Լրահոս
Օրվա լրահոսը

2400 վկա, 43 հատոր գործ, որը դատարանին փոխանցվեց 4 հատորով

Դեկտեմբեր 22,2023 12:30

Հասարակական պաշտպան Անահիտ Սահինյանի ճառը

1988 թ. հուլիսի 4-ին «Ղարաբաղ» կոմիտեի կոչով Հայաստանում սկսվեց համընդհանուր գործադուլ: Վերսկսվեց նաեւ նստացույցն Ազատության հրապարակում: Հիմնական պահանջներն էին՝ ԼՂԻՄ-ի անջատումը Ադրբեջանից, սումգայիթյան դատավարության հանձնումը ԽՍՀՄ Գերագույն դատարանի վարույթ, զորքերի դուրսբերումը Երեւանից, Մասիսում տեղի ունեցած թունավորումների պատճառների համակողմանի ուսումնասիրում ու դրանց արդյունքների ճիշտ լուսաբանում, Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացում: Սա նաեւ անհրաժեշտ նախապատրաստություն էր ԽՍՀՄ ԳԽ-ի նիստին, որը պետք է վերջապես քննարկեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը… Հանրահավաքի ավարտից եւ «Ղարաբաղ» կոմիտեի հեռանալուց հետո Խաչատրյան ազգանունով մի տղամարդ, ներկայանալով որպես օդանավակայանի աշխատակից, հայտարարեց, որ օդանավակայանի աշխատողները պատրաստ են միանալու համընդհանուր գործադուլին, սակայն ղեկավարությունը խոչընդոտում է: Դրանից հետո մոտ 3000 մարդ շարժվեց դեպի օդանավակայան: Ժամը 15-ին օդանավակայանը շրջապատող բազմության թիվը մոտ 10-12 հազար էր… Զորք մտցվեց օդանավակայան: Այս եւ այլ հայտնի դեպքերի մասին կան արխիվային նյութեր, դեռեւս տպագրման է սպասում ԳԽ պատգամավոր Աղասի Արշակյանի քրոջ՝ Գոհար Արշակյանի անտիպ՝ «Նվիրյալը կամ՝ Անուղղելի ռոմանտիկը» հուշագրությունը, որից ներկայացնում ենք մի հատված՝ Աղասի Արշակյանի պատմածներից:

1989 թ. փետրվարի 15-ին Արցախյան շարժման ակտիվիստների տարածած համար 1 տեղեկատվությունից իմանում ենք, որ «Զվարթնոց»-ի դեպքերի դատավարությունը ՀԽՍԽ Գերագույն դատարանում սկսվել էր 1989 թ. հունվարի 12-ին։ Դատավորն էր Գ. Նադարյանը, մեղադրվում էին Ա. Գեւոյանը (Վովա) եւ Արթուր Պողոսյանը ՀԽՍՀ Քրեական օրենսգրքի 206/3 հոդվածով՝ «Զվարթնոց» օդանավակայանում մասսայական անկարգություններ հրահրելու համար։ ԽՍՀՄ դատախազության խումբը քննել էր 2400 վկայի, կազմվել էր 43 հատոր գործ, իսկ դատարանին էր փոխանցվել գործը 4 հատորով, որը պարունակում էր 300 վկայի ցուցմունք։ Դատարանում ցուցմունք էր տվել 57 վկա, որոնցից 37-ը օդանավակայանի աշխատակիցներ էին, 6-ը՝ ոստիկան։ Վկա Է. Եսայանը՝ օդանավակայանի բուժկետի վարիչը, դատարանում հայտարարեց, որ հուլիսի 6-ին ատամնացավի խնդրով բուժկետ էր դիմել զինվորական Ն. Լիսիխը, ով ասել էր, որ նախօրեին՝ հուլիսի 5-ին իրենց դուրս բերելուց առաջ սրսկել էին։ Նա կասկածում էր, որ մարդկանց հավաքը ցրող զինվորականները գտնվել են թմրանյութերի ազդեցության տակ։ Այդ օրը Մոսկվա մեկնող 1-ին կարգի հաշմանդամ, կույր վկա Մ.Այվազյանն էլ հայտնել էր, որ ռետինե մահակի հարվածներից կոտրվել էին կրծքավանդակի ոսկորները, իրեն հասցրել էին մարմնական այլ վնասվածքներ, ու չնայած ինքը ստացիոնար բուժում էր ստացել, այդուհանդերձ, իրեն տուժող չեն ճանաչել։ Բոլոր վկաները խոսում էին օդանավակայան բերված զինվորականների տարօրինակ կարմիր դեմքերի, ապակենման աչքերի մասին։

