Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋՍ ՄԱՍԻՆ

Հուլիս 07,1999 00:00
TOTO

Երկար մրսելուց հետո, կյանքի 42-րդ տարում իր մահկանացուն կնքեց Երեւան քաղաքի հիմնական մարդկանցից մեկը՝ համոզված ուտոպիստ, ռոմանտիկ կնամոլ, խորապես խմող, մտածող եւ լրագրող Օ՜Ջալոյանցը։

Մինչ նրա անունը հոլովելը կդառնա մոդայիկ, իրենց մահախոսականները կտպեն աշխարհի բոլոր թերթերը, եւ քաղաքում ասեղ գցելու տեղ չի մնա նրա արձանների եւ կիսանդրիների առատության պատճառով, ես ցանկանում եմ մի քանի խոսք ասել այդ հրաշալի մարդու մասին։

Ունենալով խոր իռլանդա-խեթական արմատներ, Օ՜Ջալոյանցի նախնիները դեռ վաղ միջնադարում լքեցին մառախլապատ Ալբիոնը եւ եկան Հայաստան՝ մի քիչ տաքանալու։ Ներկայումս մեծ դժվարությամբ կարելի է վերականգնել նրանց փառապանծ տոհմածառը՝ հաճախակի էտման պատճառով։ Հայտնի է միայն, որ դարերի ընթացքում իռլանդական արյունը նրանց երակներում պակասում էր, իսկ հայկականն՝ ավելանում։ Թե ինչ ֆանտաստիկ արդյունք ստացվեց դրանից, կարծում եմ, ավելորդ է նշել…

Օ՜Ջալոյանցը ծնվել է 1958 թ. գարնանային օրուգիշերահավասարի օրը, Արարատյան դաշտավայրում, ծովի մակերեւույթից 600-800 մ բարձրության վրա։

Դեռ մանուկ հասակից նա սովորեց դիմանալ ճակատագրի հարվածներին, բարձր եւ ցածր ջերմաստիճանների եւ խոնավության ազդեցությանը, ինչպես նաեւ տրանսպորտային վիբրացիային եւ ցածր մթնոլորտային ճնշմանը։

Էքստեռն ավարտելով Տեր-Թոդիկի անվան ծխական դպրոցը, բնականաբար նա ընդունվեց ֆիզիկայի ֆակուլտետ, որպեսզի ավարտելուց հետո կարողանա տարբերել ֆիզիկան մետաֆիզիկայից։ Ցավով պետք է նշել, որ այդ երազանքը մնաց անկատար…

Հենց այդ տարիներին էր, երբ մի երեկո, «Կռունկ» գարեջրատանը նստած մի խումբ ուսանողներ լսեցին նրա խռպոտ բարիտոնը «Ֆելլինին ճիշտ էր, դժոխքում ոչ թե ինը շրջան է, այլ՝ 8 1/2, վերջին կեսի սպասումը իրագործումից սարսափելի է։ Այդ մասին գիտեն բոլոր հին շախմատիստները»։ Այս խոսքերը լսելով, հարեւան սեղանի տակ պառկած Վլադիմիր Քրիստափորի Դելակրույանը արտասվեց, նայեց խոսողին, խաչակնքեց եւ շարունակեց արտասվել։ Օ՜Ջալոյանցը տուն ուղեկցեց Քրիստափորիչին, եւ, չնայած պարզվեց, որ լրիվ ուրիշ տուն է ուղեկցել, սկսվեց մի ընկերություն, որը, առանց րոպե իսկ ընդմիջվելու, տեւեց երկար տարիներ…

Օ՜Ջալոյանցը չէր սիրում ժամանակ կորցնել եւ, համալսարանն ավարտելուց հետո, անմիջապես աշխատանքի անցավ Տիեզերական ճառագայթների լաբորատորիայում՝ որպես ճառագայթվող։ Սակայն ուսման ծարավն անհաղթահարելի էր, եւ Օ՜Ջալոյանցը մեկնեց ասպիրանտուրա։ Մոսկվայում նրա ղեկավարը Ժոռն էր, Ֆիլիպ Աուռեոլ Տեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմի (Պարացելս) միակ գիտական ժառանգորդը։ Բացի գիտական աշխատանքը, աշակերտն ու ուսուցիչը մեծ վաստակ ունեցան Գալիլեյի գործի վերանայման եւ արդարացման խնդրում։ Ո՞վ գիտի՝ ինչ բարձունքների կհասնեին այդ անվեհեր մարդիկ, բայց սկսվեց ազգի զարթոնքը, եւ ամեն ինչ անցավ երկրորդ պլան. Քրիստափորիչը սպասում էր…

Քրիստափորիչի եւ Օ՜Ջալոյանցի քաղաքական պայքարը սկսվեց խմբային միզադուլից, որի համեմատ հացադուլը մանկական խաղ է հիշեցնում. դա կհաստատեն գարեջրի բոլոր սիրահարները։ Երբ մեզի պարունակությունը արյան մեջ կյանքի համար սպառնալի չափերի հասավ, Քրիստափորիչը հղացավ ԱԲՇ* հիմնարար գաղափարները, որոնք նրա խոսքերից գրի առավ Օ՜Ջալոյանցը՝ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, սեփական հիվանդության պատմության թերթիկի վրա։ Ձեռագրերն, ինչպես հայտնի է, չեն այրվում։ Դեռ հիմա էլ առանձին հատվածներ եւ մեջբերումներ «Տարերային անարխիայի հիշատակարան»-ից կարելի է հանդիպել ցանկապատերին գրված եւ նույնիսկ ժողովրդական բանահյուսությունում, իսկ մի հատված երգի վերածվեց («Հայ եմ ես, Հայ ես դու, ես հայ եմ, դու հայ ես, քո ցավը տանեմ»)։

Կարճ ժամկետում երկու ընկերները իրենց ամբողջ պոտենցիալ էներգիան վերածեցին կինետիկի, եւ շարժումն անկասելի դարձավ։ Բայց ցրտեց… Եվ հունվարյան մի երեկո, հերթական տրամվայը ազգովին սարն ի վեր հրելիս, ժողովուրդը նկատեց, որ չնայած ծեր առյուծի (առյուծները սկսում են ծերանալ 10 տարեկանից) ճանկերը պահպանվել են, նա մրսում է։

Հանգուցյալին հիշելիս ընդունված է նշել միայն նրա արժանիքները։ Արդյոք անթերի՞ մարդ էր Օ՜Ջալոյանցը։ Իհարկե՝ ո՛չ։ Մասնավորապես, նա չէր կարողանում լուրջ ընկալել որեւէ մարդու, եթե վերջինիս անունը Ռոբերտ չէր։ Բրոուն, Հուկ, Բոյլ, Մավիսակալյան. ահա նրա ուսուցիչները։ Միակ բացառություններն էին Վլադիմիր Դելակրույանը եւ ես։ Մեկ անգամ չէ, որ նա ասել է ինձ. «Կխեղդե՛մ, ապո՛ւշ, չնայած անունդ Ռոբերտ է»։ Դա այն ժամանակ էր, երբ լճացման հաղթահարման համար Օ՜Ջալոյանցը ճահճացման կոչ արեց, որպեսզի, իր խոսքերով ասած, «ճահճում լոտոսներ աճեցնենք եւ դառնանք լոտոֆագներ»։

Խոսքը արծաթ է, լռությունը՝ ոսկի։ Օ՜Ջալոյանցը միշտ գերադասում էր արծաթը՝ ավելի բարձր էլեկտրա եւ ջերմահաղորդականության պատճառով։ Երեկ երեկոյան նա փոխեց իր կարգավիճակը, դարձավ ոսկի, եւ այդ ոսկու փայլը երկար կջերմացնի բոլոր այն մարդկանց սրտերը, ովքեր բախտ են ունեցել ճանաչելու Օ՜Ջալոյանցին։

ՌՈԲԵՐՏ ԶԱՀՐՈՒՄՅԱՆ

*ԱԲՇ (Ազգային բրոունյան շարժում) – Դարի հիմնական կուսակցությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031