Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՆ

Հոկտեմբեր 22,1998 00:00
egoryan

Հարցազրույց Էդվարդ Եգորյանի հետ

-Պարոն Եգորյան, վերջին փուլում ակտիվ քննարկումներ էին ընթանում ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի շուրջ, որի վրա սկզբից եւեթ դուք ակտիվորեն աշխատել եք։ Հետաքրքիր է գիտենալ, թե որ հանգրվանում են այսօր գտնվում այդ փաստաթղթի մշակման աշխատանքները։

– Ինչպես գիտեք, ԱԺ կանոնակարգը սահմանում է, որ օրենսդրական նախագծի հեղինակներն իրենց փաստաթուղթը շրջանառության մեջ դնելուց հետո մինչեւ զեկուցումը, մինչեւ առաջին ընթերցումը դեռեւս ժամանակ են ունենում։ Որպեսզի դա իզուր չանցներ, մենք որոշեցինք այն օգտագործել տեքստի բարելավման ուղղությամբ։ Մինչեւ նախորդ շաբաթ անընդհատ աշխատել ենք։ Շուրջ տասը հավաք ենք կազմակերպել, որին մասնակցել են ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի շուրջ համախմբված կուսակցությունների ներկայացուցիչները։ Միասնական աշխատանքը տվել է իր արդյունքը։ Օրենսդրական փաստաթուղթը բավականին բարելավվել է տեքստային առումով։ Այսօր մենք արդեն կարող ենք ասել, որ ընտրական օրենսգրքի միասնական տարբերակը պատրաստ է առաջին ընթերցմամբ ընդունվելու համար, եւ դա արձանագրել են փաստաթղթի վրա աշխատած բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները։ Դեռեւս հայտնի չէ ու որոշելիք հարց է, թե ինչպես պիտի խորհրդարանի քննարկմանը ներկայացվի ընտրական օրենսգիրքը՝ արտահե՞րթ, թե՞ հերթական նիստի ժամանակ։ Բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ դա կարվի շատ սեղմ ժամանակում։

– Պրն Եգորյան, ի՞նչ եք հասկանում օրենսդրական տարբերակի բարելավում ասելով։

– Հիմա շատ ավելի հստակ է շարադրված, թե ինչպես պետք է ընթանա ընտրացուցակների կազմավորումը։ Հստակեցված է նաեւ, թե ինչ արարողակարգով բանակը պետք է մասնակցի քվեարկությանը։ Պարզորոշ ձեւակերպված է, թե ինչպես են կազմավորվելու ընտրական հանձնաժողովները։ Սրանք էին այն կարեւոր խնդիրները, որոնք լուծում են ստացել մեր նախագծում։

-Ըստ էության, պարզ չէ, թե վերջնականապես ի՞նչ մեխանիզմ եք սահմանել զինծառայողների քվեարկության համար։

-Զինծառայողները կամ քվեարկում են իրենց մշտական բնակության վայրում, կամ էլ՝ եթե նման հնարավորություն չունեն, կարող են լիազորագիր տալ նույն հասցեում բնակվող իրենց հարազատին, որպեսզի քվեարկեն իր փոխարեն։ Այդպիսի պրոցեդուրա աշխարհում գոյություն ունի, դա քաղաքակիրթ արարողակարգ է, որի մասին ամենեւին էլ բացասաբար չեն արտահայտվել ինչպես Ընտրական համակարգերի միջազգային հաստատության, այնպես էլ եվրոպական փորձագետները։ Դա համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Ցուցակների դեպքում ընդունվել է ԱԻՄ-ի տարբերակը, ինչը ԱՄՆ-ում նույնպես կիրառվում է։ Նախապես, 50 օրվա ընթացքում, կկազմակերպվի քվեարկողների գրանցում, եւ դրանց հիմքի վրա էլ կձեւավորվեն ընտրացուցակները։ Այսինքն՝ նվազագույնի կհասցվեն ուրիշի փոխարեն քվեարկելու հնարավորությունները։ Հանձնաժողովները կլինեն բալանսավորված։ Որեւէ ընդդիմադիր կամ դիմադիր ուժ դրանցում չի կարող մեծամասնություն ունենալ, մենք ընդունել ենք հավասարակշռված հանձնաժողովների սկզբունքը։ Իսկ համամասնական-մեծամասնական մանդատների թիվը համապատասխանաբար բաժանել ենք 100-30-ի։

-Պարոն Եգորյան, ասպարեզում կա ընտրական օրենսգրքի երեք տարբերակ, ԻՄ-ինը, ձերինը եւ «Երկրապահինը»։ Ի՞նչ եք կարծում՝ ձեր նախագիծը կդիմանա՞ մրցակցությանը։

-Որքան տեղյակ եմ, Պարույր Հայրիկյանը ստորագրել է նաեւ ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի տակ եւ չի հրաժարվելու այս փաստաթղթից։ Կարծում եմ՝ գոյություն ունի զուտ ԻՄ-ի ընտրական օրենսգրքի տարբերակը շրջանառությունից հանելու ժամանակի խնդիրը։ Պարույր Հայրիկյանն այդպիսի հայտարարություն է արել։ Այդպիսով, կարելի է փաստել, որ կա ընտրական օրենսգրքի երկու հիմնական նախագիծ՝ միասնականը եւ «Երկրապահինը»։ Կարծում եմ, որ դրանք ունեն մոտավորապես հավասար շանս խորհրդարանում հավանության արժանանալու համար։ Սխալ է այն կանխատեսումը, թե միարժեք է, որ ընտրական օրենսգրքի միասնական տարբերակը չի անցնելու։ Շատ վաղ է նման ենթադրություններ անելու համար։ Այսպես եմ կարծում, որովհետեւ հեղինակություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են ընտրական օրենսգրքի այս տարբերակի շուրջ։

Ստացվում է, որ միասնական նախագծի քաղաքական-հասարակական պաշտպանությունն անհամեմատելի է մյուսի հետ, որի հետեւում, ըստ էության, իշխանությունն է կանգնած։ Ի դեպ, ասեմ, որ նրանք առաջ են գնացել նույնիսկ Արա Սահակյանի՝ ժամանակին շրջանառության մեջ եղած նախագծից եւ այն դարձրել ավելի իշխանական։ Այն սխեման, որն առաջարկում է իշխանությունը, իրեն հանձնաժողովներում հնարավորություն է տալիս ոչ թե 60 կամ 70, այլ մինչեւ 100 տոկոս ներկայություն ունենալ։ Այդպիսով, նրանք կդառնան հանձնաժողովների տերն ու տիրականը, իսկ այդ պայմաններում չեմ պատկերացնում, որ որեւէ լուրջ քաղաքական ուժ ընտրությունների ժամանակ մտնի մրցակցության մեջ։ Ընտրությանը մասնակցելն այդ պարագայում անիմաստ է դառնում, որովհետեւ իրենց նախագծով, ըստ էության, ստեղծվում է ընտրական մինիստրություն, որը պետք է պատգամավորներ նշանակի, իսկ դրանից ընտրության հոտ անգամ չի կարող գալ։ Հավանաբար, դա համապատասխանում է նրանց մտադրություններին, որովհետեւ իրենց մշակած նախագիծը ընտրություններ չանցկացնելու մասին է։

-Պարոն Եգորյան, իսկ ո՞րն է ՀՅ Դաշնակցության տեսակետը, որի ներկայացուցիչը վերապահ տեսակետ ուներ ձեր նախագծի վերաբերյալ։

– Ինչպես գիտեք, ՀՅԴ-ից կարծիք իմանալը չափազանց դժվար խնդիր է։ Ռուբեն Հակոբյանը երկար ժամանակ մասնակցել է մեր քննարկումներին, բայց մենք այդպես էլ վերջնականորեն չենք լսել այո կամ ոչ կարծիքը։ Ուստի, կարելի է ասել, որ ՀՅԴ որոշումը մեզ համար դեռեւս անհայտ է։ Իսկ այն, ինչ ասում է ՀՅԴ-ն, թե համաձայն է այդպիսի նախագծի, բայց համաձայն չէ նրանում արձանագրված մեկ կետի, ես դիրքորոշում արտահայտելու պատասխանատվությունից խուսափելու ձեւ եմ համարում։ Բոլորն էլ կարող են նման բան ասել, որովհետեւ միասնական օրենսգիրք նշանակում է՝ փոխզիջում հանուն համաձայնության։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031