Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական փողեր

Հուլիս 23,1999 00:00
byuje

Օրերս պառլամենտում Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանի նախագահությամբ եւ մասնակցությամբ խորհրդարանական հանձնաժողովների ու խմբակցությունների ներկայացուցիչների, տեղի է ունեցել խորհրդակցություն, թե ինչպես բաշխել բյուջեով նախատեսված 100 միլիոն դրամը, որը հատկացվել է կուսակցություններին։

ԱԺ Գիտության, կրթության, երիտասարդության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանից տեղեկացանք, որ ի սկզբանե դիրքորոշումները հստակեցվել են՝ այս նոր պառլամենտը վերահաստատում է մոտեցումներ՝ անհրաժեշտ մասնաբաժին հատկացնել նախորդ գումարման խորհրդարանական միավորներին։ Ընդ որում՝ բաժանումը կատարվելու է ըստ յուրաքանչյուրի աշխատանքային ժամկետի։

Պարզ, ավելի ճիշտ, կոպիտ թվաբանական հաշվարկները ցույց են տալիս, որ շուրջ 53 միլիոն դրամը կհատկացվի նախկին, իսկ մնացած 47-ը՝ նոր ԱԺ-ին։ Սակայն հարցն այսքանով չի ավարտվում՝ եթե նախորդ խորհրդարանի դեպքում ամեն ինչ պարզ է՝ գումարը բաժանել ըստ ԱԺ-ում ունեցած տեղերի հարաբերակցության, այսինքն՝ 53 միլիոնի կեսը «Հանրապետություն» բլոկին՝ իր բոլոր միավորներով հանդերձ, մնացածն էլ «Շամիրամին», Կոմկուսին, ԱԺՄ-ին եւ ԱԻՄ-ին (յուրաքանչյուրին բաժին հանելով 4-5 միլիոն դրամ), ապա նոր խորհրդարանի դեպքում բաժանման սկզբունքների եւ մեխանիզմների մեջ դեռեւս հստակություն չկա։

Բայց քանի դեռ նախորդ ԱԺ-ի հարցը չենք փակել՝ ասենք նաեւ, որ այս հարցում թունդ վիճաբանություն է ծավալել «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության 4-րդ համար Աղասի Արշակյանը՝ թե նախորդներին ոչինչ էլ տալ չի կարելի, որովհետեւ նրանց մեջ է, իր բառերը կրկնենք՝ հանցագործ ՀՀՇ-ն։

Երբ առաջարկը չի անցել՝ Աղասի Արշակյանն այդ 100 միլիոնից ընդհանրապես հրաժարվելու կոչ է արել՝ նկատի առնելով սոցիալական լարվածության այսօրվա ֆոնը։ Բնական է, չէ՞, որ նրա ասածը հավանության չի արժանացել։ Պատճառաբանել են, թե այդ գումարներն անհրաժեշտ են գրասենյակներ, թերթեր պահելու համար, եւ դրանք, ամենեւին էլ այնպես չէ, որ կուսակցությունների անդամներն իրար մեջ են բաժանում։ Իսկ եթե Աղասի Արշակյանը սոցիալական ծանր վիճակը նկատի ունի, կարող է հրաժարվել իր աշխատավարձից։ Այսքանով բարով-խերով անելով նախորդ ԱԺ-ին հատկացված փողերի հարցը եւ դրանց օգտագործման բարենպաստ ընթացք մաղթելով կուսակցություններին, անդրադառնանք մնացած 47 միլիոն դրամին, որն իրար մեջ պիտի բաժանեն «Միասնությունը», Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, Կոմկուսը, «Իրավունք եւ միաբանությունը», ինչպես նաեւ «Օրինաց երկիրը»։

Շավարշ Քոչարյանի վկայությամբ, կա երկու հիմնական մոտեցում։ Առաջին՝ գումարը բաշխել ըստ համամասնական ցուցակների ստացած տոկոսների։ Սա, իհարկե, տրամաբանական է։ ԱԺՄ վարչության անդամը տրամաբանություն է տեսնում նաեւ 5 %-ը հաղթահարած միավորների միջեւ գումարը հավասարապես բաշխելու սկզբունքի մեջ, որովհետեւ նրանք արդեն իսկ սուբյեկտներ են։ Սակայն Շավարշ Քոչարյանն ունի 3-րդ առաջարկը՝ միջինացված մոտեցում. «Ասենք՝ գումարի կեսը տալ 5 % հաղթահարած սուբյեկտներին, իսկ մյուս կեսը բաշխել ըստ համամասնական ցուցակների»։

Այսպես թե այնպես, ԱԺՄ-ն ու Կոմկուսը շահում են, որովհետեւ երկու խորհրդարաններում էլ եղել են, ու փողը երկու «ժամկետից» էլ ստանալու են։ Բայց դե ինչ արած, կյանքն է այդպիսին։

Մինչդեռ ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանը, որը եւս մասնակցել է հարցի քննարկմանը, փողերի նման բաժանումը՝ ասենք, յուրաքանչյուրին՝ նախ 10 միլիոն, միանգամայն անընդունելի է համարում. «50 միլիոնը, ասում են, ըսենց բաժանենք, էն 50 միլիոնն էլ՝ ով որ շատ ա, մեծ ա, նրան տանք։ Էդպես լավ ա, եթե քարկտիկ խաղանք»։

Այսպես, որովհետեւ պետության կողմից կուսակցություններին փող տալու գաղափարախոսության հիմքում միանգամայն այլ իրողություններ են։ Ինստիտուտը ստեղծվել է Եվրոպայում, Գերմանիայում, «որի նպատակն է պետության մեջ ապահովել 2-3 կուսակցության գոյություն։ Գերմանացիները բազմաթիվ կուսակցությունների միջով անցել են՝ մեզ պես, ու հիմա 2-3 հիմնականն ունեն»։

Դա կուսակցությունների քանակը պակասեցնելու նպատակ է հետապնդում։ Մի պետության մեջ 80 կուսակցություն լինել չի կարող։ Դա գրեթե նույնն է, որ Հայաստանի Գրողների միության կազմում 320 բանաստեղծ կա՝ ըստ Վլադիմիր Նազարյանի տվյալների։ «Էդքան բանաստեղծը կարան Ամերիկան էլ քանդեն եւ ոչ միայն Հայաստանը։ Դե, արի՝ դիմացի։ Իսկ եթե բանաստեղծներին դժվար է դիմանալը, ոչ պակաս դժվար է 80 կուսակցության դիմանալը, որովհետեւ համապետական 80 տարբեր շահ չի լինում։ Հետեւաբար՝ կյանքն ինքը միավորում է թելադրում՝ լիբերալ տնտեսության, ժողովրդավարության եւ սոցիալիստական գաղափարների կողմնակիցների միջեւ»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031