Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չորցած ես, լճակ, Ու չունես ոչ մի ալյակ

Սեպտեմբեր 09,1998 00:00
jur

Դժբախտաբար, այսօր Երեւանի շատրվանների, լճերի մեծ մասը, նույնիսկ քաղաքի կենտրոնում, անգործության են մատնված։ Օղակաձեւ այգին, որն սկսվում է Մանկական երկաթգիծ մտնող թունելից, շարունակվում, ավարտվում է վերնիսաժով, հարուստ է շատրվաններով ու լճակներով։ Սակայն դրանցից եւ ոչ մեկը չի գործում։ Դրանք դարձել են աղբանոցներ, քարուքանդ արված բետոնախորշեր, ուր ջրի հետք անգամ չի եղել վերջին մի քանի տարիներին։ Ավելի անմխիթար վիճակում են համեմատաբար մեծ լճերը։

Էլեկտրալամպերի գործարանի հարեւանությամբ գտնվող արհեստական լիճը կառուցվել է 65-70-ական թվականներին։ Երկար տարիներ լիճը գտնվում էր բարվոք վիճակում։ Ջուրը մաքուր էր, անընդհատ փոխվում էր, հետեւում էին ինչպես ջրի, այնպես էլ շրջապատի մաքրությանը, աշխատում էին նավակները։ Ի՞նչ է կատարվում այսօր։ Լիճն ամբողջովին անուշադրության է մատնված։ Այն այնպես է մամռապատվել, եւ ջուրն այնքան կեղտոտ է, որ հատակը չի երեւում։ Նույնիսկ կենցաղային, շինարարական աղբն է թափվում լիճ մտնող ջրի մեջ։

-Մի ժամանակ նույնիսկ կոյուղիների խողովակները պայթել էին, կեղտաջրերը լցվում էին լիճը,- ասում են մոտակա շենքերի բնակիչները։ Խոր տեղերում այնքան տիղմ է կուտակվել, որ նույնիսկ լողալու համար դարձել է վտանգավոր։ Իսկ ջրի կեղտոտությունն ու կուտակված տիղմն ամեն րոպե կարող են հիվանդության, վարակի աղբյուր դառնալ։ Պատահական չէ, որ լողացող երեխաներից մեկի մարմնի վրա կարմիր բշտիկներ էին առաջացել։ Ասում են՝ սիգ ձուկը տիղմի թշնամին է։ Թոխմախում դրանով մամուռը վերացրին։

Մի ժամանակ հատակը մաքրում էին, ասֆալտապատում, անցքերը փակում։ Ջուրն այնքան մաքուր էր, որ երեխաները սիրով էին լողում՝ ի՞նչ հիվանդություն, ի՞նչ բան։ Մի ժամանակ այս լճից է սնվել նաեւ ֆրեզերային հաստոցների գործարանի մոտի կամրջի կողքին գտնվող արհեստական լիճը։ Սակայն այսօր այդ արհեստական լճում ոչ միայն ջուր չկա, այլեւ այն դարձել է աղբանոց, գարշահոտության աղբյուր։ Ասում են, թե փակել են այդ լիճը մտնող ջրի ճանապարհը, որպեսզի այն օգտագործեն ոռոգման նպատակների համար։ Բայց ի՞նչը կխանգարեր, եթե ջուրը լցվեր լիճը, ապա դուրս գալով ծառայեր ոռոգման նպատակներին։ Մի ժամանակ այս ջրով է սնվել նաեւ Վարդավառի (նախկին Թոխմախի) լիճը։ Այդ լիճն էլ է այսօր դատարկ։

Ինչ փույթ, որ լճի եզրին կանգնած հուշակոթողը վկայում է, որ այն կառուցել է Արգիշտի 1-ին թագավորը, տուֆակերտ խողովակներով խմելու ջուր է տարել, իսկ ոռոգելու համար առուներ հանել։

-Հույսներս չենք կորցնում,- ասում է քաղաքացիներից մեկը,- երեւի մինչեւ Էրեբունի-Երեւան տոնակատարության օրը լիճը ջրով լցվի։ Վաղուց դադարել է նպատակին ծառայելուց նաեւ երկաթգծի վարչության դիմացի «լիճը»։ Նույնիսկ քաղաքի կենտրոնում գտնվող Կարապի լիճն է կորցրել իր վաղեմի հմայքը։ Թվում է՝ ջուր է հոսում դեպի լիճը, սակայն հատակին այնքան տիղմ ու կեղտ է կուտակվել, որ կարապները վաղուց «խռովել-գնացել» են։ Գոնե ամռան ամիսներին պետք է աշխատեցնել արհեստական լճերն ու շատրվանները՝ օդը փոքր-ինչ զովացնելու համար։

ԿԱՌԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930