Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆ ՍԵՐ ԼԻՆՈՒՄ Է ՏԱՐԲԵՐ»

Հոկտեմբեր 08,1998 00:00
Robert Qocharyan

Ռոբերտ Քոչարյանը Էրեբունի ամրոցում եղել էր դեռ «կոմունիզմի ժամանակ», հավանաբար՝ դպրոցական տարիքում, իսկ երեկ արդեն իբրեւ ՀՀ նախագահ՝ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Էրեբունու թանգարան, հանրապետական մարզադաշտ եւ երկու բնակելի կիսակառույց։ Էրեբունի բլուր բարձրացանք մեքենաներով եւ իջանք ոտքով։ Բուռն շինարարական եւ նախապատրաստական աշխատանք էր ընթանում։ Նախագահի եւ քաղաքապետի հետ մի լավ փոշոտվեցինք։ Բազմաթիվ դպրոցականներ կային այնտեղ. եկել էին հավանաբար նախագահին տեսնելու։ Քաղաքապետը որոշեց երեխաների հետ խոսել. «Էս դասից փախե՞լ եք»։ «Հա», իրենցից գոհ փաստեցին տղաները։ Ինչ-որ մեկը որոշեց առանձնանալ. «Գոնե նախագահի մոտ մի ասեք, որ փախել եք»։ Նախագահն իր զննումներից հետո առաջարկեց. «տաբլիչկաներ» (ցուցատախտակներ) կախել, որ եկող մարդիկ իմանան, թե ի՞նչ են դիտում։ Քաղաքապետը, Էրեբունի համայնքի ղեկավար Խրիմյանը եւ մյուսները անմիջապես խոստացան, թե կկատարվի։

Սեւ փիսիկը նախագահի ճամփան չկտրեց

Մինչ նախագահին ուղեկցող բազմությունը շտապ-շտապ իջնում էր սարն ի վար, մի փոքրիկ, սեւուկ փիսիկ այսքան ոտքեր տեսնելով, մի փոքր խեղճացած կծկվել էր աստիճաններից մեկի տակ։ Մի պահ փիսիկը ուզեց փախչել-հեռանալ այս ոտքերի տարափից, բայց միտքը փոխելով, կուչ եկավ։ Նախագահի ճամփան սեւ կատուն չկտրեց։ Թանգարանի աշխատակիցները մի լավ մաքրել-սրբել էին հատակն ու գորգը։ Քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն այդ մասին ասաց. «Արյան գնով մաքրեցին»։ Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատեց. «Հիմա պիտի պահել։ Այ, միշտ ըտենց ա լինում, որ 10 տարի բան չես անում, վերջում…»։ Նախագահը բավականին ուշադիր զննեց պատմական հայտնի արձանագրությունը, հետաքրքրվեց՝ «սա օրիգինա՞լն է»։ Իհարկե, «օրիգինալն» է։ Ընդհանրապես Էրեբունի թանգարանում բոլոր նմուշները պատմական արժեքներ են։ Միջնաբերդում հայտնաբերվել են 23 սեպագիր արձանագրություններ։

«Ուրեմն միայն կոնյա՞կը չէ ազգային արժեք»

Թանգարանի տնօրենը խիստ հանգամանալից ներկայացնում էր, թե ինչպես Քսենոփոնը ճանապարհորդելով Ուրարտու թագավորության տարածքներում, նկատել է մի հեղուկ, որի վրա գարու հատիկներ կային, եւ որն այնքան թունդ էր, որ խմելուց առաջ մարդիկ ջուր էին խառնում։ Նախագահն անմիջապես նկատեց. «Գարեջո՞ւրն էր, ուրեմն միայն կոնյա՞կը չէ ազգային հարստություն»։ Չգիտես ինչու, հիշվեց նաեւ «Կոտայքը»։ Իսկ Էրեբունի համայնքի ղեկավար պրն Խրիմյանը լուրջ փաստարկ ուներ. «Եթե ջուր են խառնել, ուրեմն գարեջուրը չէր»։ Այս պարագայում չէր խանգարի, որ հանգուցյալ Քսենոփոնը նոր խոսք ասելու հնարավորություն ունենար։

«Այդքան աստվածներին ո՞նց են գովաբանել»

Ներկայացնելով ցուցափեղկերից մեկը, թանգարանի տնօրենը հիշեցրեց, թե ուրարտացիները 90 աստծո են երկրպագել, եւ նրանցից գլխավորը եղել է Խալդի Աստվածը։ Այստեղ նախագահն, իրոք, զարմացավ. «Ո՞նց էին այդքանին գովաբանում, մենք մի քանի քաղաքական գործիչ ունենք…»։ Իսկ տնօրենը գիտական բացատրություն տվեց եւ ահա թե ինչ ստացվեց. «Նրանք աստվածներ էին, մեղքից դուրս էին»։

Լրագրողների «ստանդարտ» հարցը

Ազգային ռադիոյի աշխատակիցը փորձեց իր «ճարպկությամբ» աչքի ընկնել եւ առաջին հարցը տալ։ Իսկ երբ սկսեց, ամեն ինչ արդեն ասված էր. «Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը»։ ՀՀ նախագահն ակնհայտորեն հարցի գինը գիտեր. «Ստանդարտ հարց ունեն մեր լրագրողները՝ ինչպիսի՞ն է տպավորությունը։ Շատերն արդեն չեն հարցնում» (եւ ժպտալով նայեց ներկաներին)։ Լրագրողներին այդպիսի խայտառակության ենթարկելուց հետո նախագահը շարունակեց. «Ամեն ժողովուրդ իր պատմությունը պետք է միշտ հիշի եւ հարգի։ Իհարկե, դժվար տարիներ էին այս անցած 10 տարիները, բայց, այնուամենայնիվ, երեւի նման արժեքների նկատմամբ ուշադրություն պետք է լինի, եւ փորձում ենք հիմա նման տոների միջոցով վերականգնել մեր տրամադրությունն ընդհանրապես»։

«Առավոտի» հարցերը

Թեպետ քիչ առաջ լրագրողներիս ոնց որ պետք էր՝ հասավ, եւ իմ գործընկերները մի պահ վարանեցին՝ հարց տա՞լ, թե՞ չէ, սակայն «Առավոտը» չէր կարող չհարցնել. «Պարոն նախագահ, դուք այսօր եկաք Էրեբունի թանգարան, որպեսզի տեսնեք, թե ի՞նչը չի արվել։ Իսկ տոնակատարությանը չե՞ք մասնակցելու»։ ՀՀ նախագահն «Առավոտին» այսպես պատասխանեց. «Տոնակատարությանը մասնակցելու եմ, իսկ այս ամեն ինչը արվում է քաղաքապետարանի ղեկավարության տակ։ Ես այսօր մի քիչ տուրիստական նպատակներով եմ եկել։ Իսկապես այս գործը կազմակերպելիս, օրինակ, իմ համար որեւէ գլխացավանք ոչ ոք չի ստեղծել։ Նախաձեռնությունը ժողովրդի կողմից է եւ քաղաքապետարանը, թաղապետարանը գործերը, կարծում եմ, շատ լավ կազմակերպեցին, առանց ավելորդ աղմուկի, առանց որեւէ ավելորդ ռեկլամի»։

Հարց, որն առանց հետին մտքի վերագրվեց նախագահին

Մի պահ մեզ թվաց, թե նախագահը ուղեկցող դպրոցականներին հարցրեց դասից փախչելու մասին. «Դուք երեխաներին հարցնում էիք՝ փախե՞լ են դասից։ Հետաքրքի՞ր է, Դուք երբեք չե՞ք փախել»։ «Ես չեմ ասել, ես չեմ ասել, այ, այդպես է, գիտե՞ք, մեկը մի բան կասի, մեղքը կգցեն նախագահի վզին»։ Սա էր նախագահի պատասխանը, իսկ հարցը տվել էր քաղաքապետը, եւ նախագահի կարծիքով. «Ինքը հաստատ փախել է»։ Իմացանք նաեւ, թե «ո՞նց կարող է, նախագահն իրավունք չունի նաեւ երեխա ժամանակ»։ «Ես լավ էի սովորում, դուք ասում եք՝ փախե՞լ եք»։ Սակայն խոստովանվեց նաեւ, թե մեկ-մեկ փախել է։

Մարզադաշտը՝ հանրապետական կառույց

Հանրապետական մարզադաշտը (նախկին՝ «Դինամո») այսուհետ Երեւանի քաղաքապետի որոշմամբ կհայտարարվի հանրապետական կառույց։ Նախագահը, քաղաքապետի ուղեկցությամբ, եղավ նաեւ այստեղ։ Ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին զբաղված է մարզադաշտի վերականգնողական աշխատանքներով, սակայն ակնհայտ է, որ այստեղ լուրջ ներդրումներ են հարկավոր։ ՀՀ նախագահը կարծես թե այլ բան առաջարկեց. «Կառույց, որը հետագայում բիզնեսի հեռանկար ունի, չպետք է կառուցվի բարեգործական միջոցներով»։ Քաղաքապետը մտադիր է մեկ տարվա ընթացքում կառույցը վերակենդանացնել եւ «Հայաստանի ու Ֆրանսիայի խաղն այստեղ անցկացնել, դուք էլ (ՀՀ նախագահ Մ. Ե.) Շիրակին կհրավիրեք»։ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե համաձայն էր՝ «լավ»։ Այսօր հանրապետությունը եվրոպական չափանիշներին համապատասխան որեւէ մարզադաշտ ունի՞։ Հավանաբար, սա կլինի առաջինը. «Թափով սկսել ենք, տա Աստված, որ ամեն ինչն էլ թափով վերջացնենք։ Նեղն ընկնեմ, Ձեր օգնությանն եմ դիմելու, պարոն նախագահ»։ Այս կառույցի վերականգնողական աշխատանքում որոշակի դեր հատկացվեց նաեւ լրագրողներիս. «Լրագրողները պետք է կարողանան բարի հասարակական կարծիք ստեղծել, որովհետեւ ունեցած գումարներով մինչեւ հաղթական ավարտ ես վախենամ ուժս չպատի։ Բայց որ կողքից օգնեն, գան…, խանդավառությամբ, սիրով պետք է կառուցվի այս մարզադաշտը»,- ասաց քաղաքապետը։

Դավթաշենի կամրջի մասին՝ հատուկ կարգով

Դավթաշենի կամրջի շինարարությունն ընթանում է մեծ թափով։ Երբ այս մասին վկայեցի, ներկաները՝ մասնավորապես քաղաքապետն, ասաց. «Եթե «Առավոտն» է վկայում, ուրեմն գործերն, իրոք, ընթանում են»։ Նախագահն անչափ կարեւորում է այս կամրջի շինարարությունը, նա գիտի, որ «բոլորն անպայման իրենց պարտքն էին համարում հայտարարել, թե կամուրջը կառուցելու են»։

Կամրջի կառուցման վերաբերյալ

Երկու խոստում կա. մեկը նախագահինն է՝ ֆինանսավորման հարցերը լուծել, եւ «լուծում ենք», մյուսը կառուցողներինն է՝ եկող տարվա դեկտեմբերին կամուրջը պատրաստ կլինի։ Իսկ նախագահը. «մեքենայով ես եմ առաջինը կամրջով անցնելու»։ «Մենք Ձեր հետեւից կգանք»,- չդիմացա ես, նախագահն էլ անհանգստացավ. «Հանկարծ առաջ չընկնեք»։ Նույն օրը մի առիթով Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Առանց հումորի զգացումի լրագրողն ահավոր բան է»։ Մեր հերթին ավելացնենք՝ առանց հումորի զգացումի պաշտոնյան՝ ավելի։

Նախագահի կարծիքը կառավարության մասին

«Հիմա համաշխարհային տնտեսության 42 տոկոսը ճգնաժամի լուրջ ազդեցության տակ է։ Եվ այս պայմաններում, այս փորձությունը, մենք փաստորեն պատվով ենք անցնում, եւ եթե հաջողվի նաեւ մյուս բյուջեում լուրջ աճ նախատեսել, նման ճգնաժամային վիճակում դա լավագույն գնահատականը կլինի կառավարությանը։ Ով ինչ ուզում է ասի՝ ԱՊՀ երկրներից ոչ մի երկիր էս ռուսական ճգնաժամի ազդեցությունը էս ձեւով չի տարել։ Եվ սա չգնահատել ու խոսել, որ կառավարությունը չի աշխատում, կամ չգիտի ինչ է անում, ուղղակի անգրագիտություն է»։

Շենք, որին սպասում են 12 տարի

Այցելելով Սպորտինտեր-Կուզնեցով թիվ 1-2 կիսակառույցները, նախագահը խոստացավ. «Ինչ որ պոչեր կան՝ պոչերը մաքրելով կգնանք»։ Իսկ սա նշանակում է, թե կիսակառույցներն ու պետության բնակարանային պարտքը քաղաքացիներին կվերադարձվի։ Երեւանցին իր քաղաքում գաղթականի վիճակում է հայտնվել այդ պարտքերի պատճառով. «Եթե ունենք պարտավորություններ, ուրեմն պետք է կատարենք»,- խոստացավ նախագահը։

Իսկ պետությունը պարտավորություններ ունի

Երեւան քաղաքի 2000-ից ավելի վթարային շենքերում ապրող ընտանիքների, 457 նորակառույցների սպասող ընտանիքների, շուրջ 3 հազար բնակարանային հերթում գտնվողների հանդեպ։ Սա դեռ բնակարանային ոլորտում։

Հարց՝ փոշոտվելու մասին

Այս ամբողջ պտույտի ընթացքում նախագահը, քաղաքապետը, լրագրողները եւ այլ պաշտոնատար անձինք մի լավ փոշոտվեցին։ Չհասցրի վերջին հարցը տալ նախագահին, եւ պարզել, թե վերջին անգամ ե՞րբ է այդպես փոշոտվել։ Քավ լիցի, մի՞թե հնարավոր է բոլոր հարցերը տալ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ.Գ. Իսկ Էրեբունի-Երեւան տոնակատարության օրը Մենուայի որդի Արգիշտիի դերակատարումը վստահված է նկարիչ Վարուժան Վարդանյանին, ոմանց կարծիքով՝ նա իր արտաքին տեսքով շատ է համապատասխանում այդ դերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031