Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք՝ Արմենիա ասելիս հասկանան որակ եւ նորարարություն». Էմմա Առաքելյան

Մայիս 01,2024 12:30

Թվային Ջուղա համահայկական ցանցն իր մեջ կամփոփի աշխարհի հայության ներուժը

Ստարտափերի զարգացմամբ զբաղվող Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր, Orion Score ստարտափի համահիմնադիր Էմմա Առաքելյանը, որը 2014-ից ի վեր գործունեություն է ծավալել Հայաստանում, իր գործընկերների հետ նախաձեռնել է աշխարհի հայության ներուժը համախմբող Digital Julfa Network-ը՝ Թվային Ջուղա համահայկական ցանցը։ Վերջինս աշխարհի հայերի մտավոր, տեխնոլոգիական, առեւտրային ու մշակութային ներուժը համախմբող նախաձեռնություն է, որը մեկնարկել է MetaVerse ծրագրային լուծումով գործող FastexVerse հարթակում։

«Առավոտի» հետ զրույցում շուրջ 50 երկրում աշխատած Էմմա Առաքելյանն ասում է, որ հայերը դարեր շարունակ կարողացել են ստեղծել մեծ ցանց՝ տնտեսության, իրավաբանության, առեւտրի, նորարարության եւ այլ ուղղություններով՝ Ամստերդամից մինչեւ Մանիլա ու անգամ Հոնկոնգի արվարձաններ, որը գոյություն է ունեցել 300 տարի: Նրա ձեւակերպմամբ, այժմ այդ ամենը հնարավոր է վերականգնել 21-րդ դարի շնչով՝ օգտագործելով տեխնոլոգիաների ու թվային աշխարհի անսահման հնարավորությունները: «Մենք Նոր Ջուղան թվայնացնում ենք՝ որպես համահայկական ուժ, որպեսզի Արմենիա ասելիս հասկանան որակ, նորարարություն: Ուզում ենք, որ այդ ամենը կապվի ոչ միայն անհատների հետ, այլեւ որպես ազգ վերականգնենք մեր ազդեցությունն ու առաջնորդությունն աշխարհով մեկ: Թվային Ջուղա ցանցն իր մեջ պետք է ամփոփի  բոլոր ճյուղերը՝ սկսած մշակույթից, կրթությունից եւ գիտությունից, վերջացրած՝ տեխնոլոգիական, բանկային եւ այլ ոլորտներով: Ընդ որում, թեեւ նախաձեռնությունը սկսվել է Հայաստանից, սակայն այն միայն Հայաստանով չի սահմանափակվում,  որովհետեւ նպատակն է ապահովել համաշխարհային դիրք Հայաստանի համար՝ համախմբելով համահայկական մտավոր ու բիզնես ներուժը:

Չնայած 1850-ականներից մինչեւ 20-րդ դարի սկիզբը ծանր իրադարձություններ են տեղի ունեցել, Հայոց ցեղասպանություն է իրականացվել, սակայն հայերը մտավոր սեփականության, նորարարությունների, արվեստի, կինոյի, մշակույթի եւ տեխնոլոգիական նորարարությունների առումով շարունակել են մեծ ազդեցություն եւ ներկայություն ունենալ աշխարհով մեկ: Այսինքն՝ Թվային Ջուղա ցանցը ստեղծվում է կոնկրետ հիմքի վրա:

Ինքս աշխատել եմ ավելի քան 40 երկրներում, շփվել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ ու տեսել, թե ինչպիսին է հայկական ազդեցությունն աշխարհի վրա: Այժմ  մեզ մնում է գրագետ ձեւով, ճիշտ փաթեթավորված ու փաստարկված այդ ամենը ներկայացնել, հատկապես որ այսօր, առավել քան երբեւէ, բոլոր հնարավորություններն առկա են: Համահայկական ուժը եւ տեխնոլոգիական  հարթակները տալիս են աշխարհում ճիշտ դիրքավորվելու բոլոր հնարավորությունները. մենք մշակույթի, գիտության, բանկային, ֆինանսական եւ այլ ոլորտներում ունենք կարկառուն դեմքեր, որոնք փոխում են տարբեր երկրների դիմագիծը՝ սկսած Ավստրալիայից, վերջացրած Նյու Յորքի Ֆինանսական թաղամասով: Օրախնդիր է՝ այդ ամենը համակարգված մեկ ընդհանուր հարթակում ներկայացնելը:

Հայերը 300 տարի  շարունակ, անգամ առանց պետության, կարողացել են այդ ազդեցությունը պահել, որովհետեւ միշտ նորարարություն են արել, մի շարք ոլորտներում առաջինն են եղել, ինչպես, օրինակ, նավթարդյունաբերության մեջ Ալեքսանդր Մանթաշովը: Այնպես որ՝ մենք նոր բան չենք անում, պարզապես վերականգնում ենք մեր պատմական փորձառությունը՝ ապավինելով թվային տեխնոլոգիաներին ու նորարարությանը: Նախագծի համար գտել ենք մեր գործընկերներին, մեկնարկել ենք MetaVerse ծրագրային լուծումով գործող FastexVerse հարթակում: MetaVerse-ը մի քանի տարվա պատմություն ունի, բավական մեծ ներդրումներ են կատարվել այս հարթակն ունենալու համար:

Քանի որ հարթակն արդեն պատրաստ է, հրավիրում ենք աշխարհի բոլոր հայերին՝ գիտության, ֆինանսների, առեւտրի, մշակույթի, բոլոր ոլորտների, մեր համաշխարհային ճանաչում ունեցող բոլոր ընկերություններին՝ միասին Նոր Ջուղա հարթակը դարձնելու համահայկական»,- ասաց Էմմա Առաքելյանը:

Նրա համոզմամբ, Հայաստանի կրթական համակարգը եւս պատրաստ է համաշխարհային մարտահրավերներին, հատկապես որ նորարարությունը մեր գեներով է գալիս. «Հայաստանը Հայաստան է ոչ միայն հայրենիքում ապրող, այլեւ աշխարհի բոլոր հայերով: Վերջին 30 տարիներին Սփյուռքի մասնակցությունը, մտածելակերպը՝ հայկական հողի հետ կապված, շատ ավելի լրջացել է, հատկապես այսօր ավելի մեծ խնդիր ունենք՝ պահպանելու մեր պատմությունն ու մշակույթը: Այս ծրագիրն, իրոք, ոգեւորում է, որ ժամանակին հայերն առանց պետականության կարողացել են 300 տարի նման ազդեցություն ունենալ աշխարհի նորարարության, առեւտրի եւ մշակույթի վրա: Ի դեպ, տարբեր համալսարաններում, թանգարաններում եւ գրադարաններում Ջուղայի ներկայությունը շատ նկատելի է»:

Էմմա Առաքելյանը նշեց, որ փորձում են համախմբել նաեւ աշխարհի տարբեր անկյուններում գործող հայկական ուղեղային կենտրոնները, մասնավորապես՝ արդեն համագործակցում են ASOF-ի (Armenian Society of Fellows) հետ, որտեղ 350-ից ավելի գիտնականներ, պատմաբաններ, բիզնեսմեններ են ընդգրկված, անգամ Նոբելյան 2 մրցանակակիր հայեր կան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031