Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեսպուբլիկան» Ֆորշին նեղացրել է

Ապրիլ 16,1999 00:00

«Ռեսպուբլիկան» Ֆորշին նեղացրել է Ու Ֆորշը «ռեսպուբլիկայի» դարդից մինչեւ մայիսի 20-ը 6 ամսով մեկնում է Արգենտինա։ Իր ասելով՝ շատ սոլիդ պայմանագիր ունի Արգենտինայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի կողմից (դիրիժորը հայ չէ, հաստատ իսպանացի է)։ Ֆորշը, ինչպես գիտեք, ջութակահար է եւ Արգենտինա է մեկնում որպես ջութակահար։ – Հայ շատ երգիչներ քո պես ասում են՝ կոնտրակտ ունեմ, հետո գնում են, ու պարզվում է՝ միջին կարգի ինչ-որ ռեստորանում են երգում։ – Չէ՛, ես կոնտրակտ ունեմ։ Ափսոս մոտս չի, ցույց կտայի։ Բայց եթե ռեստորանում երգելու տարբերակ լինի, ինչո՞ւ չէ որ… դրա մեջ վատ բան չկա։ Մինչ մոտակայքի սրճարանին հասնելը, Ֆորշն ասաց, թե ընդմիշտ է գնում ու ես էլ ուզում էի արդեն երանի տալ իմ աչքերին, որ հնարավորություն ստացա նրան վերջին անգամ տեսնելու, անգամ մտածում էի հարցազրույցի ժապավենը պահել… հետագայի համար… Հենց հասանք սրճարան, հրաժարվեց «մշտական»-ի գաղափարից. «Ո՞վ ասաց՝ ընդմիշտ, ես տենց բան չեմ ասել…»։ Ֆորշը գնում է մենակ։ «Ռեսպուբլիկայից» իր նեղացածության մասին խորապես չպատմեց, բայց… – Ինչպե՞ս բացատրեմ կոնկրետ բառերով։ Դու ներքուստ հասկանում ես, չէ՞, ինչ եմ ասում… – Ասում ես՝ Երգի պետական թատրոնում կայացած «հրաժեշտի» համերգներիդ ժամանակ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, ուրեմն՝ քեզ սիրում են… (իհարկե, հետո ասաց, որ դահլիճի փոքր լինելուց էր, երեւի, որ ասեղ գցելու տեղ չկար)։ – Հա՛, հասկանում եմ, ինձ սիրում են… – Փող չե՞ն տալիս… – Հա՛, չեն տալիս։ Ֆինանսական դրությունը սուղ է։ Ուղիղ յոթ տարի է՝ վարձով եմ ապրում։ Սիրում են՝ թող մի բան անեն։ Իսկ էն, ինչ-որ անում եմ, այդ վաստակած գումարը չի բավականացնում, որ կարողանամ բնակարան ձեռք բերել։ Ես երեւանցի եմ ու ծնվել եմ քաղաքի կենտրոնում, ծայրամասում ապրելուց իմ սիրտը ճաքում է։ Դրա համար էլ ես նախընտրեցի՝ թող լինի կենտրոնում, թեկուզ վարձով, ոչինչ։ – Մոնումենտում ես ապրում, այնքան էլ կենտրոն չի։ – Դե՛, այնտեղ մի քիչ էժան է։ – Հիմնական վիրավորվածությունդ դա՞ է։ – Չէ, դա էլ է, կամաց-կամաց կուտակվում է, էլ չեմ կարողանում… Ֆորշի սիրտը նեղվում էր, որ Հայաստանում պրոդյուսեր չկա, որ համերգները մեծ ծախսեր ու պատրաստվածություն են պահանջում, իսկ շոու-բիզնեսի մասին մեր պայմաններում խոսելն ընդհանրապես ավելորդ է… – Իսկ գոնե Արգենտինայում լա՞վ են վճարելու։ – Հա՛, ավելի՝ քան… Բա՛, ժողովուրդ, ռեսպուբլիկա, Ֆորշը մեկնում է Բուենոս Այրես։ – Գիտե՞ս ինչ է նշանակում Բուենոս-Այրես… մաքուր օդ… «Ռեսպուբլիկայի» օդն էլ արդեն Ֆորշին դուր չի գալիս։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել