Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՉԷՐ ԿԱՐՈՂ, ՍԴ-Ն ՉԷՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ

Հուլիս 02,1999 00:00
Edvard Egoryan

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար եւ «Հայրենիք» դաշինքի առաջնորդ Էդվարդ Եգորյանը միակն էր, որ Սահմանադրական դատարան դիմեց՝ վիճարկելով համամասնական ընտրահամակարգով ընտրությունների արդյունքները։ Ինչպես եւ նախապես կանխատեսել էինք՝ նրա հայցը մերժվեց։

-Խորհրդարանական այս խառնափնթոր ընտրություններից բողոքում էին բոլոր կուսակցությունները, բայց դրանք անվավեր ճանաչելու հայցով միայն Դուք դիմեցիք Սահմանադրական դատարան։ Ձեր մեկնաբանությամբ, մյուսներն ուղղակի չցանկացա՞ն կռվից հետո եւս բռունցքներ թափահարել, թե՞ դրդապատճառներն այլ էին։

– Որոշ կուսակցություններ, երբ խորհրդարանից դուրս էին մնում կամ քիչ տեղեր էին զբաղեցնում, կամ էլ նախագահն իրենց մարդը չէր լինում՝ խոսում էին ժողովրդավարության, կեղծ ընտրությունների մասին եւ այլն։ Հենց իրենց մարդիկ են եւ իրենք էլ իշխանությունից բաժին են ունենում՝ լռում են եւ ընտրությունները նույնիսկ ամենից լավն են համարում։ Այդ դեպքում ինչո՞ւ էին քննադատում ՀՀՇ-ին, որն, ըստ էության, 1995-ին ու 1996-ին նույն կերպ էր վարվում։ Այդ կուսակցությունների նախկին դժգոհությունները, փաստորեն, իշխանության մեջ բաժին չունենալուն էին վերաբերում եւ ոչ թե սկզբունքային հարցերին, թե արդյոք Հայաստանում պիտի՞ ժողովրդավարություն հաստատվի։ Ճիշտ կլիներ, որ ՍԴ դիմեին ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ԱԺՄ-ն՝ սա իսկապես մեծ քայլ կլիներ դեպի ժողովրդավարություն, քանի որ մի բան է՝ երբ 5%-ը հաղթահարած կուսակցությունն է հրաժարվում իշխանության իր փոքրիկ չափաբաժնից, եւ այլ բան՝ երբ մեզ նման որեւէ մեկը, որի մասին կարելի է ասել՝ չեն անցել, դրա համար էլ բողոքում են։ Այսինքն, որոշ «շատ աղմկոտ» կուսակցություններ այժմ իրենց պահվածքով հերքեցին սկզբունքային լինելը եւ կրկնեցին ՀՀՇ-ի սխալը, որը 1996-ին չհամաձայնեց իմ առաջարկին՝ հանուն մաքուր ընտրությունների հրաժարվել իշխանության որոշակի բաժնից։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն կուսակցությունների պահվածքը, որոնք հայտարարել էին ՍԴ դիմելու իրենց վճռականության մասին եւ նահանջեցին։ Ընդ որում, եթե ԱԻՄ-ն ինչ-ինչ բացատրություններ տվեց (արդյոք դրանք համոզի՞չ էին), ապա «Ազատությունն» անգամ որեւէ հիմնավորում չներկայացրեց։

– Միգուցե նրանք փաստեր չունեին եւ այդ պատճառո՞վ չդիմեցին։ Բայց նրանք գիտեին, որ մենք դիմելու ենք, եւ կարող էին միանալ գոնե որոշ փաստեր հավելելով։ Համարում եմ, որ այս դեպքում էլ նորից սկզբունքայնության լուրջ պակաս էր զգացվում։ Բնականաբար, չեմ կարող որեւէ կերպ նրանց արդարացնել՝ երեւի իրենք ինչ-ինչ արդարացումներ ունեն։ Պարզ էր, որ ես իմ համար չէի դիմել։ Արդյունքները նույնպես պարզ էին՝ այդքան միամիտ չենք, որ չկանխատեսեինք, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու։ Բայց մի քանի կուսակցությունների դիմելը գոնե ապագայում կսթափեցներ իշխանություններին։ Այնուամենայնիվ, միայն մենք դիմեցինք եւ դրա հնչեղությունը շատ ավելի փոքր էր։ Համենայն դեպս, իմ խնդիրն այսօր բոլորին քննադատելը չէ, ավելի լուրջ բաների մասին խոսենք։

– Որոշ լրատվամիջոցներ «մոտավոր» էին անվանում Ձեր ներկայացրած փաստերը։ Գուցե եթե որոշակիությունն ավելին լիներ՝ նաեւ ՍԴ-ի որոշո՞ւմն այլ լիներ։

– Մեր դիմումի մեջ ե՛ւ թվաբանական հիմնավորումներ կային, ե՛ւ շատ կոպիտ խախտումների վերաբերող կետեր։ Նույնիսկ եթե թվաբանությունն էլ բավարար չէ, բայց այդպիսի կոպիտ խախտումներ կան՝ սկզբունքային եւ լուրջ հասարակությունը կստիպեր նման ընտրություններն անվավեր ճանաչել։ Օրինակ՝ մարդկանց ընտրելու իրավունքի զանգվածային ոտնահարումը չափազանց ակնհայտ էր։ Դատարանի միջոցով ընտրական իրավունքը վերականգնելու ձեւական հնարավորությունը դեռեւս մարդու իրավունքները չխախտելու ցուցանիշ չէ։ Գյուղերից դատարան հասնելու ծախսերը կամ իր իսկ պատճառած այլ վնասները պետությունը փոխհատուցո՞ւմ է։ Իհարկե, կարելի է ասել, թե մթնոլորտի բաղադրությունը ճիշտ որոշելու համար երկրագնդի բոլոր կետերում պիտի դրա ճիշտ տվյալները ունենաս։ Բայց ինչպես մթնոլորտը նույն բաղադրությունն ունի, այսպես էլ այս ընտրություններում մթնոլորտը կամ մոտեցումները նույնն էին ամբողջ հանրապետությունում։ Ասենք, մեր դիտարկումների համաձայն, ցուցակներում շուրջ 15%-ի խախտումներ կային։ Դա թվաբանության վերածելու համար շատ պարզ լուծում էի ՍԴ-ին առաջարկել՝ բավարար էր վերցնել մի քանի տեղամասերի ընտրողների վերջնական ցուցակները, համեմատել համապատասխան անձնագրային բաժնում հաշվառված քաղաքացիների ցուցակների հետ։ Մեզ այդ տվյալները չէին տրամադրում, իսկ ՍԴ-ն դա հեշտությամբ կարող էր անել, եթե ցանկություն ունենար։ Արարատի մարզի արդյունքները ԿԸՀ-ն մեզ չէր տրամադրել, բայց երբ ՍԴ-ն բավարարեց մեր միջնորդությունը՝ նույն օրը եւեթ դրանք ներկայացրին։ Եվ անմիջապես ընդամենը 1 ժամվա ընթացքում, ՍԴ-ի փորձագետի ներկայությամբ մեր փորձագետները մոտ 11 հազարի անճշտություններ հայտնաբերեցին՝ պաշտոնական շուրջ 1500-ի փոխարեն։

Ակնհայտ էր, որ պետք էր հետազոտել, խորանալ, բայց ՍԴ-ն նման ցանկություն չցուցաբերեց։ Ի դեպ, այդպես էլ չբերեցին Երեւանի որոշ արձանագրությունները։ Ինչպես արդեն նշել եմ, ԿԸՀ-ում «Միասնության» ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը վկայեց, որ մարզերի տվյալները ԿԸՀ-ի անդամներն (իհարկե, ընդդիմադիրները եւ, մասնավորապես, «Հայրենիքի» ներկայացուցիչը, դրան մասնակցություն չեն ունեցել, ու նույնիսկ չեն էլ իմացել այդ մասին) կամ հետ են ուղարկել, կամ էլ պահանջելով այլ փաստարկներ՝ ինչ-ինչ ուղղումներ են կատարել եւ մուտքագրել ԿԸՀ-ի համակարգչում։ Այսինքն, մարզային հանձնաժողովների իսկապես վատ արդյունքները հաշվի չեն առնվել, այդ մասին ԿԸՀ-ում քննարկում չի եղել, խախտել են փաստաթղթերի ընդունման կարգը։ Եվ հետո, ըստ էության, իրենց թույլ են տվել կատարել ցանկացած ճշտումներ։ Ուրեմն, նրանք ապօրինաբար արդյունքներ են ձեւավորել։ Ո՞վ ասաց, թե այդ կարգով բոլորի «կողմ»-երը եւ «դեմ»-երը չի կարելի փոխել կամ ձեւավորել ցանկացած արդյունք՝ անկախ քվեարկության տվյալներից։ Ակնհայտ էր, որ կոպտագույն ոտնահարում էր տեղի ունեցել եւ այդ ապօրինի ճշտումների միջոցով արդյունքներն էապես փոփոխվել էին։ Սա նման է արտադատարանական կարգով մարդուն դատապարտելու՝ որեւէ տարբերություն չկա։ Ցավոք սրտի, ՍԴ-ն իր որոշման մեջ չանդրադարձավ նաեւ այս կարեւորագույն դրույթին՝ սրբորեն պահպանվեց կեղծիքի գլխավոր աղբյուրներից մեկը։ Բոլորովին ուշադրություն չդարձվեց, որ քվեարկության հաջորդ օրն արձանագրությունների 7-րդ եւ 8-րդ ձեւերը գրեթե ոչ մի տեղ փակցված չեն եղել, ուրեմն ողջ հասարակությունն անտեղյակ էր արդյունքներից եւ զուրկ վերահսկելու հնարավորությունից։

Դարձյալ կոպտագույն խախտում էր, որ պարզվեց ԿԸՀ-ն բացարձակապես կարգ չի սահմանել վերահսկողության, ցուցակները ճշտելու եւ այլնի վերաբերյալ։ Ինքն իրեն հեռու է պահել այդ խնդրից, որ ԿԸՀ-ի լիազորությունն էր։ Սա նույնպես ՍԴ-ի լուրջ քննության առարկա չդարձավ։ Անճշտությունները վկայում են, թե ընտրական «օրգանիզմը» որքանով է հիվանդ. չնայած շատ դժվար է նշել, թե այդ հիվանդությունն ինչպես է դրսեւորվել։ Մենք անճշտությունների մեծ թիվ էինք ներկայացրել եւ էական տարբերություն չեղավ մեր եւ ՍԴ-ի հաշվարկների միջեւ։ Չնայած անհետացել էին մեր այն մի քանի արձանագրությունները, որոնց մեջ ամենամեծ թվերն էին։ Փոքր-ինչ քաոսային վիճակում էինք՝ գուցե դրանց փոխարեն մեկ ուրիշն էինք ներկայացրել, գուցեեւ ոչ…

Համենայն դեպս, էական փոփոխություններ չեղան։ Հազարի տարբերությունը փոքր բան է, երբ մեր ներկայացրած տարբերությունը հարյուր հազարից ավելի էր. յոթերորդ ձեւով հաշվելուց հետո՝ մոտ 81 հազար։ Այդ առաջարկն էլ արեցի, որ ԿԸՀ-ի անդամները, ՍԴ-ի եւ մեր փորձագետները միասին քննեն այն տվյալները, որոնց վերաբերյալ տարաձայնություններ կան։ Այս միջնորդությունն էլ անտեսեցին, արագ-արագ որոշում կայացրին, քանի որ պարզ էր՝ եթե խորանային, շատ վատ բաներ կպարզվեին։ Չէ որ թեկուզ 81 հազարի չափ անճշտությունը նշանակում է, թե այդքան ձայն կարող էր ստանալ որեւէ կուսակցություն՝ ԱԻՄ-ը, «Հայրենիքը» եւ այլն։ Այսինքն, ընտրությունների արդյունքներն ամբողջովին աղավաղվել էին։ Սրանք փաստեր են, յուրաքանչյուր ցանկացող կարող է մեզ մոտ գալ ու ծանոթանալ այդ անճշտությունները պարունակող արձանագրություններին։

– Այնուամենայնիվ, եթե իրոք միամիտ չէիք ու գիտեիք, որ այս բոլոր փաստարկներն ու միջնորդություններն անարձագանք են մնալու՝ ինչո՞ւ ՍԴ-ին դիմեցիք։

– Իրոք, բոլորս էլ հասկանում էինք, որ ՍԴ-ն, միեւնույն է, ընտրություններն անվավեր չի ճանաչի։ Եվ մեր գլխավոր խնդիրն արդյունքների վերանայումը չէր։ Անկեղծ ասած, ցանկությունս միայն այն էր, որ այս աղաղակող փաստերին գոնե լրջորեն անդրադառնային ՍԴ-ի որոշման նախաբանում։ Եթե այդ ամենավատ ու կարեւոր խնդիրներին՝ առանց օրինական ընթացակարգի արդյունքներ ձեւավորելուն, հրապարակայնություն չապահովելուն, անճշտությունների մեծ քանակին եւ դրանք հաշվարկելիս ԿԸՀ-ի կամայականություններին եւ խախտումների այլ մեխանիզմներին ՍԴ-ն իր որոշման գոնե նախաբանում չի անդրադառնում, շատ դժվար է բավարար համարել այդ վճիռը։ Եթե այդպես չենք անում՝ ինչու պիտի այս իրավիճակը փոխվի, կարգավորվի։ Ես հույս ունեի, որ գոնե այդքանով ՍԴ-ն կօժանդակեր ապագայում նորմալ ընտրությունների կայացմանը եւ դա լուրջ առաջընթաց կհամարեի։ Բայց դա չեղավ եւ ինձ միայն այս հարցազրույցն էր մնում։ 4

Թվարկած կեղծիքները դեռ բավական համառոտեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031