Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է

Մարտ 30,1999 00:00

«ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՈՒՂԵԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԴԵՄՈԿՐԱՏԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ» Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրան՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների, Կոնյակի գործարանի, ցեղասպանության եւ այլնի մասին։ «Հայաստանն այսօր մի պետություն է, որի անկախացումն իբրեւ պատմության արդեն անցած ընթացք է։ Այսօր նա զարգացնում է սեփական ինստիտուտները։ Ուստի Հայաստանի հետ մեր հարաբերությունների բնույթն էլ փոխվել է։ Բարեկամական եւ հոգեւոր հարթությունից դրանք տեղափոխվել են մի հարթություն, դարձյալ բարեկամական, բայց որն ունի այլ բովանդակություն։ Այն է՝ ուղեկցել Հայաստանին դեմոկրատացման, տնտեսական եւ հասարակական բարեփոխումների ճանապարհին։ Սա դժվար խնդիր է, ծանր՝ հասարակության լայն շերտերի առումով, բայց անհրաժեշտ»,- այս նախաբանով մեր զրույցը սկսեց Միշել Լեգրան։ -Պարոն դեսպան, երկու տարի առաջ Դուք անկում էիք նկատել ֆրանսերենի ուսուցման բնագավառում։ Արդյո՞ք համալսարանի բացումը չի վկայում այդ ուսուցման բարելավման մասին։ -Ե՛վ այո, ե՛ւ ոչ։ Այդ համալսարանի նպատակը ոչ թե ֆրանսերենի, այլ տնտեսագիտության եւ իրավագիտության մասնագետներ պատրաստելն է, որոնց պրոֆեսիոնալ գիտելիքներն անմիջապես գործածելի կլինեն հասարակության մեջ։ Ինչ խոսք, ֆրանսերենի ուսուցումն ընթանալու է հավասարապես հայերենի, ռուսերենի եւ անգլերենի հետ։ Ես կարձանագրեմ այլ փաստ։ Այսօր Հայաստանում ավելի քիչ մարդ է խոսում ֆրանսերեն, քան 10-15 տարի առաջ։ Բայց նրանք, ովքեր խոսում են այսօր, ավելի լավ են խոսում։ Ես նկատի չունեմ հարուստ բառապաշարը կամ քերականորեն ճիշտ խոսելը։ Պարզապես այսօրվա սերունդը ճիշտ պատկերացում ունի ժամանակակից ֆրանսիական հասարակության մասին։ -Ուզում եք ասել, որ ֆրանկոֆոնիան խոր հիմքեր չունի՞ Հայաստանում։ -Իմ կարծիքով՝ ոչ։ Զբոսնեք փողոցներում եւ ֆրանսերենով նշված ո՛չ մի ցուցանակ չեք տեսնի, լինի նախարարության անվանում, թե պարզապես առեւտրական սրահի։ Ես Հայաստանը դասում եմ ոչ թե ֆրանսախոս, այլ ֆրանսամետ երկրների շարքում։ -Ո՞րն է ձեր դեղատոմսը։ -Եթե Հայաստանը ցանկություն հայտնի ֆրանսախոս դառնալու, մենք պատրաստ ենք աջակցել։ Կարծում եմ, ֆրանսերենի ուսուցումը խթանելու համար պետք է Ֆրանսիայում աշխատելու հնարավորություն ընձեռել։ Այդ դեպքում մարդիկ կսովորեն։ Հաջողության չենք հասնի, եթե դա արվի վերացարկված ձեւով, ինչպես 15 տարի առաջ էր։ -Պրն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք ֆրանս-հայկական հարաբերությունների նախորդ տարին՝ 1998-ը, դրական եւ բացասական տեսանկյուններից։ -Դրականը ֆրանսիական ձեռնարկությունների հետաքրքրությունն էր Հայաստանի նկատմամբ։ Հայկական հասարակական կարծիքը, ցավոք, բաժանված է այս առումով։ Ես համոզված եմ, որ արտասահմանյան ձեռնարկությունների հետաքրքրությունը, ֆրանսիական լինի, թե ոչ, դրական առավելություն է։ Ես ապշած եմ նեղ ազգայնականների արձագանքից։ Դա չի համապատասխանում Հայաստանի