն կարելի էր ամեն բան սկսել զրոյից։ Սիրադեղյանի օրոք՝ 1997 թ. դեկտեմբերի 13-ին, թիվ 20/1-Հ-2341 գրությամբ գրադարանի ճակատագրի առնչությամբ հարցում է կատարվում Կենտրոն թաղապետարանին։ Թե ինչու հատկապես Կենտրոն, սա իր հերթին մեծ հանելուկ է։ Իրականում տեխնիկական գրադարանը միշտ եղել է քաղաքապետարանի հաշվեկշռում եւ երբեք որեւէ թաղապետարանի չի պատկանել։ Բայց ուր էր, թե միայն Կենտրոնով ավարտվեր։ Այս թաղապետարանը 1997 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 31/44-125/107 գրությամբ հայտնում է, թե գրադարանի տարածքը Էրեբունու թաղապետարանի հաշվեկշռից ընդունվել է Կենտրոնի թաղապետարանի հաշվեկշիռ, սակայն երկուսի հետ էլ վարձակալության պայմանագիր չի կնքվել եւ տարածքի համար վարձավճար չի մուծվել։

Թե որտեղի՞ց հայտնվեց Էրեբունին, դա էլ նոր հանելուկ է։ Պարզվում է, գրադարանն օրը ցերեկով թափառում է մի թաղից մյուսը, ու ոչ ոք տեր չի կանգնում։ Սակայն վերջին հարցում ամենքն էլ դժբախտաբար սխալվում էին։ Տեր գտնվել էր, այն էլ՝ ոչ պատահական։ Այս մասին մի զեկուցագրով ավետում է հողի, գույքի եւ կադաստրի վարչության պետ Վ. Հարությունյանը, որը իր վարչության անունից «գտնում է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 շենքի 160 քառակուսի մետր մակերեսով ոչ գնահատելի տարածքը անհատ ձեռներեց Ագնեսա Հայոցյանին հատկացնելու հարցը կարելի է ներկայացնել քաղաքապետարանի քննարկման»։ Ձեռներեցի անձի նկատմամբ գրադարանի գոյությամբ շահագրգռվածները ոչինչ չունեն։ Միայն մի աննշան մանրամասն է նրանց անհանգստացնում։ Բանն այն է, որ նույն քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Վ. Հայոցյանը կարծես թե այդ ձեռներեցի խիստ մոտիկ ազգականն է։ Պատահականությո՞ւն է։ Ո՞վ գիտե։

Ասենք, դա չէ էականը, այլ այն, որ որեւէ մեկը չի փորձում գոնե մեկ անգամ անսալ եզակի գրադարանի ճակատագրով անհանգստացողների ձայնը, որոնց դիմում-բողոքները թե՛ քաղաքապետարանին, թե՛ կառավարությանը տասնյակներով կարելի է հաշվել։ Ի դեպ, վերը նշված զեկուցագրում այսպիսի մի տող էլ կար. «Ներկայումս տարածքը չի տնօրինվում, փակ է»։ Սա, մեղմ ասած, ճիշտ չէ։ Մարդիկ կանոնավոր հաճախում են աշխատանքի, փորձում ինչ-որ կերպ պահպանել եզակի գրականությունը։

Հիմա Երեւանը վերստին նոր քաղաքապետ ունի։ Սա չի՞ նշանակում, որ տեխնիկական գրադարանի հարցը դարձյալ պիտի չարչրկվի։ Տեսնես այս անգամ ի՞նչ որոշում կկայացվի։ Ակամա հիշեցինք նաեւ, որ նոր վարչապետը տեխնիկական կրթություն ունի։ Իսկ իբրեւ վերջաբան մի փոքրիկ տեղեկանք. «նախկինում քաղաքապետարանին պատկանող շուրջ 40 գրադարան-մասնաճյուղերից մնացել է ընդամենը 8-ը։ Հավանաբար, արժե երբեւէ մի հպանցիկ հայացքով ստուգել, թե մյուսներին ինչ ճակատագիր է բաժին ընկել»։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031