Լրահոս
Օրվա լրահոսը

9 տարի անց ՄԻԵԴ-ը արձանագրեց կյանքի իրավունքի խախտում՝ զինծառայողի մահվան գործով

Սեպտեմբեր 18,2026 19:00 Share

Մոտ 9 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի սեպտեմբերի 1-ին «Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրել է վճիռ՝ արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի և 13-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքի խախտումներ։ Դատարանը գտել է, որ պետությունը չի ապահովել զինվորական ծառայության ընթացքում մահացած Ա. Մ․-ի կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը և չի իրականացրել նրա մահվան հանգամանքների արդյունավետ քննություն՝ 2-րդ հոդվածի խախտում արձանագրելով թե՛ նյութաիրավական, թե՛ ընթացակարգային առումներով։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2014 թվականի դեկտեմբերի 4-ին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող Ա. Մ․-ի մահվանը։ Նրան հայտնաբերել էին ծառայողական դիրքի մոտ գտնվող խրամատում՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով։ Նույն օրը հարուցվել էր քրեական գործ, իսկ ավելի քան մեկ տարի անց՝ 2016 թվականի փետրվարին, վարույթը կարճվել էր՝ այն եզրակացությամբ, որ Ա. Մ․-ը ինքնասպանություն էր գործել, և նրա մահը այլ անձի ապօրինի գործողությունների հետևանք չէր։ Դիմումատուի՝ Պ․ Մ․-ի բողոքները ներպետական ատյաններում չեն բավարարվել։

2017 թվականի հուլիսի 17-ին Պ․ Մ․-ը դիմել էր ՄԻԵԴ՝ պնդելով, որ որդու մահվան հանգամանքները պատշաճ կերպով չեն քննվել։

«Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուի շահերը Եվրոպական դատարանում ներկայացրել է դիմումը ներկայացնելու պահին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակից Արայիկ Զալյանը։

ՄԻԵԴ-ը, ուսումնասիրելով գործը, արձանագրել է, որ քննության ընթացքում մի շարք էական հանգամանքներ չեն պարզաբանվել։ Մասնավորապես, հակասություններ են եղել զինծառայողների ցուցմունքներում՝ կրակոցի ձայնը լսելու վերաբերյալ, չի պարզվել դեպքերի ճշգրիտ ժամանակագրությունը, բավարար բացատրություն չի տրվել զենքի վրա մատնահետքերի բացակայությանը, իսկ զինծառայողներից մեկի մոտ հայտնաբերված կրակոցի հետքերը պատշաճ կերպով չեն հետազոտվել։ Դատարանը նաև նշել է, որ բալիստիկ փորձաքննությամբ չի պարզվել կրակոցի հեռավորությունը, ինչը կարևոր էր մեկ այլ անձի կողմից կրակելու հնարավորությունը բացառելու համար։

ՄԻԵԴ-ը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Ա. Մ․-ի մահվան պաշտոնական վարկածը զգալիորեն հիմնված էր նրա ենթադրյալ հոգեբանական և բնավորության առանձնահատկությունների վրա, մինչդեռ ծառայության ընթացքում նրան բնութագրող փաստաթղթերում նա ներկայացված էր որպես հոգեբանորեն կայուն և ծառայությանը հարմարված զինծառայող։ Դատարանի գնահատմամբ՝ իշխանությունները բավարար ջանասիրությամբ չէին ուսումնասիրել նաև այլ հնարավոր վարկածներ, այդ թվում՝ Ա. Մ․-ի՝ մեկ այլ քրեական գործով կարևոր վկա լինելու հանգամանքով պայմանավորված հնարավոր վտանգների հարցը։ Արդյունքում ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ քննության լուրջ թերությունների պատճառով իշխանությունները չեն կարողացել ներկայացնել նրա մահվան պատճառների վերաբերյալ ողջամիտ և համոզիչ բացատրություն։

ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ Պ․ Մ․-ը չի ունեցել իր որդու կյանքի իրավունքի խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի համար փոխհատուցում պահանջելու՝ քրեական վարույթի արդյունքից անկախ արդյունավետ միջոց։ Վճռով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցվել է Պ․ Մ․-ին վճարել 50,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել