Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱԽՐՈՆԻԶՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Մարտ 03,1999 00:00
dat

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի 1-ին ատյանի դատարանը (դատավոր՝ Արթուր Առաքելյան) առանց բուռն եւ երկարատեւ ծափահարությունների, վճռեց մերժել Լիզա Ճաղարյանի հայցն ընդդեմ Խոսրով Հարությունյանի՝ աշխատանքում վերականգնվելու, հարկադիր պարապուրդի եւ բարոյական վնասի հատուցման մասին։

Վճիռը կարող է բողոքարկվել քաղգործերով վերահսկիչ դատարանում հրապարակման օրվանից 15 օրվա ընթացքում։ «ՀՀ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանը մտադիր է այդպես էլ վարվել. բողոքարկել։ Դատարանը հնարավորություն տվեց կողմերին լրացուցիչ ապացույցներ ներկայացնել։

Պետք է նշել, որ ԱԺ խմբակցությունները եւ որոշ պատգամավորներ հրաժարվել էին «գնահատականներ» տալ ԱԺ նախագահի Լ. Ճաղարյանի ազատման հրամանին, ինչն այնքան ակնհայտ է, թե ինչու. առջեւում ԱԺ նոր ընտրություններն են…

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, լրագրող Լիլի Մարտոյանն այդպես էլ գնահատեց, ասելով, որ «Լ. Ճաղարյանի մեղքը նրանում էր, որ համարձակվել էր գլխավոր խմբագիր լինել ոչ միայն թղթի վրա»։

Նա դատարանին ներկայացրեց թվով 20 մտավորականների (որի մասին դատավորը չակնարկեց- Ռ. Մ.) աջակից-խոսքը Լ. Ճաղարյանին եւ ԱԺ «Հանրապետություն» միավորման 5 պատգամավորների կարծիքը «կատարյալ» անվանված հրամանի կապակցությամբ։

«Ցանկացած թերթի խմբագիր,- ասաց Լիզա Ճաղարյանը,- եթե իրոք ազատ խոսքի կողմնակից է, ոչ թե անդեմ կամակատար, մեր իրականության պայմաններում, այս դեպքում՝ միմիայն պիտի հպարտ լինի»։

Նա ասաց, որ ժողովրդավարական հռչակված մեր երկրում կոմունիստական ռեժիմի փտած հոգեբանությունն է դեռ իշխում, «որովհետեւ խոսքի ազատության մասին վերին ոլորտների, նույնիսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի պատկերացումները մի պարզունակ սահմանում ունեն. հակառակորդներիս ես քննադատում՝ կեցցես, ինձ ու համախոհների՞ս ես քննադատում, դե կտեսնես, թե գլխիդ ինչ օյին կբերենք»։

Ըստ Լ. Ճաղարյանի «այդ ռանգի» հրամանը ծնվեց, որովհետեւ թերթը ստեղծվել էր իշխանություններին դիֆերամբներ ձոնելու համար, մասնավորապես ԱԺ-ին, սակայն «հանկարծ» թերթի հրապարակումների շնորհիվ Վճռաբեկ դատարանն ազատ է արձակում անհիմն կալանված մի երիտասարդի, հանկարծ «դատախազության հզորներից մեկի կողմից հովանավորվող, կասկածելի նկարագրի տեր մեկին ստիպված է լինում ապօրինի զավթած բնակարանը վերադարձնել օրինական տիրոջը»։ Նախկին խմբագրի կարծիքով՝ ԱԺ խոսնակի սեւ ցուցակում ինքը հայտնվել էր այն ժամանակ, երբ թերթը սատարեց «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի աշխատակազմին, երբ առանց վերջիններիս կարծիքը հաշվի առնելու, նոր խմբագիր էր նշանակվել։

Անդրադառնալով անխոցելիների խնդրին, էքս գլխավոր խմբագիրը շեշտեց «անձեռնմխելիներից» մեկին՝ Պավլիկ Ասատրյանին։ Հայցվորն ուզում էր ճշտել. ԱԺ խոսնակի եւ նրա խոսնակի ո՞ր իրավունքների շրջանակի մեջ էր մտնում մարզպետների գործունեության գնահատումը, մի մարզպետի, որի «պատգամավորական անցուդարձն իմաստավորվել է ընդամենը կոճակ սեղմելով եւ քաղաքական ճգնաժամերի պահերին վարպետորեն գունափոխվելով»։ Ի դեպ, կանխորոշեց նա, եթե նոր քաղաքական ցնցումներ չլինեն, «անձեռնմխելին» ակնհայտորեն կկանգնի դատարանի առջեւ։

Դատարան իր նախորդ այցելության ժամանակ Վլադիմիր Նազարյանը հայտարարել էր, թե ԱԺ թերթը անախրոնիզմ է, կանոնադրությունն էլ՝ անկատար։ Հայցվոր կողմի կարծիքով՝ անախրոնիզմը վերացնելու փոխարեն ասպարեզից հեռացվել է մեկը, «ով փորձել է փտած պատերը քանդե՞լ»։

Ինչ վերաբերում էր, թե Լ. Ճաղարյանն անձնական նախասիրություններով է թերթ տպել՝ պատասխանող կողմի տրամաբանությանը, Լ. Ճաղարյանն ասաց (կամ տեղին է գրել՝ հիշեցրեց- Ռ. Մ.) «Թերթի խմբագիրը ես էի, իսկ ո՞ւմ նախասիրություններով պիտի տպեի. Վահագն Մկրտչյանի՞»։ «Ամբաստանյալը» իր վերջին խոսքում պնդեց, որ հրամանը քաղաքական հաշվեհարդար է «88-ին, երբ ես Ազատության հրապարակ մտա, ամենեւին էլ դրա համար չմտա, որ այն օրերի մեր ցույցերը ցրողներից մեկն այսօր ինձ գրեթե պետության թշնամի հռչակեր»։

Պատասխանող կողմի ներկայացուցիչն իր հերթին նշեց, թե իրենից պահանջվեց 1 ժամ 20 րոպե, զսպելու իրեն, «էմոցիաները շատ էին», դարձյալ կրկնելով նախորդ նիստերում ասածները. թերթը չի ապահովել կապը ժողովրդի եւ հասարակության միջեւ, թերթը ձեւավորել է ԱԺ-ի նկատմամբ բացասական հասարակական կարծիք, գլխավոր խմբագիրը խախտել է թերթի կանոնադրությունը…

Նա դատարանին ներկայացրեց ԱԺ հանրահայտ փաստաթղթի հրապարակման սղագրություն- արձանագրությունը, ուր պահպանվել եւ տեսանելի էին այն ծափերը, որն ընդունվել էր խմբագրի ազատման հետ կապված։ «Ուզում եմ չչարչրկվի այդ հանգամանքը (ազատման- Ռ. Մ.). չարժե անձնական խնդիրներով ստվեր գցել պետության վրա»,- կոչեց ԱԺ նախագահի խորհրդականը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031