Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը Թուրքիայում ընտրություններ են

Ապրիլ 17,1999 00:00
turqia

Վաղը Թուրքիայում տեղի են ունենալու արտահերթ պառլամենտական եւ տեղական ընտրությունները։ Դրանց անցկացումն անխուսափելի դարձավ այն բանից հետո, երբ 1998 թ. դեկտեմբերին փլուզվեց կուսակցությունների դաշինքը եւ Թուրքիայի Գերագույն ազգային համագումարում խափանվեցին կառավարական այլ կոալիցիա ստեղծելու փորձերը։

Այս ճգնաժամի արմատները դեռեւս նախորդ ընտրությունների արդյունքներում են, երբ 1995 թ. դեկտեմբերի 24-ի ընտրություններում աշխարհիկ «Թուրքիայի ժողովուրդը» ձայների զգալի մասը՝ 21 տոկոսը զիջեց իսլամիստական «Բարօրություն» կուսակցությանը։ Դա մահմեդականների անսպասելի ու ակնհայտ հաղթանակն էր։ Եվ մինչ կուսակցության ղեկավար Նեցմեթին Էրբաքանը հաղթանակ էր տոնում, մզկիթներ բացելու եւ կանանց գլխաշորերի ադաթը վերականգնելու խոստումներ տալիս, թուրք գեներալները հասկանում էին, որ ժողովրդավարություն խաղալն ի վերջո կարող է երկրում իսլամիստական ռեւանշի բերել։ Փորձեցին Մեսութ Յըլմազի եւ նախկին վարչապետ Թանսու Չիլերի կոալիցիա ստեղծել։ Նրանց ղեկավարած կուսակցությունները 19-ական տոկոս էին հավաքել եւ կարող էին լուրջ հակակշիռ դառնալ «Բարօրությանը»։ Չստացվեց։ Երեք ամիս անց Չիլերն, ի զարմանս բոլորի, իր «Ճշմարիտ ուղու կուսակցությունը» տարավ ոչ այլուր, քան Էրբաքանի հետ միավորվելու։ 1996 թ. հունիսից մինչեւ 1997 թ. բանակը համբերում էր, սակայն փետրվարի 28-ին Ազգային անվտանգության խորհրդում բանակայինները պահանջեցին, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն արմատական գաղափարախոսության տարածման դեմ։ Այդ պահանջի առթիվ առաջ տանկերով Անկարայի մոտակայքում մի փոքրիկ «հանրահավաք» կազմակերպեցին։ Ի վերջո, պիտի հիշել, թե ով է երկրի իրական ղեկավարը։

Ամռանը վարչապետ նշանակվեց «Հայրենիք» (ավելի ճիշտ՝ «Մայրենիք») կուսակցության ղեկավար Մեսութ Յըլմազը, որին հաջողվեց կոալիցիայի մեջ մտնել ձախ ժողովրդավար Բյուլենթ Էջեւիթի եւ սոցիալ-դեմոկրատ Դենիզ Բայքալի հետ։ Այսպիսով, 1997 թ. հունիսի 30-ին կազմավորվեց ընտրություններից հետո չորրորդ, ամենաերկարակյաց կառավարությունը։ Սակայն Յըլմազի ղեկավարման մեկուկես տարին հանգիստ չէր անցել, իսլամիստական մեծամասնությունը պառլամենտում անընդհատ հիշեցնում էր իր մասին։ Չօգնեց, նույնիսկ, 1998 թ. փետրվարին «Բարօրություն» կուսակցության կասեցումը։ Իսլամիստները չլռեցին, չնայած Էրբաքանին արգելվեց քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Նրանք միավորվեցին նորաստեղծ «Առաքինություն» կուսակցության տանիքի ներքո եւ պահպանեցին իրենց ազդեցությունը ինչպես պառլամենտում, այնպես էլ հասարակայնության մեջ։

Առաջիկա ընտրություններում նախորդ սխալները թույլ չտալու համար, իշխանություններն ու բանակայիններն ամեն ջանք գործադրեցին իսլամականների ազդեցությունը չեզոքացնելու համար։ Սակայն, ինչպես նշում են դիտորդները՝ լուրջ արդյունք ստանալու «Առաքինություն» կուսակցության շանսերը բավականին մեծ են։ Իսլամիստները, որոնք ամբողջ ընտրարշավն անցկացրին արգելված լինելու վտանգն աչքի առաջ ունենալով, այսօր էլ Թուրքիայի ղեկավարության հիմնական գլխացավանքն են մնում, չնայած պարզ է, որ նրանք չեն կարող կազմել պառլամենտական մեծամասնություն։

Ի դեպ, սա վաղվա ընտրությունների եւս մեկ վտանգն է՝ դժվար թե տեղերի մեծամասնություն հաջողվի ստանալ մասնակիցներից որեւէ մեկին, իսկ դա նշանակում է, որ ընտրություններից հետո, երկրում սպասվում է կոալիցիաներ ստեղծելու եւ իշխանություն կիսելու երկար եւ բավականին խարդավալից շրջան։ Վերլուծաբաններն արդեն իսկ առաջարկում են հնարավոր դաշինքների առնվազն հինգ տարբերակ։ Ինչեւէ, հետընտրական պատկերը խոստանում է հետաքրքիր լինել, փորձը՝ ուսանելի։

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930