զարգացման շահերին, որի մասին մենք քիչ առաջ խոսում էինք։ Հայաստանն ունի արտասահմանյան կապիտալի կարիքը։ Նա այլընտրանք չունի։ Եվ քաղաքական գործիչները լավ կանեին, եթե հետ պահեին իրենց բռունցքները։ Հայաստանի համար, որը պրոգրեսիվորեն մարդասիրական օգնությունը փոխարինում է սեփական զարգացմամբ, դա լավ ճանապարհ է։ Բայց, անշուշտ, չի նշանակում, որ պետք է դադարեցնել մարդասիրական օգնությունը կարիքավորների համար։ Ես պարզապես ցանկանում եմ, որ Հայաստանը հետամուտ լինի իր զարգացմանը։ Բացասականը հասարակական կարծիքի որոշ մասի արձագանքն էր, որը փոքր-ինչ սեիստական պատկերացում ունի պետության եւ ժամանակակից տնտեսության իմ գիտելիքների հարաբերության մասին։ Կարծում եմ, որ այս երեւույթը ձգտում ունի փոխվելու եւ դուք՝ լրագրողներդ, դեր ունեք խաղալու հավասարակշռված ճշմարտացի ինֆորմացիայի փոխանցման գործում։ -Խոսքն, անշուշտ, Կոնյակի գործարանին է վերաբերում։ Խնդրում եմ պարզաբանել գործարքի գնի վերանայման եւ դրա պատճառների մասին ինչ-որ վարկածներ։ -Ես «Պեռնո Ռիկարի» ներկայացուցիչ չեմ, բայց այնքանով, որքանով մասնակցում եմ այդ գործին, կպատասխանեմ։ Բոլորին հայտնի է, որ «Պեռնո Ռիկար» ընկերությունն առաջարկել էր 30 մլն դոլար գին եւ մեթոդ։ Երկու միլիոնը նախապես մուծվել էր՝ գործարանը մեկ տարով վարձակալելու համար, ինչը թույլ կտար խորությամբ ծանոթանալու գործարանի կարողություններին, թերություններին, հաշվապահությանը եւ կատարել գույքագրում։ Հեռվից կատարվող այս տեսակ գնումները ժամանակ են պահանջում որոշելու. արժե՞ արդյոք։ Վարձակալման հիմունքով մեկ տարվա կառավարումը հայկական իշխանությունների խնդրանքով կրճատվեց մինչեւ վեց ամիս (հունիսից դեկտեմբեր)։ Կառավարության՝ սեփականաշնորհման գինը հնարավորին չափ արագ գանձելու ցանկությունը միանգամայն օրինական է եւ հասկանալի։ Բայց այդ ընթացքում վրա հասած ռուսական ճգնաժամը եւ այն հանգամանքը, որ ձեռնարկության փաստաթղթում նախապես նշված որոշ բաներ չէին համապատասխանում իրականությանը, խոսքը մասնավորապես որակի ապահովման մասին է, «Պեռնո Ռիկարին» մղեցին նոր բանակցությունների, գործարքի կնքման ժամկետը վեց ամսով երկարաձգելու։ Այս հունիսի 30-ին ընկերությունը վերջնականապես կորոշի. կա՛մ վճարել մնացած 28 մլն դոլարը, կա՛մ հրաժարվել Հայաստանում հաստատվելու գաղափարից։ Ես նրանցից եմ, ով այս գործարքը երկկողմանի լավ գործարք է համարում։ Սա է հաջողության միակ երաշխիքը։ Եթե երկու կողմից որեւէ մեկը գործարքից գոհ չէ, ապա այն երկար տեւել չի կարող։ Ես միանգամայն վստահ եմ, ՀՀ նախագահը եւ վարչապետը դրանում չեն կասկածում։ Նրանց մտադրությունն է՝ արդյունքի հասցնել այս նախաձեռնությունը. արտասահմանյան ձեռնարկությունների միջոցով նոր շուկաներ նվաճել՝ այլ գործունեություն ծավալելու համար։ Բայց իրերը դասավորվեցին նախատեսվածից ավելի բարդ։ Ես չեմ երկմտում ասել՝ ներքին կառավարման պատճառով, որը չունի բացարձակ թափանցելիություն։ Հետեւաբար, «Պեռնո Ռիկարը» կարգի է բերել եւ, իմիջիայլոց, կարգի է բերում գործարանը, այն դնելով նոր հիմքերի վրա։ Սա դժվար խնդիր է, որ ժամանակ է պահանջում, եւ ես հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը հաջողությամբ կպսակվեն, եւ երեք ամսից գործարանը նոր թափ կառնի։ -Պրն դեսպան, մի քանի օր առաջ ֆրանսիական RFI ռադիոալիքը հայտնեց, որ Սենատը խաղաղասիրական նպատակներով մերժել է քննարկել հայկական ցեղասպանության հարցը։ Մինչդեռ անցյալ տարի Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր ցեղասպանության մասին բանաձեւ։ Ինչո՞ւ է մերժել Սենատը։ 172Հարցը իր օրակարգում գրանցելու կամ չգրանցելու հարցը պետք է վերջնականապես որոշվեր մարտի 23-ին։ Բայց Սենատի առջեւ Ֆրանսիայի արտգործնախարարի ելույթը պատասխանում է շատ հարցերի։ Ես ձեզ կտամ այդ ելույթի տեքստը (այդ տեքստը կտպագրվի թերթի առաջիկա համարներից մեկում – Լ.Ս.)։ Այս բարդ խնդիրը մեզ մոտ սահմանադրական հարթության վրա է դրվում։ Արդյոք օրենքը կարող է այս ոճի խնդիր արտահայտել, այսինքն՝ հռչակել ինչ-որ բան, առանց դրա սանկցիան ունենալու։ Ֆրանսիայի սահմանադրության 48-րդ հոդվածը սահմանում է. ինչ է օրենքը եւ ինչին պետք է այն ծառայի։ Սրանից հարց է ծագում։ Արդյո՞ք մի օրենք, որ ճանաչում է պատմական փաստը, օրենք է։ Պառլամենտականներն ավելի լավ չէի՞ն անի, եթե հանդիսավոր հռչակագիր ընդունեին, որը կարտահայտեր իրենց կարծիքը առանց օրենսդրական ապարատում գրանցելու։ Ես Ֆրանսիայի օրենքները հարգող քաղաքացի եմ եւ կհարգեի նաեւ այդ օրենքը եթե այդպիսին ընդունվեր։ Բայց ես իրավունք չունեմ իրենց ցուցումներ տալու։ Ի վերջո, եթե օրենքը ճանաչում է Հայկական ցեղասպանությունը, ի՞նչ է այն տալիս իրականում։ Ոչ շատ բան։ Կա մեկ այլ խնդիր. ինչո՞ւ ճանաչել Հայկական ցեղասպանությունը եւ ոչ Կամբոջիայի կամ Ռուանդայի ցեղասպանությունը։ Դժբախտաբար, այդպիսի դեպքեր շատ կան, որոնք նույնպես ցեղասպանություն են։ Արդյո՞ք պետք է օրենք ընդունել յուրաքանչյուրի համար։ Անկեղծ ասած, ես չգիտեմ, մենք մի փոքր շփոթված ենք օրենքի նման մոտեցումից։ Դա չէր փոխի պատմական փաստի ճանաչման ֆենոմենը։ -Պարոն Լեգրա, 1998 թ. սեպտեմբերին նախատեսված էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցը Հայաստան։ Ինչո՞ւ այդ այցը տեղի չունեցավ։ Ինձ հասած տեղեկությունների համաձայն, այն տեղափոխվել է այս տարի։ Ճի՞շտ է արդյոք։ -Այս տարվա համար դեռ շուտ է խոսել, որովհետեւ կարող է հետագայում թյուրիմացության տեղիք տալ։ Այցերը չեղյալ են հայտարարվում ամեն օր։ Դա պատահում է՝ կապված օրացուցային հանգամանքների հետ։ Կոնկրետ Ժակ Շիրակի շուրջայցը Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, չկայացավ նրա բարձր ճնշման պատճառով այդ օրերին։ Այդ այցը մի օր տեղի կունենա, բայց պետք է, որ դա արվի կոնկրետ նպատակով։ Այսօր ընդունված չեն զուտ ձեւական, պրոտոկոլային այցերը։ -Մի վերջին հարց, պրն դեսպան։ Արդյո՞ք ծրագրել եք երկարացնել ձեր պայմանագիրը իբրեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան։ -Դա կախված չէ ինձնից, այլ՝ Ֆրանսիայի նախագահից եւ արտաքին գործերի նախարարից։ Նրանք են որոշելու. ես մնում եմ, թե գնալու եմ ավելի հեռու։ Այդպիսին է դիվանագետի կյանքը։ Այնտեղ, որտեղ ես կարող եմ օգտակար լինել, ինձ համար հետաքրքիր է։ Հարցազրույցը վարեց ԼԻԱՆԱ ՍԱՅԱԴՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել