Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարաժամկետ խոստումներ հատկացումների փոխարեն

Հուլիս 21,1998 02:14

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքում հուլիսի 18-ին տեղի ունեցավ երկրաշարժ, որից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, տուժեց տարածաշրջանի 17 բնակավայր, վնասվեց 5120 առանձնատուն, 149 սոցիալ-կենցաղային օբյեկտ, 6846 օժանդակ
կառույց ու շինություն։ Ստեղծված ՀՀ կառավարական հանձնաժողովի գնահատմամբ պատճառվել էր 15,2 մլրդ դրամի վնաս, որից 10,7-ը՝ ազգաբնակչությանը։ Հաջորդ ձեռնարկն այն էր, որ ստեղծվեց նույնիսկ «Երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով տարերքից տուժածների հիմնադրամ», որը կոչ արեց հայկական 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ պետությունների քաղաքացիներին՝ «մարզից դուրս ապրող բոլոր նոյեմբերյանցիներին, իջեւանցիներին, տավուշցիներին, դիլիջանցիներին», դրամ փոխանցել։ Հավուր պատշաճի խոստումներ էլ եղան, թե կարճ ժամանակամիջոցում կվերականգնվեն տները, կարվեն նյութական հատկացումներ, ինչով էլ պայմանավորվեց գյուղապետարաններից մարզպետարան առ այսօր շարունակվող թղթահավաքը։

Լավ էր դեռ, որ հանրապետության մի քանի օրաթերթերում («Առավոտ», «Մոլորակ», «ՀՀ») այն ժամանակ կային ծագումով նոյեմբերյանցի մի քանի լրագրողներ, թե չէ, Սահմանադրության օրվա պես կմոռացվեին ե՛ւ հուլիսի 18-ը, ե՛ւ աղետի գոտին, ե՛ւ աղետյալները։ Տավուշի մարզում տուժեց հատկապես Նոյեմբերյանը, սակայն առաջին իսկ օրվանից հասարակությունն ապակողմնորոշվեց, քանի որ հայտարարվեց, թե էպիկենտրոնը գտնվում է Իջեւանից 10 կմ հյուսիս, այն դեպքում, երբ էպիկենտրոնը Նոյեմբերյանից 10 կմ հյուսիս էր…

Վնասվել էին Կողբ, Բերդավան, Դովեղ գյուղերն ու կից բնակավայրերը։ Միայն Նոյեմբերյանում 490 սեփական տուն 3-րդ կարգի էր, ենթակա վերականգնման, 215-ը՝ 4-րդ կարգի, ենթակա քանդման։ Բերդավանում, օրինակ, 3-րդ կարգի վնասվածք էին ստացել 346-ը, 4-րդ կարգի՝ 378-ը, 5-րդ կարգի՝ 4-ը։ Կողբ գյուղում վնասվել էր տների ավելի քան 80 տոկոսը։ Սակայն ավելի խոսուն կարող է լինել իմ զրուցակիցների պատասխանը մի հարցի. «Աղետից հետո ի՞նչ է արվել»։

– 6000 դրամով 2 պարկ ալյուր տվեցին, այն էլ սեպտեմբերին, երբ Մովսիսյանը (կառավարության միակ անդամն այն ժամանակ – Ռ. Մ.) եկավ աղետի գոտի, այն էլ տրվեց ուշացումով նախագահական այս տարվա ընտրությունների շեմին։

– Նախկին վարչապետևներկայիս նախագահը աղետից հետո հանդիպում ունեցավ Բագրատաշենում, վրաց ղեկավարության հետ՝ չայցելելով աղետի գոտի։ Եվ միայն իր ընտրությունների 2-րդ փուլից առաջ եղավ այնտեղ՝ խոստանալով, թե 500 մլն դրամ այս տարվա բյուջեից կտրվի 4-րդ, 5-րդ աստիճանի վնասվածության տների բնակիչներին (ի դեպ, այդ կարգի վնասվածության տները պիտի քանդվեին եւ նորը կառուցվեր – Ռ. Մ.)։ Առ այսօր դրամը տեղ չի հասել։

– Անցյալ տարվա վերջին, հանրապետության 1998թ. բյուջեն հաստատելու ժամանակ նույնպես 400 մլն դրամ էր նախատեսվել, որպեսզի տրվեր աղետի վնասները վերացնելու համար։ Մի նոր նախագահական ընտրություննե՞ր են պետք, որ, ալյուրի պես, սա էլ բաշխվի, թե՞ մենք իզուր հավատացինք նախագահության թեկնածու Ռ. Քոչարյանի 500 մլն դրամի վարկի խոստումին, 2-րդ փուլում մեր ձայնը տալով նրան (ինչի շնորհիվ նա կարողացավ հաղթել Նոյեմբերյանի շրջանում (նախորդ 30%-70%-ը դարձավ 70%-30% – Ռ. Մ.)։

– Վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթերը կազմեցինք, գյուղապետարաններից տվին մեզ, մենք էլ դատարկ գրպաններով հասանք Իջեւան, հանձնեցինք մարզպետարանին այն հույսով, թե վարկը կստանանք։ Առ այսօր դեռ սպասում ենք…

– Իմ կարծիքով, հողի եւ այլ հարկեր հավաքելու միջոց էր, որովհետեւ, ինչպես բացատրեցին, մինչեւ այդ հարկերը մուծած չլինենք, մեզ անհրաժեշտ փաստաթղթեր չեն տալու։ Փաստորեն, պարտք անելով, մենք այդ հարկերը մի կերպ մուծեցինք այն հույսով, որ ինչպես մարզպետ Պավլիկը խոստացավ, յուրաքանչյուրին 2,5 մլն վարկ է տրվելու, 10 տարով։
Իմ այն հարցին, թե իսկապե՞ս ոչինչ չի արվել, զրուցակիցներիցս մեկը պատասխանեց.

– Ինչ-որ չափով վերականգնվել են դպրոցները, շրջանային հիվանդանոցը։ Բայց չէ՞ որ դրանք պետական օբյեկտներ են, եւ պետության պարտավորությունն էր։ Իմ կարծիքով, այդ բոլորի համար մի 200 մլն դրամ էլ չի ծախսվել։ Փորձեք ասել 15 մլրդ դրամ ու կողքին էլ՝ 200 մլն…

-Շատերը պատճառաբանում են, թե զոհեր չեղան, դրա համար էլ օգնություն չեն տալիս։ Ամառվա տապին ինքն իր հույսին ապրող ո՞ր գյուղացին պիտի դաշտը թողած իր տանը լիներ ու դեռ զոհվեր էլ… Բացի դա, մոռացե՞լ եք, որ 88-ին մեր տիպի տները չփլվեցին (Գյումրի-Սպիտակում), ծածկն ու հատակը փայտաշեն էր, եւ մեծ ավերածություններ չեղան։ Ես չեմ հավատում, թե մի բան կտան…

– Ես էլ չեմ հավատում, որ օգնելու են, որովհետեւ երկրաշարժը մեր քթի տակ էր եղել, բայց պաշտոնական աղբյուրները Իջեւանի ինչևոր տարածք էին մատնանշում, հայտնելով, թե այն տեղի է ունեցել Իջեանից 20 կմ հեռավորության վրա, փոխարենը նշեին՝ Նոյեմբերյանում։ Դրան գումարած, սկզբից 3 բալ էին ասում, մինչեւ որոշեցին կանգ առնել իրական 7և8 բալի վրա։ Ընդհանրապես, երկրաշարժից հետո առ այսօր նկատվում են ցնցումներ…

– Այդ ինչպես է, որ պետությունը հարկերի, ընտրությունների ժամանակ մեր տեղը հիշում է, որ մենք իր քաղաքացիներն ենք, իսկ իր պարտավորությունների ժամանակ մոռանում է մեզ։ Թե լսել են, որ Նոյեմբերյանում խելոք ժողովուրդ են եւ որ կհաշտվեն վարկերը չտալու հետ էլ։ Եթե վարկերը չտվեցին, մենք մի այնպիսի անկանխատեսելի քայլ ունենք, որ ստիպված կլինեն մեր չակերտավոր իշխանավորները դարձյալ հիշել մեզ։
Իմ այն հարցին, թե նրանք ի՞նչ կարող են անել, իմ ագրեսիվ խոսակիցը պատասխանեց.

– Կարող ենք կիրառել «ոչ մեզ, ոչ ձեզ» սկզբունքը։ Ասենք, ածխահատների պես շրջափակել Այրումի երկաթուղին։ Բարեբախտաբար, այն նույնպես մեր շրջանում է գտնվում…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նոյեմբերյան-Երեւան

Հ.Գ. Ես խոստացա մինչեւ հուլիսի 18-ը չտպագրել այս հոդվածը։ «Տեսնես մեզ հուլիսի 18-ին կհիշե՞ն»,- հարցնում էին նրանք եւ հավատացնում, որ չեն հիշելու… Այդպես էլ եղավ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031