Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղն ու Նախիջեւանը նույն նժարի՞ն

Հուլիս 11,1998 22:56
njar

Ադրբեջանի խորհրդարանում վերջերս բավականին բուռն քննարկումներ էին ընթանում Նախիջեւանի ինքնավար հանրապետության սահմանադրության նախագծի ընդունման շուրջ։ Բանն այն է, որ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն այն կարծիքն էին հայտնում, թե Նախիջեւանի սահմանադրության ընդունումը որպես Ադրբեջանի սահմանադրության լրացում կարող է նախադեպ դառնալ, եւ հետագայում Ադրբեջանի խորհրդարանը ստիպված կլինի նույն կերպ «որպես լրացում» ընդունել նաեւ Լեռնային Ղարաբաղի սահմանադրությունը։ «Այդ դեպքում,- նշել է ընդդիմադիր պատգամավորներից մեկը,- Ադրբեջանի սահմանադրությունը կազմված կլինի երեք անկախ մասերից, ինչն անհնար է ունիտար երկրում»։

Եվ այնուամենայնիվ Ադրբեջանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Նախիջեւանի սահմանադրությունը որպես լրացում ընդունելու որոշումը, եւ ներկայումս նախագահ Ալիեւը պետք է վավերացնի այն։ Դրանից հետո վեցամսյա ժամկետում խորհրդարանը պետք է կրկին անգամ քվեարկի։ Ըստ Նախիջեւանի ինքնավար հանրապետության սահմանադրության նախագծի, Նախիջեւանն Ադրբեջանի անբաժան մասն է։ Իշխանության բարձրագույն մարմինը խորհրդարանն է, որն ընտրվում է 5 տարի ժամկետով եւ ունի 45 պատգամավոր։ Նախիջեւանի բարձրագույն պաշտոնյան խորհրդարանի նախագահն է, որը միաժամանակ Անվտանգության խորհրդի նախագահն է, իրավունք ունի ցրել կառավարությունը, եւ այլն։ Բնականաբար, Նախիջեւանի ինքնավար հանրապետության (ի դեպ, նախագծում օգտագործվում է նաեւ «ինքնավար պետություն» արտահայտությունը) տարածքում գերակայում են Ադրբեջանի օրենքները։

Այլ կերպ ասած, Նախիջեւանի անջատողականության մասին խոսք անգամ լինել չի կարող, եւ հասկանալի չէ, թե Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ինչու է տագնապ բարձրացնում։ Որեւէ կերպ հիմնավորված չեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված «մտավախությունները»։ Ինքնին հասկանալի է, որ ադրբեջանական խորհրդարանը շատ կցանկանար Լեռնային Ղարաբաղի սահմանադրությունը նույնպես ընդունել որպես լրացում Ադրբեջանի սահմանադրության՝ շատ ավելի «բարձր ինքնավարության» կարգավիճակով։ Եվ քանի որ սա շատ լավ հասկանում են նաեւ Ադրբեջանի խորհրդարանում, մնում է ենթադրել, որ այս ամբողջ «բեմադրությունը» երկու նպատակ է հետապնդում։

Առաջին՝ ընդդիմությունը պարզապես նոր ընտրություններից առաջ «ղարաբաղյան սպառնալիքի» շահարկմամբ միավորներ է հավաքում։ Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է աշխարհին ցույց տալ, թե նույնիսկ Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելը Ադրբեջանի իշխանությունների համար լուրջ զիջում է, քանի որ ընդդիմությունը եւ ժողովուրդը դեմ են դրան։ Նման պարզունակ քարոզչությունն, իհարկե, կարող է թյուրիմացության մեջ գցել թերեւս միայն սեփական ժողովրդին։ Համենայնդեպս, Ղարաբաղը Նախիջեւանի հետ կշեռքի նույն նժարին դնելը որեւէ կերպ չի համապատասխանում ներկայումս ստեղծված իրավիճակին։ Թերեւս 1988-89 թվականներին դա մի կերպ հասկանալի կլիներ։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031