Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԾԿԱԼԴ ԲԱՑ, ՆԵՐՍ ԳԱՄ ԵՍ

Հուլիս 07,1999 00:00
krcqkal

Իր առաջին հենարանը կնոջ կուրծքը ձեռք է բերել դեռեւս Հին Եգիպտոսում։ Կանայք այն ժամանակ փորձեցին ճիշտ ուղու վրա դնել անընդհատ դեպի ներքեւ ձգվող կրծքերը՝ յուրահատուկ էլաստիկ ժապավենների օգնությամբ։ Իսկ Կրետե կղզու ժամանակակից մոդայամոլ պչրուհիները կրծքի տակ հագնում էին հատուկ մետաղե օղեր, որոնք թեպետ սարսափելի ծանր եւ անհարմար էին, սակայն պատվով էին կատարում իրենց հաճելի դերը։

Անցան հարյուրամյակներ, եւ այդ դաժան օղերին, որոնք ծանրաքարշ ձիու նման կրում էին միջնադարյան գեղեցկուհիները, փոխարինեցին կորսետները։ Հետեւից ձգվող եւ կապվող ժապավենների շնորհիվ կորսետները ոչ միայն ձիգ էին պահում կնոջ գլխավոր հարստությունը, այլեւ հիանալի գրկում եւ ի ցույց էին դնում բարալիկ, սլացիկ իրանը։ Եվ միայն 1556 թվականին Ֆլորենցիայում հայտնվեց կարճացված կորսետը։ Սակայն կանայք շարունակում էին նախապատվությունը տալ երկուսը մեկի մեջ կորսետներին, որոնք ե՛ւ կուրծքն էին բարձրացնում, ե՛ւ մեջքն էին ձգում։ Շուտով նորամուծությունը՝ կարճ կորսետները, ընդհանրապես մերժվեցին եւ դուրս մղվեցին ներքնազգեստների «շուկայից»։ Դրանից հետո մի ամբողջ դար ձգվեց իսպանական կորսետների ժամանակաշրջանը։ Օ՜, սրանք մի աներեւակայելի սարսափելի բաներ էին՝ իսկական դագաղ՝ մետաղե շերտերով եւ փայտե շերտաձողերով, որոնք գրեթե ամբողջությամբ հարթեցնում, տափակացնում էին կուրծքը։ Ինչ խոսք, այդ սադիստական նորաձեւությունը ճիզվիտների ձեռքի գործն էր, որոնք, համոզված եմ, ուղղակի նախանձում էին կանանց, եւ անունը դնում, թե դրանք (կրծքերը) սատանայական բաղադրիչներ են… Հա՜-հա՜-հա՜…

Պչրուհիները հանգիստ շունչ քաշեցին միայն այն ժամանակ, երբ նախ Անգլիայում, ապա Ֆրանսիայում, պաշտոնապես արգելվեց իսպանական «դագաղների» ներկրումը։ Կորսետները դադարեցին տափակացնել կուրծքը. այդուհետ «մետաղե կմախքը» վերջանում էր անմիջապես կրծքի տակ, իսկ կրծքատակից վեր էին բարձրանում մետաքսե եւ ժանյակե շքեղ կրծքակալները։

Ի դեպ, հանդիսավոր եւ տոնական արարողությունների, միջոցառումների համար երբեմն պատրաստվում էին շատ ծանր մետաղից կորսետներ։ Սակայն դրանք այլեւս կապարից չէին պատրաստվում, այլ… ոսկուց կամ արծաթից։ Պատկերացնում եք, չէ՞, որքան բառացի կարելի էր հասկանալ «Իմ գեղեցկուհի կինը քաշով մեկ ոսկի արժե» արտահայտությունը։ Այդ նորաձեւությունը հասավ նույնիսկ Ռուսաստան. հանրահայտ Եկատերինա Երկրորդի հարսանեկան կորսետը (այդ ժամանակ նա դեռ հանրահայտ չէր) կազմված էր 12 ոսկե շերտերից։ Ընդ որում, Ռուսաստանում կորսետներ էին կրում միայն մեծանուն եւ հարուստ պալատականները, իշխանուհիները, իսկ հասարակ գեղջկուհիներն ընդհանրապես որեւէ «հենարանից» չէին օգտվում՝ ընդհուպ մինչեւ XX դարը։

Իսկ ահա՝ Հայաստանում, որքան հայտնի է, կորսետներ ընդհանրապես չեն եղել, մուտք չեն գործել։ Համենայնդեպս, մեր երկչոտ եւ ամոթխած պատմությունն այդ մասին լռում է, ոչինչ չի հիշատակում…

Տարեցտարի կորսետներն ավելի ու ավելի էին թեթեւանում։ Նապոլեոնյան բանակի հետեւակային բժիշկ Դաուբեն հնարեց մետաղե «կարթկոճգամը», իսկ գերմանացի բժիշկ-հիգիենիստ Էգերը՝ գործած լիֆը։

Առաջին կրծկալը պատենդավորվեց Անգլիայում՝ 1886 թվականին։ Կարված էր մանր ցանցահյուս կտորից եւ մարմնի վրայից չէր ընկնում լայն ժապավենների՝ բրետելների շնորհիվ։ Սակայն կորսետների դեմ վերջնական հաղթանակ տարավ էլաստիկ կրծկալը, որը 1910 թվականին ստեղծեց… ի՞նչ եք կարծում, ո՞վ՝ ֆրանսիացի մեծատաղանդ քանդակագործ Օգյուստ Ռոդենը։ Պատմում են, որ դրա համար նա նույնիսկ գնաց Լուվր եւ վերցրեց Մարի-Անտուանետի մարմարե կիսանդրու կրծքի չափսը։ Իսկ եւս 2 տարի անց, գերմանացի կորսետագործ Զիգմունդ Լինդհաուերը հնարեց մի կոճակով մեջքին կոճկվող «փափուկ» կրծկալը, որն արդեն ներքեւի մասում չէր պահվում։

Շուտով կրծկալներ հայտնվեցին նաեւ Ռուսաստանում։ Դրանք վաճառվում էին հիմնականում Մոսկվայի եւ Պետերբուրգի նորաձեւության տներում եւ առասպելական գին ունեին։

20-ական թվականներին ամերիկուհիները կրում էին տրիկոտաժից եւ լայն ժապավեններից կարված լիֆեր, իսկ անգլուհիները՝ կիսագրացիաներ՝ նոր-նոր նորաձեւության աշխարհում հայտնված «կայծակ» կոճգամով մեջքից կոճկվող։ Էլ ավելի ուշ Կոկո Շանելը ֆրանսուհիներին սովորեցրեց տրիկոտաժին։ Իսկ ՍՍՀՄ-ում դրությունը փրկեց «Դրուժբա» ֆաբրիկան, որը սովետական բանվորուհիներին այլընտրանքի հնարավորություն էր տալիս՝ կոշտ ու կոպիտ, դժգույն ու խունացած կտորներից կարված կրծկալներ՝ բամբակյա միջադիրներով կամ առանց դրանց։

Մինչ Ամերիկայում Ուորները ավելի ու ավելի հարմար էր դարձնում կրծկալները (ի դեպ, հենց նա էր հորինել դրանց A, B, C, D չափսերը), ՍՍՀՄ-ում կանայք կամ իրենք էին իրենց համար կրծկալ կարում, զարդարում ժանյակներով, կամ գնում էին «Դրուժբայի» անմխիթար եւ ողորմելի արտադրանքը։ Սովետական գյուղերում նման «թիթիզ» բաները դեռ շա՜տ երկար տարիներ էկզոտիկա էին համարվում։

Մերիլին Մոնրոյին կամ Բրիջիդ Բարդոյին կրկօրինակելու նպատակով, սովետական պչրուհիները հագնում էին թափանցիկ բլուզներ։ Իսկ դրանց տակից հեռվից-հեռու «շողշողում» էին հսկայական, զանգվածեղ կրծկալները՝ մեջքից մի քանի անդուր կոճակներով կոճկվող։ Այդ պատճառով խեղճ կանանց անգամ մականուն էին կպցրել՝ «ցելոֆանով միս»։ Վերջապես 1960 թվականին ՍՍՀՄ-ի կուլտուրայի մինիստր Եկատերինա Ֆուրցեւան կենտկոմի խորհրդակցության ժամանակ արտասանեց իր պատմական արտահայտությունը. «Յուրաքանչյուր կնոջը՝ մի գեղեցիկ կրծկալ»։ Եվ նա հասավ իր ուզածին՝ 2-3 տարում միութենական բոլոր խոշոր քաղաքներում սկսեցին արտադրվել ժանյակե նուրբ (իհարկե ֆրանսիականին չէին հասնի) կրծկալներ։

Այսօր Հոլիվուդում գրեթե չկա քիչ թե շատ հայտնի կամ հայտնի դառնալու ձգտումով տոչորվող մեկը, ում մարմնի վրա տեղակայված են ի ծնե, ի բնե կրծքեր՝ համատարած սիլիկոն է։ Սակայն 50-60-ականների շատ գեղեցկուհիներ, չունենալով այսօրվա սիլիկոնային հնարավորությունը, տարիներ շարունակ հանդիսատեսին, ռեժիսորին, անգամ սեփական ամուսնուն խաբում էին տարբեր խորամանկ միջոցներով։

Մերիլին Մոնրոն, օրինակ, բնականից բավական համեստ կուրծք ուներ, եւ որպեսզի ցնցող տպավորություն թողներ, կրծկալի մեջ սովորական բամբակ էր խցկում։ Մի անգամ նա այնքան էր չափն անցել, որ ռեժիսոր Հովարդ Հյուզին այդ հսկայական կրծքերը ոչ թե գրգռեցին, այլ անհանգստացրին։ Նա որոշեց ստուգել՝ ի՞նչն է բանը, եւ գլխիկոր դերասանուհի «ծոցից» դուրս հանեց… երկու հարյուր գրամ բամբակ։

Մի ուրիշ կինոաստղի՝ Մառլեն Դիտրիխի կուրծքն էլ այնքան գեղեցիկ չէր եւ կախված էր, ինչպես պատմել է նրա դուստրը՝ Մարիան։ Եվ Մառլենը բոլոր զգեստների եւ բլուզների տակից կարում էր հատուկ միջադիրներ։ Գիշերը հագնում էր հատուկ մետաքսե գիշերաշապիկներ, որոնց վրա կոպիտ հյուսվածքներ էին։ Իսկ որպեսզի ընդհանրապես «չար աչքից հեռու մնա», նա տղամարդու առջեւ մերկանում էր միայն լիակատար մթության մեջ։

Իսկ Բրիջիդ Բարդոն կրում էր հատուկ կարված մարմնագույն կորսետ։ Նա սարսափելի վախենում էր, որ որդու՝ Նիկոլայի ծնունդից հետո կուրծքը կկախվի եւ չէր հանում կորսետն անգամ գիշերը։ Բնականաբար, նրա տղամարդիկ այդ փաստից շա՜տ դժգոհ էին։ Սակայն կինոհրաշքն անդրդվելի էր…

Սակայն հիմա՝ III հազարամյակի շեմին, կարծես գեղեցկուհիները կարող են հանգիստ ապրել իրենց բնական կրծքերով, չէ որ ողջ աշխարհում նոր բում է, որը սկսվել է Հոլիվուդից՝ «գվինեթոմանիա»։ Այս նոր արշավը կրում է «Օսկարակիր եւ անչափ հմայիչ դերասանուհի Գվինեթ Փելթրոուի անունը, որը հայտնի է իր տղայական կազմվածքով եւ գրեթե բացակայող կրծքով։ Այնուամենայնիվ, նա այնքա՜ն գայթակղիչ է…

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031