Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՐԵՐՆ, ԱՅՈ՛, ՇՈՒՌ ԵՆ ԵԿԵԼ

Հոկտեմբեր 08,1998 00:00
hogevorakan

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդարանում մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալուց հետո պարզվեց, որ մամուլի ներկայացուցիչներին հոգեւոր հայրերն էլ հարցեր ունեն տալու։ Այստեղ միայն պարզ դարձավ, թե ինչու այդ օրը մամուլի միակ ներկայացուցչի՝ «Առավոտի» թղթակցի մուտքը թեմի քահանաների ժողովին տարակուսելու առիթ տվեց։ Ժողովից հետո նրանցից մեկն ասաց, թե ինքն էլ էր զարմացել՝ «ինչո՞ւ էին այդ աղջկան ուղարկել»։

Իսկ «այդ աղջիկը» (իմա՝ Արեւհատ Գրիգորյանը) հասկացավ, որ հոգեւոր հայրերը բավական մարտական են տրամադրված եղել, սպասել են շատ ավելի «ծանր քաշային» պատասխանատուի ու հիմա, մեղմ ասած, հիասթափված են ինչ-որ աղջկա տեսնելով։ Սակայն դա չխանգարեց, որ նրանք արագ վերագտնեն իրենց «մարտական ոգին» եւ անցնեն «գրոհի»։ Ասենք, որ մեր՝ «դիմակայելու» պատրաստակամությունն իմանալուց հետո։ Մի քանի րոպեից «Առավոտի» թղթակիցը նկատեց, որ ժողովը վերածվել է մամուլի ասուլիսի եւ որ, ո՜վ զարմանք, ինքն է ասուլիս տալիս։ Իսկ մեր հոգեւոր հայրերն էլ, բնականաբար, չունենալով «ասուլիսը»-ը սղագրելու եւ այդ մասին գրելու հետագա մտահոգությունը, հարցեր էր, որ տալիս էին, ընդ որում՝ ոչ միշտ տեղին եւ ճիշտ հասցեով։ Ի դեպ, չէին էլ ներկայանում, կարծես մենք պարտավոր էինք ճանաչել բոլորին անուն առ … ներեցեք, դեմք առ դեմք։

Նշենք, որ ժամանակ առ ժամանակ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը ընդմիջում էր «հարց ու պատասխանին», երբեմն ավելի հստակ ու հասկանալի ձեւակերպում տալու հնչած հարցերին, երբեմն էլ պատասխանելու այն հարցերին, որոնք իրեն կամ առնվազն ոչ ինձ պիտի տրվեին։ Եվ այսպես, «ասուլիս» հրավիրելու շարժառիթը հարց տվողները ձեւակերպեցին այսպես. «Տարաբնույթ եկեղեցական հարցերի շուրջ տարաբնույթ հոդվածներ են տպվում, եւ շատ հաճախ այդ հոդվածները գրողներն անտեղյակ են եկեղեցու ներքին կյանքին եւ նյութին չեն տիրապետում»։ Ասենք, Գրիգոր Լուսավորիչին 13-րդ դար են տեղափոխել։ Հետո շատ ավելի հեռվից սկսեցին։ Մասնավորապես հիշատակվեցին կոմունիստական տարիները, երբ թերթերի առաջին էջերի շնորհիվ ճանաչում էինք սոցմրցության հերոսներին։ Իսկ հիմա թերթերը «ամենավատն են տեսնում, ամենալավը չեն տեսնում, ավելի շատ են բացասական մոտեցումները»։

«Առավոտի» մասին ասվեց, որ այն «շատ լավ թերթ է՛ր», բայց վերջերս չի լինում կարդալ, որովհետեւ առողջ քննադատությունը բացակայում է, փոխարենը հոգեւոր հայրերը նկատում են որոշակի տրամադրվածություն, ոչ միայն իրենց ոլորտի, նաեւ իշխանությունների, ուրիշ հիմնարկների նկատմամբ։ Ավելին՝ «անընդհատ ստեղծում է «բոբոյի» կերպար. այս նախարարությունում ոչ ոք չի աշխատում»։ Հետո միանգամից անցում կատարվեց «Առավոտի» մի հրապարակման անպատշաճ վերնագրին։ Այդ առթիվ խորհուրդ տրվեց խմբագրակազմին՝ «նախ անդրադառնալ՝ ինչ կարելի է, ինչ սահմաններում կարելի է թույլ տալ»։ Առանց սպասելու պատասխանին, տրվեց մյուս հարցը. «Երբ սկսում եք մեղադրել, որ քահանաները արարողության համար սակագին են դնում, տգեղ է, դուք ունե՞ք որեւէ փաստ, թե՞ չունեք»։

