Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՐԵՆԴԻՆ

Մայիս 01,1999 00:00
Toto

«Վարչապետի մոտ» պանդոկում

Շվեյկը գարեջուր գերադասում էր խմել «Թասի մոտ» պանդոկում։ Երեւանցիների մի մասը ժամանակը գերադասում է անցկացնել «Ժուդեկսի մոտ» պանդոկում։ Ոչ շարքային երեւանցիներն արդեն մի քանի տարի է հավաքվում են վարչապետի մոտ։ Անկախ վարչապետների փոխվելու փաստից, այդ հավաքները կոչվում են «խորհրդակցություն վարչապետի մոտ»։

Դրանց ժամանակ որպես կանոն շատ լուրջ հարցեր են քննարկվում։ Ամենեւին էլ չեմ պնդում, թե հարցերը լուրջ են քննարկվում։ Պարզապես քննարկված հարցերն են լուրջ հետեւանքներ ունենում՝ երկրի տնտեսության համար, ի վերջո՝ բոլորիս համար։ Նման խորհրդակցություններում են, օրինակ, բարձրացվում հոսանքի սակագները։

Նշենք բոլորին՝ անուն առ անուն

ՀՀ վարչապետի մոտ մարտի 2-ին կայացավ նման մի հանդիպում։ Մասնակցում էին քաղաքացի Ա. Դարբինյանը՝ ՀՀ վարչապետի կարգավիճակում, քաղաքացի Վ. Ավանեսյանը՝ ՀՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարարի կարգավիճակում, քաղաքացի Է. Սանդոյանը՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում, քաղաքացի Ա. Մելքոնյանը՝ ՀՀ նախագահի օգնականի կարգավիճակում, քաղաքացի Ա. Ազիզյանը՝ ՀՀ ստանդարտացման, չափաբանության եւ սերտիֆիկացման վարչության պետի կարգավիճակում, քաղաքացի Ս. Ղանթարջյանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի կարգավիճակով, քաղաքացի Բարսեղյանը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի կարգավիճակով, քաղաքացի Ա. Խաչիկյանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի տեղակալի կարգավիճակով։ «ՀՀ վարչապետի մոտ» կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են «Պեռնո Ռիկար» ընկերության առաջարկները։ Քննարկումից հետո ընդունվել են լուրջ հրահանգ-հանձնարարականներ։

Մեջբերումներ փաստաթղթից

«ՀՀ գյուղնախարարությանը՝ մինչեւ մարտի 2-ի օրվա վերջ՝

ա) կալանք դնել «Երեւանի «Արարատ» գինու կոմբինատ» ՓԲԸ կողմից արտադրված «Արարատ» (լոգո) պիտակով կոնյակի ապրանքաքանակի վրա եւ զեկուցել վարչապետին,

բ) չեղյալ համարել «Երեւանի «Արարատ» գինու կոմբինատ» ՓԲԸ տրված «Արարատ» (լոգո) կոնյակի արտադրության լիցենզիան եւ զեկուցել վարչապետին,

գ) ապրանքային նշանների գրանցման ժամանակ հաշվի առնել, որ «Արարատ» (լոգո) ապրանքային նշանի օգտագործման բացառիկ իրավունքը վերապահված է «Երեւանի կոնյակի գործարան» պետական ՓԲԸ-ին՝ կոնյակի արտադրության համար եւ «Երեւանի «Արարատ» գինու կոմբինատ» ՓԲԸ-ին՝ գինու արտադրության համար»։ Փաստորեն, եթե մանուկները «լեգո»-ով են խաղում, մեծահասակները գերադասում են «Լոգոն»։

Փաստորեն Հայաստանի Հանրապետությունում ոչ մի տնտեսավարող սուբյեկտ չի կարող վստահ լինել իրեն տրված գործունեությունը արտոնող պետական լիցենզիային։ Կառավարությունը կամ այն անձինք, որոնք իրենց հավաքույթ-քննարկումը կարող են որակել որպես խորհրդակցություն «վարչապետի մոտ», կարող են նաեւ զայրանալ։ Զայրանալ ու ոտի վրա չեղյալ հայտարարել նախօրոք տրված արտոնագրերը։ Նրանց այդ պահին ամենեւին էլ չեն հետաքրքրում տնտեսավարողների վնասները։

Մեջբերումներ ուրիշ փաստաթղթից

Մյուս նախարարությունները՝ դժվար է ասել, իսկ գյուղնախարարությունը շատ հատուկ է կատարում վարչապետի հանձնարարականները։ Հենց նույն օրը՝ մարտի 2-ին, գյուղնախարարությունում ստորագրվել է թիվ 51 հրամանը։ Այն վերնագրված է. «Արարատ» եւ «Հայկական կոնյակ» անվանմամբ արտադրվող եւ իրականացվող կոնյակի շշերի վրա. արտոնագրային նիշերի օգտագործումը բացառելու մասին»։

Նկատեցի՞ք, որ գյուղնախարարությունը պաշտպանում է միայն կոնյակի գործարանի՝ ասել է թե «Պեռնո Ռիկարի» շահերը։ «Վարչապետի մոտ» փաստաթղթում որոշված է «Արարատ» անունը (լոգո) պաշտպանել նաեւ Երեւանի համանուն գինու գործարանի համար։ Բայց այս փաստը գյուղնախարարությանը չի հետաքրքրում։ Առաջին փոխնախարար Ա. Խաչատրյանը վերցրել ու գրել է.

«Հրամայում եմ՝ 1. համակարգի գինու-կոնյակի բոլոր ձեռնարկությունների (բաժնետիրական ընկերությունների) տնօրեններին. անկախ սեփականության ձեւից, բացառությամբ «Երեւանի կոնյակի գործարան» ՊՓԲԸ-ին, արգելվում է կոնյակի պիտակների վրա օգտագործել «Հայկական կոնյակ» անվանմամբ բառակապակցությունը, ինչպես նաեւ արգելվում է հայկական կոնյակի արտադրությունը, շշալցումը եւ իրացումը «Արարատ-լոգո» ապրանքային նշանի, Արարատ լեռան եւ «Արարատ» անվանմամբ կլոր պատկերով»։

Նախարարական ու փոխնախարարական նման գործելաոճը վաղուց Հայաստանում ոչ ոքի չի զարմացնում։ Արդեն 50-60 տարի է՝ Դեմիրճյանի հանրահայտ հերոսի հրամանին ենթարկվելով, արեւը դուրս է գալիս արեւելքից ու մայր է մտնում արեւմուտքում։ Իսկ 5-6 տարի է, մասնավոր սեփականատերերը, բան ու գործ թողած, ենթարկվում են իշխանավորների հրամանին։ Մեր նախարարաց դասը դեռ չի ընկալել, որ տնտեսությունը բաժանված է առնվազն 2 հատվածի՝ պետական եւ մասնավոր։ Մասնավոր հատվածում զբաղված մարդկանց աշխատանքային գրքույկներն այլեւս որեւէ նախարարության կադրերի բաժնում չեն։ Ոչ մի պաշտոնատար չի կարող որեւէ հրաման, հանձնարարական կամ պատիժ տալ մասնավոր գործատուին, կամ նրա աշխատակցին։

Նախարարությունն այսօր արգելում է հայկական կոնյակի արտադրությունը, երբ հանրապետության շատ հին ու հայտնի ձեռնարկություններ ունեն կոնյակի հնեցված պաշարներ, համապատասխան արտադրամասեր եւ, ի վերջո, կոնյակ արտադրելու լիցենզիա՝ առաջիկա մի քանի տարվա համար։ Նրանց վնասները մեր կառավարությունը չի էլ հաշվարկի։ Վերջինս ավելի կարեւոր գործեր ունի՝ օրինակ, նպաստավոր պայմաններ ստեղծել «Պեռնո Ռիկարի» համար։ Տխուր է, արդեն մի տարի է՝ Երեւանի կոնյակի գործարանը հանված է ազգային արժեքների ցուցակից։ Այդ ընթացքում էլ Ֆրանսիայի սենատն էլ հրաժարվեց ճանաչել ցեղասպանությունը։ Որ ի՞նչ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31