Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 1.

Հոկտեմբեր 10,1998 00:00
Shekoyan

Հեղափոխությունը մեռավ. կեցցե՜ հեղափոխությունը

Երբեմն թվում է, թե հեղափոխությունները տեղի են ունենում մարդկային հզոր զանգվածի հզորագույն էներգիայի կուտակման շնորհիվ կամ պատճառով, եւ միշտ էլ գտնվում են համապատասխան անհատներ, անձինք, ովքեր իրենց ցանկալի հուն են ուղղորդում միլիոնների վերգետնյա էներգիան։ Երբեմն էլ թվում է, թե հեղափոխությունները տեղի են ունենում ճշգրիտ գրված սցենարներով, գրված, եթե չասենք գերբնական, ապա պիտի ասենք՝ գերմարդկային, վերազգային ու վերկուսակցական մի ուժի կողմից, որին ոմանք մասոնիզմ են անվանում, ոմանք՝ սիոնիզմ, իսկ երրորդներն ու չորրորդները ԿՀՎ կամ ՊԱԿ հապավումներն են հոլովում։ Իսկ մեր միջի ամենամաքուրներն, այնուամենայնիվ, մշտապես տրամադրված են ողջը բացատրել Աստծո գոյության ու ներգործության աղաղակող փաստերով։ Եվ միշտ էլ զանգվածների ալիքն այնքան հզոր ու համոզիչ է խոյանում, որ նրա առաջ իսկույն ձեռքները վեր են բարձրացնում ուզածդ Նիկոլայ Երկրորդ կամ Սուրեն Հարությունյան։

Այնուամենայնիվ, ալիքի ուժգնությո՞ւնն է ստիպում ձեռքներն իսկույն վեր բարձրացնել, թե՞ գերագույն սցենարի մասին տեղեկացվածությունը, թե՞, այնուամենայնիվ, յուրաքանչյուր հեղափոխության պարտադիր կցորդ գերագույն գաղափարի համոզիչ առկայությունը։ Գաղափարն ամեն դեպքում պարտադիր է։ Ի՞նչ հեղափոխություն՝ առանց առաջնորդող բարձրագույն գաղափարի։ 1917 թվականին ի՞նչ հեղափոխություն կարող էր տեղի ունենալ, եթե չլիներ «կոմունիստական դրախտի» առասպելը։ Եվ ԽՍՀՄ կոչվող կայսրությունն էլ չէր կործանվի, եթե չլինեին կայսրության տարբեր ժողովուրդների տարբեր ու սեւեռուն գաղափարները։ Մերձբալթյան ժողովուրդները ոտքի չէին կանգնի, եթե չլիներ անկախության սեւեռուն գաղափարը: Հայը ոտքի չէր կանգնի, եթե չլիներ Ղարաբաղի ազատագրման նպատակասլաց գաղափարը։ Ադրբեջանցին երբեք չէր կանգնի Ադրբեջանը չեղած տեղից ստեղծած տերության դեմ, եթե չունենար թուրանական միացյալ պետության պատրանքը եւ այլն։ Արդյունքում՝ հեղափոխությամբ ծնվածը հեղափոխությամբ էլ սպանվեց։

Հեղափոխական թարմ գաղափարները հաղթեցին հեղափոխական հնացած գաղափարներին ու կաղապարներին։ Մնաց Ղարաբաղի հարցը։ Յուրաքանչյուր հեղափոխություն իր հետ բերում է նաեւ ահռելի քանակությամբ ազնվության, հայրենասիրության, գաղափարականության եւ սկզբունքայնության պատվեր ու պահանջարկ։ Եվ պահանջարկը, որպես կանոն, միշտ էլ գերազանցվում է, եւ հեղափոխության ընթացքում ու դրանից անմիջապես հետո տեւականորեն բարոյականության չափանիշներն ու գաղափարա-հայրենիքասիրության սկզբունքներն այնպես համատարած ու խստորեն են կարեւորվում, որ դրանք փոքր-ինչ անտեսողները մեխանիկորեն վերածվում են «դավաճանների» եւ «անհուսալի տարրերի»։

Ինքնաբերաբար առաջանում է նաեւ տուժողների ու պատժվողների որոշակի քանակությամբ պահանջարկ ու պատվեր։ Եվ եթե 1937 եւ հարակից թվականներին «հոդվածի տակ» ընկնողները կյանքով էին հատուցում, ապա դարավերջի մեր հեղափոխության գծից շեղվողները պարզապես դուրս են թողնվում կյանքից։ Քաղաքականության մեջ իրականում ազնիվներ ու անազնիվներ գոյություն չունեն։ Գոյություն ունեն պարզապես բախտավորներ, ովքեր բախտի բերմամբ ճիշտ են կողմնորոշվում՝ տեւականորեն ըմբոշխնելով քաղաքականության պտուղները։ Պաշտոնյաների մեջ նմանապես չկան ազնիվներ ու անազնիվներ։ Ազնիվները նրանք են, ովքեր չեն բռնվում ու ցմահ վայելում են կուտակածը։ Եվ կան նահատակներ, որ շարունակում են ապրել գրքերում ու թերթերում, իսկ իրական հերոսները ոչ միայն պարտավոր են ողջ եւ առողջ վերադառնալ ռազմի դաշտից, այլեւ պարտավոր են ողջ կյանքում կրել հաղթողի փառքի ողջ ծանրությունը։

Եվ վերջապես՝ եթե հայոց աշխարհում արդեն իսկ այսքան ազնիվներ, հայրենասերներ, հերոսներ ու բարոյականության կրողներ կան, եւ եթե դրանք լիուլի կան մինչեւիսկ քաղաքական գործիչների, պատգամավորների, նախարարների, մարզպետների ու զանազան այլ պաշտոնյաների շարքերում, ժամանակը չի՞ արդյոք, որ մեզնից ոմանք արդեն բացեիբաց հանդես գան՝ որպես անազնվության ու չարիքի կրողներ։ Հենց թեկուզ բազմազանության համար։ Չէ՞ որ բացառապես ազնիվներից ու հերոսներից բաղկացած հասարակություն պատկերացնելն անգամ անհեթեթ ու նույնիսկ անհետաքրքիր է։ Որպեսզի հետհեղափոխական հավատաքննությունն օբյեկտիվորեն կատարյալ լինի, հարկ է, որ յուրաքանչյուր հետհեղափոխական իշխանություն մանրից խժռի նաեւ իր հարազատ զավակներին։ Ավելին՝ ցանկալի է, որ հեղափոխությունը հնարավորին չափ շուտ ջնջի իր բոլոր հետքերն ու իր բերած բոլորին, եւ դա սկսվում է այն պահից, երբ հեղափոխության ապօրինածին որդիները, բազմանալով, այնպիսի ռեալ ուժ են դառնում, որ, վերջապես հանդգնելով, սկսում են հեղափոխության բերած գաղափարները կրծքով պաշտպանել բուն հեղափոխականներից (հարազատ զավակներից)։

Արդեն ժամանակն է՝ վերջնականապես արձանագրել, որ հայաստանյան վերջին հեղափոխությունն ի վերջո խժռեց ոչ միայն Համբարձում Գալստյանին, այլեւ՝ «Ղարաբաղ» կոմիտեին ամբողջությամբ։ Որովհետեւ, եթե հեղափոխությունը չխժռի իր հարազատ զավակներին, ապա շատ հնարավոր է, որ հարազատ զավակները խժռեն հեղափոխության ողջ արդյունքը։ Եթե տարիներ անց «Ղարաբաղ» կոմիտեից էլի մեկնումեկը նույնիսկ հանրապետության նախագահ էլ դառնա, ապա գոնե մեր կողմից այդ փաստը չի դիտվի՝ որպես շեղում օրինաչափությունից, քանզի բուն հեղափոխությունը Հայաստանում վաղուց ավարտված է, եւ օրինաչափությունները՝ պահպանված։ Հայաստանյան հեղափոխության դեպքում հեղափոխության ապօրինածին զավակների դերերն անմիջապես ստանձնեցին հիմնականում արագորեն հավատափոխված նախկին կոմունիստները, ովքեր հապշտապ ու փափկորեն ծվարելով տարբեր կուսակցությունների ներսերում՝ ակնթարթորեն ինտեգրվեցին շարժմանը։

Դա, իհարկե, տեղի ունեցավ ճշգրտորեն այն պահին, երբ արդեն հեղափոխական լինելու վտանգավորության հնարավորությունը հավասարվեց զրոյի։ Այսօր անհրաժեշտություն կա նաեւ արձանագրել, որ Հայաստանում վաղուց արդեն գրեթե ողջ իշխանությունը կուստոմսը ճիշտ ժամանակին աղբարկղը նետած (որոշ դեպքերում՝ բարձի տակ կամ բարձի մեջ թաքցրած) նախկին կոմունիստների ձեռքում է։ Եվ նրանք օրինաչափորեն շա՜տ-շա՜տ են, եւ նրանց շատությունը նրանց հաջողության հիմնական գրավականն է։ Նրանց հաջողության մյուս գրավականը հանդգնությունն է՝ հեղափոխության գաղափարները (մեր դեպքում՝ Ղարաբաղ, անկախություն, պետականություն) պաշտպանել բուն հեղափոխականներից ու բոլորից։ Նրանց հաջողության հաջորդ գրավականը հավասարակշռվածությունն է (քանզի էս գործը հանգիստ է սիրում)։ Եվ, որպես օրենք, նրանք բուն հեղափոխականներից ավելի լավ են նշմարած լինում հեղափոխության հետագա ընթացքը, քանզի բուն հեղափոխության ընթացքում մշտապես կողքից դիտողի դերում են գտնվել։

Եվ, որպես օրենք, նրանք բուն հեղափոխականներից շատ ավելի ճկուն, առույգ ու կենսունակ են լինում, քանզի բուն հեղափոխության ընթացքում հասցրած են լինում լավ հանգստանալ։ Իսկ կարեւորագույնը՝ հավատաքննության դաշտի անսահմանությունը, փաստորեն, գոյանում ու իրականանում է առանց առանձնակի ջանքերի՝ ինքնըստինքյան ու բնականորեն։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031