Գարեգին սրբազանը պարզաբանեց իր հերթին. «Քահանաների ասածն այն է, որ ընդհանրացնում են»։ Այսինքն՝ եթե գրվում է, որ որեւէ քահանա որեւէ արարողության ժամանակ կաշառք է վերցրել, անհրաժեշտ է նշել այդ քահանայի անունը, որպեսզի հոգեւոր առաջնորդը կարողանա նրան պատասխանատվության ենթարկել։ Եվ երբ այսպես է գրվում, Հայ առաքելական եկեղեցու սպասավորների մոտ ստեղծվում է այն տպավորությունը, որ դրանք «աղանդավորների կողմից հրահրված հրապարակումներ են»։ Հավաստիացումները, թե, համենայնդեպս, ինձ ծանոթ լրագրողների մեջ աղանդավորներ չկան, նրանց պատվերը կատարողներ չկան, մի քահանայի կասկածը հարուցեցին, եւ նա երկու-երեք անգամ այդ հարցը տարբեր մետամորֆոզներով տվեց։ Մամուլի միակ ներկայացուցիչը այս տարափից հետո նկատեց, որ եթե հարցեր են հնչում, լավ կլինի ինքն էլ պատասխաններ տա։

Եթե լրագրողը որեւէ արարողության ժամանակ պատահաբար վերեւում նկարագրված փաստի է ականատես եղել, եւ նա այդ փաստը հաստատող որեւէ ապացույց չունի, բնականաբար, չի կարող կոնկրետ անուններ տալ։ Բայց զրկված էլ չէ այդ դեպքը անորոշ կերպով, առանց անունների հրապարակելու իրավունքից՝ երեւույթի գոյության մասին ահազանգելու նպատակով։ Գարեգին սրբազանը պնդեց, որ նույնիսկ այդ դեպքում անհրաժեշտ է տեղյակ պահել գոնե միայն առաջնորդին, որը խնդրի լուծման եղանակներ կարող է գտնել։ Սրբազանը չի բացառում, որ եկեղեցականները կարող են պահի տակ, շտապողականության մեջ, ներվային լարված վիճակի մեջ մի կոպիտ խոսք, մի սխալ վարվեցողություն թույլ տալ, բայց գումարային խնդրով, որքան էլ որ նման առանձին դեպքեր մատուցվել են, բայց կաշառք՝ քահանային, ինքն էլ, իբրեւ առաջնորդ, չի կարող ընդունել։

Սրբազանը հնարավոր է համարում որեւէ տգեղ արարքի խափանումը, սակայն գտնում է, որ դրա պարզ արձանագրումով չպիտի բավարարվել, անհրաժեշտ է տալ դեղամիջոցը, լուծման ճանապարհը (այս հարցին անդրադարձան նաեւ «ասուլիսի» վերջում, պատասխանն էլ կներկայացնենք համապատասխան տեղում)։ Այնուհետեւ արծարծվեցին աղանդավորության եւ դրա տարածման հետ կապված հարցեր։ Քահանաներից մեկը պատմեց, թե ինչպես է մեկը հանդիմանել եկեղեցականներին՝ չիմանալու համար, թե ինչ ակտիվ գործունեություն են ծավալել աղանդավորները։ Նա ասաց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների այդ աղանդավորները յուրօրինակ աշխատավարձ են ստանում մարդորսության համար, «որսված» յուրաքանչյուր քաղաքացու դիմաց աղանդի ղեկավարների կողմից ստանում են 50 ԱՄՆ դոլար։ Մենք չէինք ասի, թե եկեղեցականներն այդքան անտեղյակ էին այդ հարցերում, քանի որ հենց տեղում ճշտվեցին մարդորսության «տարիֆները»՝ 30-50 դոլար։

«Առավոտը» փորձեց պարզել, թե որտեղից է այդ ինֆորմացիան եւ ինչպես կարելի է այն ճշտել։ Լրագրողների՝ աղանդավոր չլինելու հարցում խիստ կասկածող քահանան հրաժարվեց անուններ հրապարակել՝ ճիշտ եւ ճիշտ առանց փաստերի հոդվածներ տպագրող լրագրողների պես։ Մի երիտասարդ քահանա ասաց, որ միշտ հետեւում են «Առավոտի» հրապարակումներին։ Բայց եւ խիստ վրդովված էր, որ Գերմանիո թեմի կողմից հեռացված մի քահանայի կյանքի մանրամասներ են ներկայացվել։ Այնքան վրդովված էր, որ չնայած մեր կողմից հարցի իմաստն ընդունած լինելու մասին հավաստիացումներին, խնդրեց Գարեգին սրբազանին ավելի լավ ձեւակերպել այն։ «Առավոտն», իր հերթին, սրբազանն իր հերթին ասացին, որ նման մասնավորեցումներն ինքնանպատակ չեն։ Դրանք կարող են հիմք հանդիսանալ հոգեւորականի ստացած պատժի արդարացիության ապացուցման համար։ Այստեղ «մամուլին» դուր չեկավ այն, որ հարգարժան հոգեւորականները սկսեցին սովորեցնել, թե մամուլում ինչ պիտի գրվի եւ ինչպես։

