Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒՆԸ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆ Է

Հոկտեմբեր 16,1998 00:00
shun

Բայց նրա տեղը պարտեզն է

Շունը հավատարիմ կենդանի է, որի մասին շատ է գրվել ու խոսվել։ Նա եղել է մարդու բարեկամը՝ պահպանել է տունը, ոչխարի հոտը ու որսի է գնացել տիրոջ հետ։ Ավելի ուշ շունը դարձավ արիստոկրատ կանանց բարեկամը, ընկերը, սիրելին, առանց որի նրանք զբոսանքի չէին գնում։ Թերեւս դա օրինաչափ երեւույթ էր այն կանանց մոտ, որոնք ունեին բազմաթիվ շուն խնամողներ, ծառաներ, սպասավորներ։ Այսօր էլ բարեկեցիկ կյանքով ապրող շատ ընտանիքներ, հատկապես եվրոպական երկրներում, շներ են պահում ու նրանց վրա ավելի մեծ գումար են ծախսում, քան երեխաների, որպեսզի զերծ մնան՝ նրանցից մարդկանց անցնող հիվանդություններից։ Բայց զարմանալի է, որ վերջին տարիներին, սոցիալական այդ ծանր օրերին, Երեւանում մեծ թափ ստացավ շուն պահելը։ Սա լավ է, թե վատ, ցույց կտա ժամանակը, բայց մի բան ակնհայտ է, որ բազում ընտանիքներ դժվարությամբ են հանապազօրյա հաց գտնում, շատ շնատերեր իրենց ազնվացեղ շներին միայն լավորակ մսով են կերակրում։

Աջափնյակի այգիներից մեկում հանդիպեցի մի երիտասարդ կնոջ, որը երկու շնիկների հետ զբոսնում էր։ Նրա հետ էր նաեւ իր վեց տարեկան տղան։ Շնիկները թռվռում էին չորս բոլորը, վազվզում այս ու այն կողմ։ Կնոջ ուշադրությունը միայն շներն էին, իսկ երեխան մատնված էր անուշադրության, որի պատճառով ընկավ եւ քերծեց դեմքը։

-Ի՞նչ է, քեզ ավելի շնե՞րն են հետաքրքրում, քան երեխադ,- զայրացած ասացի ես։

-Շները չեն հասկանում, կարող են կորչել, իսկ երեխան հասկացող է, իր համար կխաղա,- անտարբեր ասաց նա։

Ակամա խոսքի բռնվեցի նրա հետ։ Պարզվեց, որ ամուսնուց բաժանվել է միայն նրա համար, որ վերջինս թույլ չի տվել շուն պահել եւ շներով զբոսանքի գնալ։ Ունի ընդամենը մի սենյակ, որտեղ երեխայի հետ ապրում են նաեւ այդ շները։

-Երեխայի հետ մեկ սենյակում շուն պահելը ոչ միայն հարմար չի, այլ նաեւ հակահիգիենիկ է,- նորից դիմեցի կնոջը։

-Նրանք էլ իմ երեխաներն են, ի՞նչ ասեմ, քնում են իմ կողքին,- կեսկատակ ասաց կինը՝ միաժամանակ ավելացնելով, որ չես գտնի մի արիստոկրատ կին, որը շուն չպահի։ Լսելով այդ խոսքերը, որոշեցի այլեւս չշարունակել, մտածելով, որ այդ կնոջ համար իրեն ցուցադրելը, արիստոկրատ կեցվածք ընդունելն ավելի կարեւոր է, քան երեխայի ճակատագիրը։ Հաճախ օպերայի շրջապատում կարելի է տեսնել շնիկավոր մի կնոջ՝ աղջկա հետ, որը բավականին լավ է հագնվում, երեւում է բարեկեցիկ կյանքով է ապրում։ Երբ ուշադիր նայում էի այդ կնոջը, ինձ մոտեցավ մեկը եւ զայրույթով ասաց. «Այդպես մի նայիր նրան, շուն է խաղացնում, իսկ եղբոր երեխաները սովի են մատնված, եղբայրն էլ վթարի է ենթարկվել, բա սա քո՞ւյր է»։

Շնասիրությունն անցել է նաեւ երեխաներին, որոնք ամեն օր շներին դուրս են բերում զբոսանքի, խոսում միայն շներից՝ իրենց առանձնացնելով մյուսներից։ Սա ինչ է, ունեւոր ընտանիքի երեխա երեւալու միտո՞ւմ, թե՞ պարզապես ձեւամոլություն։ Մեր կենցաղում միշտ էլ շները եղել են ընտանի կենդանիներից լավագույնը, որոնց համար բակում կամ պարտեզում հարմար բներ են պատրաստել ու կերակրել են նրանով, ինչ կերել են ընտանիքի անդամները, բայց երբեք հայ շինականը չի մտածել, որ շունը կարող է քնել տանը կամ պառկել տիրոջ կողքին։ Ի՞նչ եղավ հանկարծ, ինչպե՞ս հայտնվեցին այդքան շնասերներ, որոնք չեն զլանում մեր այս ծանր օրերին մեծ գումարներ ծախսել նրանց վրա։

-Որքա՞ն գումար ես ծախսում շանդ վրա,- հետաքրքրությունից հարցրի մի երիտասարդի, որը զբոսնում էր լավ խնամված շան հետ։

-Մոտ հիսուն դոլար,- հանգիստ ասաց նա։

-Իսկ որտեղի՞ց ես այդքան փող գտնում,- նորից հարցրի ես։

-Ես որտեղի՞ց պետք է գտնեմ, հայրս է տալիս,- ժպտալով ասաց երիտասարդը։

Այո, նրա հայրը այդքան գումար կարող է ծախսել, որպեսզի ցույց տա, թե այդպիսի շուն ունի, իսկ եթե հարեւանին կամ բարեկամին դրա կեսը հարկավոր լինի, հավատացած եմ՝ կմերժի։ Շատերն են փորձում այսօր շուն պահել ուշադրություն գրավելու համար, բայց մի մասը, չկարողանալով կերակրել, ստիպված բաց է թողնում՝ ավելացնելով թափառող շների բանակը։ Շատ միայնակ կանանց եմ ճանաչում, որոնք շուն են պահում, երեւի իրենց մենակությունը մեղմելու համար, բայց դրա փոխարեն մի՞թե լավ չէր լինի որդեգրել ու խնամել մի երեխայի, որը ե՛ւ կփոխեր իրենց կյանքը, ե՛ւ Աստծո բարեհաճությանը կարժանանար։ Շուն պահելը այսօր, ոմանց ընկալմամբ, համարվում է առավելություն, բայց քաղաքաբնակների մեծ մասը արհամարհանքով է նայում այն կանանց, որոնք զբոսնում են շներով։ Հաճախ կարելի է լսել. «Գործը թողած, շուն է խաղացնում»։

Գուցե ոմանք ասեն, թե հարկ չկա ուրիշի զբաղմունքը քննարկել, որը, անշուշտ, ճիշտ է, բայց յուրաքանչյուր սերունդ պետք է ինչ-որ չափով հարազատ մնա իր ակունքներին։ Չէ՞ որ մեր պապերը եւ տատերը ոչ մի անգամ շանը չեն զարդարել ու դուրս բերել զբոսանքի։ Նրանք շանը պարզապես դիտել են որպես սովորական շուն, որը բակում կապված պետք է հսկեր տունը ու հաչեր չար մարդկանց վրա, այլապես ժողովուրդը շների մասին չէր ստեղծի հետեւյալ իմաստությունները. «շան հետ ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր», կամ «նա շան բնավորություն ունի», «նրանից շան հոտ է գալիս», վերջապես՝ «նա շան ծնունդ է»։

Մարդկային ամենավատ հատկություններից մեկը նույնպես համեմատվել է շան հետ՝ «նրա արածը շնություն է»։ Մարդը որքան շանը համարել է իր բարեկամը, այնքան էլ ընդգծել է շնային հատկությունները։ Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, շունը պետք է կատարի իր դերը՝ պահպանի տունը ու որսի գնա տիրոջ հետ, այլ ոչ թե բազմի սենյակներում ու դառնա արիստոկրատ կեցվածքի խորհրդանիշ, էլ չենք խոսում այն հիվանդությունների մասին, որոնք շներից անցնում են մարդուն ու վերջանում միայն վիրահատությամբ։ Վերջապես շուն պետք է պահել հայավարի ու չնմանվել օտարներին, որովհետեւ շունը միշտ շուն է մնում իր բնույթով ու բնազդով։

ՎԱՉԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031