Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ Թուրանի» հարավային տարբերակը

Ապրիլ 02,1999 00:00
Turan

Համաձայն թուրքական Ջումհուրիեթ թերթի մի քանի օր առաջ հրատարակած տեղեկության, երկրի արտաքին գործերի նախարարությունը վերջերս վերանայել եւ արդի պահանջներին է համապատասխանեցրել այսպես կոչված Իրաքի ծրագիրը, որը պատրաստվել է դեռեւս 1996 թ. երկրի այն ժամանակվա վարչապետ Բուլենթ Էջեւիթի կողմից: Ծրագիրը բաղկացած է 12 կետերից, որոնք հնարավորություն են տալիս լիակատար պատկերացում կազմել ոչ միայն հարեւան երկրի հիմնախնդիրների հետ կապված Թուրքիայի տեսակետի, այլեւ տարածաշրջանի ապագա զարգացման վերաբերյալ հայացքների մասին: Համաձայն փաստաթղթի, միջազգային հանրությունը պետք է վերացնի Իրաքի տնտեսական էմբարգոն, իսկ ԱՄՆ-ը՝ արձագանքի Իրաքի կողմից դրական քայլերին:

Իրաքի իշխանություններն, ի պատասխան, պետք է երաշխավորեն ամբողջ երկրում ժողովրդավարության զարգացումը եւ մարդու իրավունքների պահպանումը, իսկ, հատկապես, Հյուսիսային Իրաքում բացեն անվտանգության միջանցք, կազմակերպեն ընտրություններ եւ այստեղ բնակվող Էթնիկական խմբերի հետ բարձր մակարդակով հանդիպումներ եւ բանակցություններ սկսեն: Այդ ընթացքում, ըստ ծրագրի, Թուրքիան ժամանակ չկորցնելով «միջազգային հանրությանը հիշեցնում է Հյուսիսային Իրաքում թուրքմենների գոյության մասին», ՕՊԵԿԻ /Նավթ արտահանող երկրների խոշորագույն կազմակերպություն/ անդամ երկրներին բացատրվում է, որ նավթի գնի վերաբերյալ իրենց մտավախություններն անիմաստ են, իսկ ԱՄՆ-ին հիշեցնում է, որ Թուրքիայի տարածքում գտնվող ռազմական բազաների օգտագործումը նրանց կողմից ժամանակավոր երեւույթ է: Ձեռքի հետ էլ միջնորդի դեր է կատարում Իրաքի եւ Իսրայելի միջեւ, նպաստելով վաղեմի թշնամիների միջեւ կայուն հարաբերությունների ձեւավորմանը: Ահա այդպիսի քայլեր էր պատրաստվում անել Թուրքիան 1996 թ. եւ, ըստ երեւույթին, պատրաստվում է անել այժմ:

Ակնհայտորեն երեւում է, որ դրանք դժվար թե դուր գան ԱՄՆ-ին կամ Իսրայելին, սակայն Թուրքիան բավականին վճռական է դրանք կատարելու համար: Որն է պատճառը, որն է այն գերնպատակը, որի համար արժե վտանգել երկու այնքան հզոր եւ կարեւոր զինակիցների հետ հարաբերությունները: Դա Հյուսիսային Իրաքն է:

Այստեղ օրեցօր հզորացող քրդական շարժումը չի կարող չանհանգստացնել Թուրքիային: Սակայն, ինչպես լավ հայտնի է, Իրաքի քրդերը Սադամ Հուսեյնի դեմ պայքարում կարեւորագույն հենարան են եւ այդ պատճառով վայելում են ԱՄՆ-ի ամենալայն աջակցությունը: Այդ հաշվարկներին հակառակվելը անլուծելի խնդիր է նույնիսկ Թուրքիայի համար: Սակայն Թուրքիան այդ հարցում կարող է ԱՄՆ-ին երկընտրանք առաջարկել՝ հենվել ոչ թե Հյուսիսային Իրաքի քրդերի, այլ այստեղ բնակվող թուրքմենների վրա: Դրանով Թուրքիան միաժամանակ երկու կարեւորագույն աշխարհաքաղաքական խնդիր է լուծում՝ մի կողմից չեզոքացնում է իր կողքին քրդական պետություն ստեղծելու վտանգը, մյուս կողմից էթնիկական թուրքերով բնակեցված միջանցք է բացում դեպի Միջին Ասիայի թուրքական պետությունները, այլ խոսքերով ասած՝ իրականացնում է «Մեծ Թուրանի» հարավային տարբերակը: Հնարավո՞ր կլինի արդյոք իրականացնել այդ ծրագիրը, իհարկե դեռ վաղ է խոսել, սակայն ամեն ինչ վկայում է, որ Թուրքիայում փոշին արդեն թափ են տվել հնուց փայփայված օսմանական երազանքներից:

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930