Հոգեւոր հայրերը չնկատելու տվեցին այս դիտողությունը եւ անցան կոնկրետ խորհուրդների։ Նրանցից մեկն ասում էր, որ չի կարելի կառչել այս կամ այն նախարարի պատահաբար ասած այս կամ այն խոսքից, գրել եւ անընդհատ շեշտել այն։ Պարզվում է նաեւ, որ լրագրողը պարզապես աշխատանք է կատարում, փոխարենը պետք է հետեւի իր բարձրացրած հարցին, որ որեւէ օգուտ տա։ Այս ամբողջ խորհրդատվությունը հանգեց այն հարցին, թե՝ «ինչ տպավորություն ստացաք եւ ասեիք, նոր գնայիք, թե՝ վաղվա թերթում ինչ եք գրելու»։ Հետո էլ թե՝ մեր մասին լավ գրեք, որ մենք էլ ձեզ սիրենք (մենք, իհարկե, վտանգավոր ենք համարում, որ հանկարծ եկեղեցականները (ո՛չ եկեղեցին) սկսի սիրել մամուլին)։ Այնուհետեւ մեղադրանքներ հնչեցին «Իրավունք», «Մոլորակ» (հե՜յ գիտի՝ քանի տարվա դարման) թերթերի հրապարակումների եւ «Մայր Հայրենիք» հեռուստաընկերության ինչ-որ լրագրողի դեմ, եւ երբ, փառք Աստծո, արդեն այնքան ժամանակ էր անցել, որ այլեւս բավական ուշ էր, եղան կոնկրետ առաջարկներ՝ իհարկե, մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների դերի եւ նշանակության մասին որոշ վիճաբանություններից հետո։

Ցանկություն հայտնվեց, որ եկեղեցականներին ոչ միայն քննադատեն, այլեւ «այս դեպքում փոխվի հայրեր եւ որդիներ դասավորությունը» եւ լրագրողները «հայրաբար» խորհուրդ տան, թե ինչպես հոգեւորականներն ավելի լավ ծառայեն եկեղեցուն ու ժողովրդին։ Ճիշտ է, ե՛ւ Գարեգին սրբազանը, ե՛ւ որոշ քահանաներ, ե՛ւ, առավել եւս, «Առավոտը» նկատեցին, որ գերագնահատվում է մամուլի դերը եւ նրան չափից ավելի շատ ֆունկցիաներ են վերապահվում, այնուամենայնիվ, «այդ աղջիկը» չի դիմանում նման ֆունկցիաներ ունենալու գայթակղությանը եւ, ցավոք, իրեն վերապահում է նման մի իրավունք։

Սրբերի վարքերը կարդալիս, միշտ զարմացել եմ. նրանք երբեք չեն մտահոգվել, թե ինչպես են իրենք կողքից երեւում, ինչ են մտածում իրենց մասին շրջապատի մարդիկ։ Նույնիսկ «մարտիրոս» բառն ունենք, որի իմաստը հոգեւոր հայրերին բացատրելու կարիք, կարծում եմ, չկա։ Մի՞թե անհնար է առանց սեփական դիմանկարի գեղեցկության կամ թող որ ճշգրտության մասին մտածելու՝ պարզապե՛ս ծառայել Աստծուն, եկեղեցուն, ժողովրդին։ Եվ եթե հարկ կա, մեծահոգաբար ներել այդ ժողովրդի «մոլորյալ զավակներին»՝ առանց նրանց պատասխանատվության կանչելու։ Թե չէ ես Աստվածաշնչից, հավատացեք, ինչ-որ պատգամներ հիշում եմ՝ չդատելու եւ չդատվելու մասին։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Հոգեւոր հովիվների ժողովից դուրս գալիս մի քահանա, բնավ ոչ մեծահոգաբար, ոչ հայրաբար խոստացավ աղոթել մեզ համար։ Միայն թե ձայնագրիչը խոսքի տոնն ու նրբերանգը սրբագրելու վատ սովորություն ունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031