Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԹ ԴԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 99-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ. ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Հունիս 09,1999 00:00
morikyan

Դաս առաջին. ընդհանուր

Անկախության այս 8-9 տարիների ընթացքում այդպես էլ ի վիճակի չեղանք ոչ միայն հստակեցնել երկրի նպատակն ու խնդիրները, ձեւավորել պետական անհրաժեշտ ինստիտուտները, որոշակիացնել նրանց դերը մեր երկրի կյանքում ու տարանջատել գործառույթները, այլեւ չհաջողվեց նույնիսկ դրանց անհրաժեշտության ու սկզբունքային տարբերության գիտակցումը արմատավորել հասարակական գիտակցության մեջ: Ցանկացած քիչ թե շատ բարձր դիրք կոչվող բան այսօր հասարակության մեջ դիտվում է որպես բարիքների լրացուցիչ եւ կայուն աղբյուր միայն, անտեսվում է այդ դիրքավորի բուն գործունեության էությունը, նրա պարտքի ու պատասխանատվության չափն ու ձեւը երկրի ու ժողովրդի ապագայի եւ վերջինիս յուրաքանչյուր անդամի ճակատագրի հարցում:

Դաս երկրորդ. սոցիալ-հոգեբանական

Հետ չենք նայում: Հիշելու համար գոնե, թե որտեղից ենք գալիս եւ ինչ ենք բերում մեզ հետ, որ ըստ դրա էլ որոշենք մեր այսօրվա տալիք-առնելիքն ու վաղվա անելիքը: Մինչդեռ մի ոտքով դեռ ամուր կանգնած ենք լավագույն դեպքում պերեստրոյկա-գլասնոստի ժամանակներում: Ու, չգիտես ինչու, անտեսում ենք դա: Չե՞նք զգում, թե՞ հաշվի չենք առնում, որ միակուսակցական, խիստ գաղափարայնացված, բայց եւ միաժամանակ, ապաքաղաքական, հստակ ու առեւերույթ գոնե անսասան համակարգ ունեցող հասարակարգի ծնունդ ենք: Ու գրեթե ամեն բանի կարոտ: Առաջին հերթին՝ ինքնուրույն մտածել-նախաձեռնել-գործելու: Ու, դրանով իսկ, այսօր անպաշտպան: Ու նաեւ պետության ու պետականության գիտակցության դեռեւս խիստ սաղմնային կերպով: Երկրի ու իշխանության ժառանգականության բացակայությամբ, որի պատճառը ոչ թե ժառանգելիքի չգոյությունն է, այլ ժառանգելու գիտակցության ու կարողության բացակայությունը: Արդյունքում՝ ապաքաղաքական, ապագաղափարական, բայց արդեն ինտրիգների սովորած, հուսահատ ու մոլոր հասարակություն ունենք: Որն իր ձայնը փաստորեն ծախեց: Ու, իրավիճակից ելնելով, վարվեց խիստ իրատեսորեն: Եվ հիրավի «պրիմուսի հավերժական ասեղ» այս արդեն պատրանաթափ անձանց այլեւս պետք չէ, նրանք «չեն ուզում հավերժ ապրել, նրանք ուզում են մեռնել», իսկ մինչ այդ, անկախ տարիքից ու զբաղեցրած դիրքից, նրանց շարունակելու է ճնշել 214 կիլոգրամանոց մթնոլորտի սյունը: Ու դա արդեն գիտաբժշկական փաստ է: Ուրեմն հնարավորինս պետք է հավասարակշռել այդ ճնշումը: Ու նրանք էլ հենց դա փորձեցին անել:

Դաս երրորդ. իշխանական

Իշխանությունները, առերեւույթ, ջախջախիչ հաղթանակ տարան: Առերեւույթ՝ քանզի հայտնի չէ, թե ում են հաղթել: Ու նաեւ՝ առայժմ գոնե՝ թե ինչու՞:

Ամեն դեպքում արձանագրենք, որ նախագահական ինչպես 95-ի՝ «80 տոկոսի» մասին, այնպես էլ 99-ի «մոսկաների» ցուցումները (մեկը կասեր՝ «ցուցմունքը») իրագործվեց: «Անտոկոսներից» շատերն իսկապես մոսկաներ են: «Տոկոսավորներից» շատերն էլ: Միակ ցավալին ու անհեթեթն այն է, որ փիղը չի երեւում: Գոնե առայժմ…

…Մարդիկ քնելուց չեն վախենում: Արդյունքը կանխատեսելի է՝ արթնություն, նոր, գուցեեւ ավելի լավ օր: Մինչդեռ մահից վախենում են, որովհետեւ նրանց համար այդ սահմանագծից անդին անհավատների համար, իհարկե, անորոշություն է:

Եվ իշխանության հաղթանակը իրական կարող է դառնալ անորոշությունները հաղթահարելու, երկրի, ժողովրդի եւ յուրաքանչյուր անհատի վաղվա օրը կանխատեսելի դարձնելու դեպքում միայն: Որովհետեւ ժողովուրդը հերթական անգամ հավատաց նրանց: Թեկուզ եւ լուրջ այլընտրանքի բացակայության պատճառով, բայց միեւնույնն է՝ հավատաց: Գուցեեւ վերջին անգամ:

Երբ աշխարհակալ Հռոմի ամենազոր կայսրերը հերթական տրիումֆով մտնում էին Հավերժական քաղաք, եւ նրանց դիմավորում էր ցնծությունից խենթացած ամբոխը, նրանք շքեղ ձիակառքերի վրա իրենց երկու կողմերում կանգնեցնում էին մեկական ստրուկի, ովքեր հաղթանակած ու փառքով վերադարձող կայսեր զույգ ականջներին էլ անընդմեջ մի նախադասություն էին շշնջում. «Հիշիր, որ մահկանացու ես», որպեսզի նրանք՝ ոգեւորված ու շլացած ժողովրդի բուռն ու ցնծալից ընդունելությունից, հանկարծ չփորձեին իրենց համեմատել աստվածների հետ: Մեզանում ո՞վ կստանձնի այդ ստրուկների առաքելությունը: Չգիտեմ: Խորհրդարանական ընդդիմությունն արդեն լրիվ ձեռնասուն է, խորհրդարանից դուրս էլ ինչ-որ անհասկանալի խաղեր են գնում, որոնք ըստ էության խոչընդոտում են լուրջ ընդդիմության ձեւավորմանը: Ու դեռ երկար կխոչընդոտեն: Մինչդեռ առանց այդ «ստրուկների» առաջընթացը շատ դանդաղ կլինի: Ու ոչ ցանկալի արդյունավետությամբ:

Դաս չորրորդ. ընդդիմադիր

Ընդդիմությունը պարտություն կրեց: Եվ մասնակցող, եւ բոյկոտող: Ու, կարծում եմ, օրինաչափ պարտություն: Սխալ հաշվարկների պատճառով: Գաղափարախոսական անհստակությունների, ժողովրդի մեջ իրական եւ ամուր հենարան, հուսալի ռազմավարություն ու մարտավարություն չունենալու պատճառով: Իրատեսության եւ հիշողության բացակայության: Ժողովրդից կտրվածության: Քարոզչական ոչ հստակ համակարգի, չպլանավորված ու անհետեւողական աշխատանքի պատճառով: Իրական լծակներ ու ֆինանսներ չունենալու պատճառով: Լուրջ, կառուցողական ու իրականացման մեխանիզմներ պարունակող հայեցակարգերի ու ծրագրերի չգոյության պատճառով: Միով բանիվ, ընդդիմությունը պարտություն կրեց ոչ այն պատճառով, որ իշխանություններն էին ուժեղ, այլ որ ինքն էր թույլ. անկազմակերպ ու, առաջին հերթին՝ անմիաբան: Այսօրվա ընդդիմությունը, որի գերակշիռ մասը երեկվա իշխանություններն են, ի վիճակի չեղավ ստիպել իրեն ընդունելու խաղի այն կանոնները, որոնք բնականորեն պարտադրում էին օրվա իշխանությունները` կողմնորոշվել ու գործել ուրիշի գծած դաշտում: Այս եւ վերոհիշյալ խնդիրների եւս որոշ ժամանակ անգիտություն եւ իրական լծակների բացակայություն, ու ընդդիմադիրներն առանձին-առանձին իհարկե կարող են վերածվել աղանդների: Ընդդիմությունն այսօր իսկ պարտավոր է վերագնահատել իր դիրքորոշումները. զորօրինակ, որ ժողովուրդը դեմ է իշխանություններին, որ եռա կամ քառամիասնության դեմ քարոզչությունն ու պայքարը հիմնավորված է ու արդյունավետ: Ի վերջո, ընդդիմադիրները այսօր արդեն ստիպված են խոստովանել իշխանությունների գերակայությունն իրենց նկատմամբ: Նրանք նպատակ դրեցին իրենց առջեւ եւ հասան դրան: Մինչդեռ ընդդիմությունը չկարողացավ անգամ հստակեցնել իր խնդիրն ու նպատակը: Չգիտակցվեց մի պարզ ճշմարտություն նաեւ. միաժամանակ բոլորի դեմ պայքարելու դեպքում ակամա նպաստում ես հենց այդ «բոլորի» համախմբմանը: Հիշենք, թեկուզ, ավելը կոտրելու մասին առակը: Ու, կարծում եմ, դժվար չէր գիտակցել, որ նույն այդ «ավելի» տարբեր ճյուղերը հաստատ տարբեր շահեր ու խնդիրներ ունեն: Թեկուզ եւ ինքնապահպանման միմյանցից էապես տարբեր հայեցակարգեր:

Դաս հինգերորդ. խորհրդարանական

Երկրում իշխող ստվերային տնտեսությանը գումարվելու եկավ նաեւ ստվերային օրենսդիր գործունեությունը: Ու մանավանդ ուժեղ, կամային, ինքնուրույն, իր հեղինակությամբ ու գործով հուսալիորեն պաշտպանված վարչապետի առկայության պայմաններում, որն այսօր փաստորեն այլընտրանք չունի, խորհրդարանը կկորցնի իր քիչ թե շատ ինքնուրույն դիմագիծը: Թեեւ այդ անդիմությունը կարող է եւ դրական գործոնի վերածվել, եթե խորհրդարան բերվեն ոչ թե քաղաքականապես նպատակահարմար, այլ պետականաշեն նախագծեր:

Դաս վեցերորդ. ելակետային

Պետական հստակ ու հավասարակշիռ համակարգ, բարոյահոգեբանական եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ, որոշակի սկզբունքներ եւ արժեքային չափանիշներ մեզանում հնարավոր է փաստորեն ներդնել եւ կիրառել միայն այն դեպքերում, երբ դա բխում է նաեւ երկրի ճակատագիրը որոշող անհատների անձնական շահերից:

Դաս յոթերորդ. ամփոփիչ

Ունենք այն, ինչ ունենք: Ու դրանում այլեւս ոչ մեկին պետք չէ մեղադրել: Ետ նայելն էլ իմաստ չունի: Քանզի «ետ»-ը արդեն անցյալ է ու պատմություն: Իսկ պատմությունը «եթե»-ներ չի ընդունում: Ունենք որոշիչ-հլու մեծամասնություն: Բայցեւ, միաժամանակ, այդ մեծամասնության ուժեղ առաջնորդների թե անձնական ու թե միասնական շահը այս պահին համընկնում է երկրի ու ժողովրդի շահերին: Եվ այդ բացառիկ պատեհությունը անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել: Երկրի համար առաջընթաց քայլեր կատարելու նպատակով:

Ի վերջո, երկիր կայացնելն իսկապես նման է վեպ գրելուն: Առաջին պայմանն անշուշտ Աստծո կայծն է, որը գրողի համար հանճար կամ տաղանդ է կոչվում: Ու թե ունես այդ կայծը, մնում է միայն ամբողջականորեն պատկերացնել քեզ անհրաժեշտ միջավայրն ու իրավիճակը, գտնել դրանց համապատասխանող հերոսներ, ճիշտ «դերաբաշխում» կատարել, նրանց կենսագործունեությունն ապահովելու համար ստեղծել համապատասխան միջավայր ու … Ու քեզ կմնա միայն երեբեմն-երբեմն ուղղորդել նրանց. նրանք արդեն կարող են ապրել նաեւ իրենց ինքնուրույն կյանքը՝ ու արդեն ի շահ քո վեպի:

Ճիշտ է՝ ընթերցողի խնդիրն էլ կա՝ նրա հասկանալ-ընկալել-գնահատելու: Ու հենց դրա համար էլ գոյություն ունեն գրականագետները, որոնց հիմնավորում-մեկնություն-քարոզն էլ տեղ կհասցնի քո գործը: Ու խնդրի ամբողջական իրականացման համար նրանք փաստորեն պետք է դառնան քո երկրորդ «ես»-ը:

Սեւագրություններն արդեն բազմաթիվ են: Կատարված սխալները ու անհամապատասխանությունները՝ ակնառու: Ավարտուն ու հաջողված հատվածներն էլ՝ ոչ քիչ: Մնում է ավարտին հասցնել նաեւ դրանք միմյանց կապող կտորներն ու ամբողջականացնել գործը: Դյուրին չէ, իհարկե, բայց եւ ոչ շատ բարդ ու անիրականանալի: Մանավանդ՝ կենսականորեն անհրաժեշտ է:

Անաչառ լինելու համար ասեմ նաեւ, որ ետ քայլն էլ բացառված չէ: Դրա հավանականությունն էլ կա: Անգամ տեղը: Բայց արդեն շատ քիչ: Վիճակն ուղղակի, ինչպես ամեն ինչ, անընդհատ վատանալ չի կարող: Կգա մի կրիտիկական պահ, որտեղ այն արդեն ստիպված կանգ կառնի: Որ դրան անպայման կհաջորդի իրավիճակի բարելավումը: Բայց եթե «ընտրվի» այս՝ երկրորդ տարբերակը, որը, անկեղծ ասած, քիչ հավանական է, ապա վիճակը կսկսի լավանալ արդեն առանց այս մեծամասնության ու առանց այս առաջնորդների…

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930