Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿ ՉԿԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒՏԵԼ ՆԵԽԱԾ ՁՈՒՆ՝ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԱՅՆ ՆԵԽԱԾ Է

Դեկտեմբեր 23,1998 00:00
dzu

Հայ պետական ծառայողների միություն հասարակական կազմակերպությունը (ՀՊԾՄ) ժողովի էր հավաքվել կառավարության նիստերի դահլիճում։ Սկզբում խիստ զարմանալի թվաց, որ պետական ծառայողի «հովեր ունեցողները» ճշտապահ չեն. ժողովն սկսվեց կես ժամ ուշացումով։ Սպասման կես ժամն արդյունավետ օգտագործեցի՝ ծանոթանալով միության սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տեղեկագրին եւ անդրադարձ բաժնից իմացանք, որ ՀՊԾՄ-ի տարեդարձի առթիվ կազմակերպության անդամները սբ. Էջմիածնում մատաղացու գառ են զոհաբերել՝ «ի նշան պետական Տաճարի կերտման աստվածահաճո գործում Տիրոջ օգնության եւ բարեշնորհության։ … Այնուհետեւ Գայանե վանքին հարող բակում շարունակվեց խնջույքը»։

Աստիճանաբար սկսեց զարմանալի թվալ այս կազմակերպությունից ինչ-որ ակնկալիքներ ունենալու մեր միամտությունը։ Ժողովի սկիզբն ազդարարվեց թե չէ, հնչեց ՀՀ հիմնի մի անհաջող ձայնագրություն։ Դրանից հետո եղավ մի մեծ հուսահատություն. ինչո՞ւ չեմ հասցնում ոչ միայն սղագրել, այլեւ ըմբռնել ասվածների իմաստը, ինչպե՞ս է հնարավոր պետական ծառայողի մասին օրենքի բացակայությունը փոխհատուցել բարոյական օրենքների հաստատումով (վստահ չեմ, որ ճիշտ եմ հասկացել)։ Հետո «անտրոհելի» համարվեցին պրոֆեսիոնալիզմ եւ պրոֆեսիոնալ կուլտուրա հասկացությունները։

ՀՊԾՄ գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը ինքն իրեն հարցեր էր առաջադրում եւ, իհարկե, պատասխանում դրանց։ Իրենք իշխանության չեն ձգտում, պետության ֆունկցիաներն էլ ազգի ժառանգականությունը, հարատեւումը, անվտանգությունն ապահովելն է։ Սրանք էլ են «անտրոհելի»։ ՀՊԾՄ-ն ոչ ոքի քաղաքական գնահատականը տալ չի ուզում, ուզում է աշխատել, եւ այն էլ քրտնաջան աշխատել։ Կորյուն Սարգսյանը այսպիսով հող նախապատրաստեց իր՝ աստվածաշնչյանին ծալող մի կողմ դնող պատվիրանի համար. «Եկեք չդատենք, որ չդատվենք, այլ աշխատենք՝ միով բանիվ» («Եկեք մի խոսքով» նշանակող «միով բանիվ»-ի այլ իմաստով կիրառությունը ներենք պրն Սարգսյանին. ներենք, որ ներվենք -Ա.Գ.)։

Կազմակերպության նախագահ Վաչե Քալաշյանը պետական կառույցները հոգեւորով լցնելու կոչեր արեց, տակնուվրա արեց ողջ հայ գրականությունը՝ Սասունցի Դավիթ, Չարենց, Վարուժան, ոգի-հոգի-մարմին չափանիշներից ընտրեց ոգին՝ ի տարբերություն մարմինը նախընտրող այլ՝ նյութապաշտ պետությունների։ Եզրակացությունը մեկն է. անհրաժեշտ է «տրանսֆորմացիայի» բերել «պետական այսօրվա անհոգի մարմինը»։ Երբ միության վարչության անդամ Հովհաննես Ազիզյանը բռնեց տնտեսության օձիքը, միակ ցանկությունս էր շուտափույթ կերպով գտնել մի միջոց՝ չափելու մտավոր կարողություններիս աստիճանը. միտքս չէր հասնում հռետորի մտքի հետեւից, իսկ գրիչս ընդհանրապես խոսելու տեղ չունի՝ սեւերեսը։ Ու հանկարծ՝ փայլատակեց. Я всегда с собой беру… диктофон и кассету։ Լավագույն դատավոր ընթերցողը թող դատի (եթե չի վախենում դատվելուց). «Զարգացած եւ ուժեղ պետությունը ենթադրում է զարգացած եւ ամուր տնտեսություն եւ ընդհակառակը»։

Դահլիճում բոլորը լուրջ, ուշադիր լսում էին։

Մյուս ելույթ ունեցողը՝ վարչության անդամ Անաստաս Աղազարյանը «վարեց ու հերկեց» արտաքին քաղաքականության դաշտը. «…Մեր կողմից կատարված բազմաբնույթ եւ համակողմ, մանրակրկիտ վերլուծությունը բերում է աշխարհի պատկերի եւ վերջին տարիներին ընթացող գործընթացների հետեւյալ ըմբռնումին։ 1. Աշխարհում աստիճանաբար ձեւավորվել է կառավարող որոշակի համաշխարհային ուժ, 2. որպես կառավարման օբյեկտ, աշխարհը դիտվում է բազմաթիվ բլոկներից, միավորներից կազմված, այսինքն՝ ներքին մեծ բազմազանությամբ օժտված համակարգ, բազմաթիվ պարամետրերով կառավարվող օբյեկտ»։

Դահլիճում բոլորը լուրջ լսում էին։

Հաջորդը ելույթ ունեցավ Արմավիրի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչ Արտավազդ Պողոսյանը։ Երբ մի քանի լրագրողներս դուրս եկանք դահլիճից զգալով, որ հնարավոր է չդիմանանք եւ լրացնենք մեզ բաժանված դիմումի բլանկները՝ խնդրելով ընդունել կազմակերպության շարքերը, մասնակիցներից մեկն ասաց, որ «քիչ թե շատ խելոք ելույթը սա է», ինչո՞ւ ենք դուրս գալիս։

Աչքի առաջ ունենալով այն տխուր հեռանկարը, որ կարող եմ մեղադրվել կազմակերպությունը գովազդելու մեջ, այդուհանդերձ, հարկ եմ համարում ձեր դատին ներկայացնել «Վարքականոնը Հայ պետ ծառայողների միության անդամի»։

«Ո՞վ, եթե ոչ մենք պետք է զգանք մեր ճակատագրի վրա միակ եւ գերմարդկային Ուժի փոթորկումը, որ անտեսանելիորեն առաջնորդել է մեզ մինչեւ այսօր։ Եվ մի՞թե հենց մեր այսօրվա գոյությունը, մեր անցած ողջ պատմական Ուղին՝ լավագույն ապացույցները չեն՝ ոչ միայն հանուն հացիվի, այլ նաեւ հանուն բանիվի։ Հանուն Աստվածարյայ Ուղու վերագտնման եւ հաստատման հարատեւության։ Արդ՝

Ա) Փոքրը Մեծի ներքո է, Մեծը՝ Փոքրի. Պետական տաճարի մասը լինելով, կրում ենք տաճարը ողջ։ Արդ, հարկ է՝ Սիրել յուր ինքնությունը ողջ էությամբ։

Բ) Այն, որ Վարն է, նման է նրան, որ Վերն է.

փ) իջնելով բարձրացնենք, ինքներս էլ կբարձրանանք։

պ) արդ, հարկ է՝ վարվել այնպես, որ զամենայնի սրտովը լինի։

Գ) Այն, որ Վերն է, նման է նրան, որ Վարն է.

ք) ճանաչելով ինք զ ինքը տարբերենք, Նուրբը՝ Կոշտից, Հուրը՝ հողից, եւ կսիրենք Արյունը մեր։

կ) արդ, հարկ է՝ սիրել զամենայնի ինքնությունը, ինչպես յուրը։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031