Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱԳԱՀ Ա. ԿԳԱ՜ ԷԼ, ԿԳՆԱ ԷԼ»

Հոկտեմբեր 10,1998 00:00
Almast gorcaran

Նոր աշխատատեղեր փնտրելու կամ ստեղծելու, արդյունաբերական ձեռնարկությունների խնդիրներին ծանոթանալու՝ ՀՀ նախագահի խոստումը դեռեւս ուժի մեջ է։ Երեկ նրա այցը «Ալմաստ» գործարան եւ խանդավառությամբ արձանագրելը, որ գործարանում 70 նոր աշխատատեղեր են ստեղծվել, կարելի է դրան վերագրել։

«Ալմաստի» նոր դարաշրջանը

«Ալմաստ» գործարանը հիմնադրվել է 64 թվին, եւ այնտեղ շրջողն անմիջապես կնկատի, որ տեխնոլոգիայի պահպանման առումով գործարանը խիստ ավանդապահ է. սարքավորումներն աշխատում են հիմնադրման օրվանից եւ հիշեցնում մետաղի ջարդոն։ Դրանք «թարմացնելու» նպատակով անհրաժեշտ է 50 մլն դոլար (բանվորները հպարտորեն նշում էին, որ, ի տարբերություն այլ գործարանների, իրենց սարքավորումների փոքր մասն է թալանված միայն)։ 93-98թթ. հունիսը (այս ամսին է նշանակվել նոր տնօրեն պրն Բզնունին) գործարանն աշխատել է 2% հզորությամբ։ Այսօր, ըստ տնօրենի տվյալների, գործարանն աշխատում է 5-10% հզորությամբ։ Բյուջեից գումարներ չի ստանում, սակայն մոտ 13 մլն դրամ մուծում է պետական գանձարան։ Ձեռնարկությունն ունի 36 մլն դրամ պարտք, որից 8 մլնը՝ բյուջեին, 3,5 մլնը՝ կենսաթոշակային ֆոնդին։ «Ալմաստի» 32%-ն արդեն սեփականաշնորհված է կոլեկտիվին։

Մինչեւ հունվար կոլեկտիվն արդեն պատրաստվում է դառնալ 52%-ի սեփականատեր։ Ձեռնարկությունում աշխատում է 300 մարդ՝ 16-17 հազար միջին աշխատավարձով (կան 3-4 հազար եւ 200 դոլար ստացողներ)։ 86-87 թթ. աշխարհում արտադրվել է 500 մլն կարատ ալմաստի փոշի, սակայն այդ փոշու պահանջարկը 1 մլրդ կարատ է։ Այնպես որ, «Ալմաստ» գործարանն ունի հնարավորություններ գրավելու այդ շուկայի մի մասը (80-ականների կեսերին Հայաստանն արհեստական ալմաստի համաշխարհային ծավալների մոտ 10%-ն է ապահովել)։ Ձեռնարկությունն ունի երկու կարեւոր խնդիր։ Նախ՝ գոնե մեկ տարով դուրս գալ սեփականաշնորհվող օբյեկտների ցուցակից, ապա ստանալ 500 հազար դոլարի ներդրում։ Առեւտրի եւ արդյունաբերության նախարարությանն է ներկայացվել ծրագիր. ստանալով այդ 500 հազար դոլարը, որը կապահովի 100 աշխատատեղ, տարեկան ապրանքարտադրությունը կլինի 1,5 մլն դոլարին համարժեք, իսկ մաքուր շահույթը կկազմի 400-450 հազար դոլար։

Ըստ տնօրենի՝ չարժե ձեռնարկությունը սեփականաշնորհել, քանի որ «շատ ներդրողներ են եղել, բայց ոչ ոք որեւէ լուրջ առաջարկ չի արել։ Նրանք գտնում են, որ էժան գնով պետք է գործարանը գնեն, եղած շրջանառու միջոցներով վերադարձնեն իրենց գումարները, մի բան էլ զապաս մնա»։

Այնտեղ էր նաեւ Գառնիկ Նանագուլյանը

Նա էլ, որպես ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարար, դեմ չէր գործարանի սեփականաշնորհման հետաձգմանը։ Նա էլ էր գտնում, որ «Ալմաստին» անհրաժեշտ է առնվազն 100-150 հազար դոլար, առավելագույնը 500 հազար դոլար՝ ոտքի կանգնելու։ Գործարանի առաջին խնդիրը շրջանառու միջոցներ չունենալն է։ Իսկ «Ալմաստի» սեփականաշնորհումը «պարզ ձեւով» չի լինելու։ Եթե ձեռնարկությունը շարունակի այս տեմպով աշխատել, նախապատվությունը պետք է կոլեկտիվին տրվի, իսկ մնացած փաթեթը պետք է մրցույթով տնօրինվի։

Փաթեթի վաճառքը հնարավորություն կտա ձեռք բերել հավելյալ միջոցներ։ Գործարաններին երկարաժամկետ վարկեր չտալը, տալու դեպքում՝ բարձր տոկոսադրույքներն արդարացնելով, «Երեւան կրեդիտ» բանկի տնօրենը խոստացավ, որ Համաշխարհային բանկի եւ գյուղատնտեսության զարգացման վարկային ծրագրերը շուտով կառավարությունը կհաստատի (դրանք ցածր տոկոսադրույքներով են տրամադրվելու), եւ իրենք դրանց վրա մեծ տոկոսներ չեն ավելացնի։ «Ալմաստին» տրվելիք երկարաժամկետ վարկը կտրվի տարեկան 12-18%-ով։

Նախագահը համարյա մարդամոտ էր

Նախագահ Քոչարյանը շրջում էր արտադրամասից արտադրամաս, ավանդական սառը հայացքին ջերմություն էր տալիս, ձեռքով բարեւում պատահաբար իր ճանապարհին հայտնված բանվորներին։ Բանվորներն իրենց հաստոցներից այն կողմ չէին շարժվում։ Հետաքրքիրը հավաքարարն էր, որը, «как не в чем не бывало» ավլում էր համարյա նախագահի քթի տակ։ Հատուկ լաբորատորիա մտնելիս նախագահին, նախարարին ու գործարանի տնօրենին սպիտակ խալաթներ հագցրին։

Իմ հարցին, թե ինչո՞ւ բոլորին չեն տալիս, չաղլիկ կինը պատասխանեց, որ այդքան խալաթ ունեն։ Արտադրամասերից մեկում ամոթխած մի աշխատակցուհի նախագահին տեսնելուն պես պատրաստվում էր փախչել։ Բայց դե նախագահի ձեռքից ով է պրծել, որ նա պրծներ. «Արի՛, արի՛ ո՞ւր ես փախնում»,- ասաց նախագահը։ Կնոջ դեմքից գոհ ժպիտը երկար ժամանակ չէր ջնջվում։ Խորհրդակցության ընթացքում (լրագրողների մուտքը խստիվ արգելված էր), թեթեւ հյուրասիրություն էլ եղավ՝ բանան, թխվածք, շոկոլադ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031