Զինդատախազությունը 1988 թ. հուլիսի 7-ին վերցրել էր բուժկետ դիմածների ամբուլատոր մատյանը, որտեղ գրանցված էր նաեւ Ն.Լիսիխը, եւ չէր վերադարձրել։ Գործում խոսվում էր տեսաժապավենի մասին, որը նույնպես գոյություն չուներ դատարանի համար։ Անուշադրության էր մատնված նաեւ Քաղավիացիայի վարչության պետ Պապիկյանի ու Երեւանի Մաշտոցի շրջանի ղեկավար Ա. Գեղամյանի կեղծ հայտարարությունները, թե ցուցարարները գրավել էին թռիչքուղին։

Աղասու սղագրությունը դատարանի դահլիճից

«Մեկ շաբաթ ընդմիջումից հետո սկսվեց «Զվարթնոց» օդանավակայանում մասսայական անկարգությունների հետ կապված ՀԽՍՀ Գերագույն դատարանի առաջին ատյանում լսվող քրեական գործի դատավարությունը։ Այսօր նշանակված է դատական վիճաբանությունների օր։ Մեղադրական ճառի համար խոսքը տրվեց պետական մեղադրող, ընդհանուր կարգի վերահսկում իրականացնելու գծով հանրապետության դատախազի տեղակալ Հարությունյանին։ Նրա ավելի քան մեկ ժամ տեւած ճառը շատ վատ ընդունեց լեփ-լեցուն դահլիճը։ Այն մի քանի անգամ ընդհատվեց հավաքվածների ռեպլիկներով, բղավոցներով, հու-հու բացականչություններով ու սուլոցներով։ Ինչպես հետագայում կասեն պաշտպանական կողմի 2 ներկայացուցիչ՝ մեղադրական եզրակացությունը դատարանում 2-րդ անգամ վերընթերցվեց։ Փաստորեն, մեղադրող կողմի ճառում դատաքննությամբ պարզված ոչ մի փաստ չերեւաց, որ տեղ գտներ եզրակացությունում։ Մեղադրողը պահանջեց մեղադրյալներին դատապարտել 2 տարվա ուղղիչ աշխատանքների, որը պետք է կրեին ընդհանուր ռեժիմի գաղութում։ Մինչ այդ լսվել էր հասարակական մեղադրող, «Զվարթնոց»-ի կուսկազմակերպության քարտուղար, անցյալում զինվորական գնդապետ Մկրտումյանի 15 րոպեանոց ոչինչ չասող ելույթը։

Պաշտպանական ճառի համար ձայնը տրվեց Ա.Պողոսյանի պաշտպան պրն Մինասյանին։ Նա իր պաշտպանությունն ամբողջությամբ կառուցեց հանցագործությանը նպաստած մասսայական ինֆորմացիայի պրովոկացիոն հաղորդումների եւ ԼՂ հարցի անարդարացի լուծման ու դրա պատմության հիման վրա։ Նախագահող Նադարյանը նրան մի քանի անգամ ընդհատեց եւ պարտավորեցրեց, որ պաշտպանությունը կառուցի գործի շրջանակներում։

Մինասյանը բողոքեց, որ այդ ձեւով նախագահողը իրեն հնարավորություն չի տալիս ճիշտ եւ կապակցված կառուցել իր պաշտպանությունը, որ կտրատում ու մասնատում է այն։ Մինասյանը պահանջեց պատժից ազատել իր պաշտպանյալին եւ պատիժը փոխարինել ուղղիչ աշխատանքով։

Ընդմիջումից հետո ձայնը տրվեց Գրողների միությունից լիազորված հասարակական պաշտպան, Գրողների միության անդամ, արձակագիր Անահիտ Սահինյանին (լուսանկարում): Տիկին Սահինյանի ճառը բաղկացած էր 20 տպագիր էջից, շատ բովանդակալից էր, դահլիճն ունկնդրում էր քար լռությամբ։ Նա հանգամանորեն կանգ առավ հանցագործությունը ծնող պատճառների վրա, արդարացրեց Գեւոյանին ու Պողոսյանին, նշեց, որ հանցագործության արմատները շատ խորն են թաղված, քննադատեց օդանավակայանի կուսակցական, սովետական ու պետական պաշտոնատար ընկերների անտարբեր վերաբերմունքը, բարդ իրավիճակներում նրանց չկողմնորոշվելը, իրենց վրա պարտականություններ չվերցնելը։

Նա փաստեց նաեւ, որ կենտրոնական թերթերն ու հեռուստատեսությունն անընդհատ մեր գլխին լափ էին թափում, իսկ տեղական թերթերն ու հեռուստատեսությունը բերանները ջուր էին առել, սմքել մնացել էին, քարշ էին գալիս կենտրոնականների հետեւից։ Եվ ապատեղեկատվության զոհերը դարձան մաթեմատիկոս-ակադեմիկոս Ալեքսանյանն ու հայտնի ռեժիսոր Հենրիկ Մալյանը. նրանց սրտերը չդիմացան։ Այս դատավարությունը շարքային գործ չէ, որ վաղը մոռացվի ու հետք չթողած՝ անհետանա։ Սա մնալու է մեր պատմության չվերծանված էջերից։ Նա միաժամանակ դատապարտեց զինվորականության կատարած հանցավոր, անթույլատրելի գործողությունները, խնդրեց դատարանից ազատ արձակել հայ ժողովրդի 2 զավակին, ովքեր օդանավակայան էին գնացել զուտ ազգասիրական նկատառումներից ելնելով։

Վերջին նախադասությունները տիկին Սահինյանն արտասանեց բառիս բուն իմաստով լացակումած, նա անչափ հուզված էր եւ հուզմունքից դողում էր։ Եզրափակեց իր խոսքը՝ դատարանին ներկայացնելով քաղաքացիների հավաքած 30 263 ստորագրությամբ մի մեծ փաթեթ եւ խնդրեց, որ ընթերցեն նախաբանը։ Ստորագրությունների նախաբանն ընթերցեց պաշտպան Մինասյանը։ Նախաբանում մասնավորապես ասվում էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում կատարվածի արմատները շատ խորն են, որ կուսակցական, պետական ու սովետական պատկան մարմինները դրսեւորել են ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու անկարողություն, որ նրանք ղեկավար լինելուց առաջ ֆունկցիոներներ ու կամակատարներ են, որ ներքոստորագրյալները հակված չեն կարծելու, թե սովետական գաղափարներն անկախ են, իսկ կատարողները սրբազաններ, որ երբ ժողովուրդն է ծառայում օրենքներին եւ ոչ թե հակառակը, ապա այդ օրենքները տոտալիտար պետության օրենքներ են։ Նախաբանի հեղինակները գտնում էին, որ հանցագործությունը «Զվարթնոց» օդանավակայանում ամենից առաջ կատարել են սովետական «փառապանծ» բանակի ջարդարար գեներալները, խնդրում էին դատարանից առաջին քայլն անել, որպեսզի երկիրն ու համակարգը դառնան իրավական եւ վախենան սեփական խղճի ու իրենց ծնած ժողովրդի դատից»։

Աղասին սերտ համագործակցել է Գեւոյանի եւ Պողոսյանի գործով հասարակական պաշտպան Անահիտ Սահինյանի հետ։ Աղասու արխիվում գտա այս գործով նրա գրած ձեռագիր միջնորդությունները, որ ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիային էր ներկայացրել տիկին Սահինյանը։

Միջնորդություն

«Վարվող գործով դատական կոլեգիային ցուցմունք է տվել վկաների կեսից ավելին։ Մտորումների տեղիք է տալիս այն փաստը, որ մի քանի հազար վկաների ցուցմունքներից կազմված մի քանի տասնյակ հատորանոց գործը, մեզ համար անհայտ մեխանիզմով անցնելով, վեր է ածվել մի քանի հարյուր ցուցմունքներից կազմված 4 հատորանի գործի։ Այնուհետեւ, ինձ՝ որպես հասարակական պաշտպանի, անհասկանալի է նաեւ թվով 80 դատակոչված վկայի ընտրության մեխանիզմը։ Գործից եւ դատակոչված վկաների ցուցակից դուրս են թողնված, ըստ իս, առավել կարեւոր վկաները, որոնց քննությունը պետք է օգներ կատարված հանցագործությանը ոչ միայն քրեական, այլեւ բարոյական ու քաղաքական օբյեկտիվ գնահատական տալուն։

Հարցաքննված վկաներից մի քանիսի ցուցմունքներից երեւում է, որ քննիչների ուշադրությունից բացարձակապես դուրս է մնացել կատարված «հանցագործությունը» ծնող պատճառների ուսումնասիրությունը, հարցերը դրվել են միմիայն հետեւանքների ու կատարվածի շուրջ, նպատակ ունենալով հաստատել կենտրոնական մամուլով ու հեռուստատեսությամբ հաղորդված ակնհայտ աղավաղված, մասսաներին ապակողմնորոշող ինֆորմացիան։ Իմ, եւ ոչ միայն իմ, խորին համոզմամբ կատարվածի հանդեպ այս վերաբերմունքն ուղղակի ազդակ էր հանրապետությունում գերլարված իրավիճակն էլ ավելի թեժացնելու, ու բողոքի նորանոր ալիքներ բարձրացրեց՝ ծնելով նոր գործադուլներ։ «Զվարթնոց»-ն ինքնին ծնունդ էր հենց այս վերաբերմունքի եւ մինչ այդ տեղի ունեցած սումգայիթյան ցեղասպանության, Մասիսում կանանց մասսայական թունավորման դեպքերի աղավաղման։

Գործում ոչ մի խոսք չկա պետական, կուսակցական ու սովետական պաշտոնատար անձանց անբավարար, ոչ ճկուն, ժամանակին կողմնորոշվել չկարողանալու, քաղաքական կարճատեսության ու մասսաներից կտրված լինելու մասին (ես ավելին կասեի՝ ազգին դավաճանելու եւ միտումնավոր մամոնտի փոսը գցելու, վախեցնելու, եթե չասեմ, որ տեղի պնակալեզների հեղինակած, նախագծած ծրագրով ժողովրդի ոգին կոտրելու գործընթաց է եղել։ Կարծում եմ, որ նոր ժամանակները պետք է նորովի քննության առնեն «Զվարթնոց»-ի դեպքերը, պատժեն իրական մեղավորներին ու կատարվածին տան արժանի գնահատական-Գ.Ա.)։ Նրանցից շատերն իրենց ներկայությամբ, եթե չեն նպաստել, ապա չեն էլ փորձել կանխել սարսափելի իրողությունը, որի հետեւանքով նշանառու կրակոցով սպանվեց 22-ամյա երիտասարդը, մի ուրիշը ծանր վիրավորվեց, ծեծվեցին, ջարդվեցին, խեղանդամ դարձան տասնյակ ու տասնյակ տղամարդիկ, կանայք ու պատանիներ, երեխաներ ու ծերեր, անխնա ծեծեցին անգամ 1-ին կարգի կույր հաշմանդամ մի կնոջ։ Ելնելով վերը նշվածից, ինչպես նաեւ հասարակության հավաքած ու մեզ մոտ գտնվող անհերքելի փաստերից, որոնք առաջին իսկ պահանջով կներկայացվեն դատարանին, միջնորդում եմ ՀՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիային՝ դադարեցնել դատակոչված վկաների հարցաքննությունները եւ լրացուցիչ վկայակոչել ներքոհիշյալ ընկերներին.

1.Պապիկյան – Քաղավիացիայի վարչության պետ

2.Ֆադեեւ -Քաղավիացիայի վարչության քաղգծով տեղակալ

3.Բորիշնիկով -Կենտրոնական հեռուստատեսության թղթակից

4.Սալխինով -Հայկական հեռուստատեսության ռեժիսոր

5.Հովհաննիսյան Արմեն -հրապարակախոս, խմբագիր

6.Լիզա Նիկոլաեւնա -«Զվարթնոց»-ի բուժկետի գլխ.բժիշկ

7.Լիսիխ Նիկոլայ –նո.զորամաս

8.Էմմա Եսայան -«Զվարթնոց»-ի բուժկետի բժիշկ

9.Ֆրոլով Սերգեյ -Լենինգրադ

10.Գալստյան Արթուր -Տալլին, նավաստի

11.Գեղամյան Արտաշես-ՀԿԿ Մաշտոցի շրջկոմի քարտուղար

12.Մինասբեկյան -ՀԿԿ քաղկոմի առաջին քարտուղար

13.Աղայան -ՀԿԿ քաղկոմի 2-րդ քարտուղար

Միջնորդությանը կկցվեն՝ տեսաժապավեն, «Սոցիալիստիչեսկայա ինդուստրիյա» թերթի հուլիսի 8-ի համարը, «Իզվեստիա»-ի հուլիսի 17-ի համարը, Մինասբեկյանին ՀԿԿ քաղկոմի քարտուղար առաջադրելու հավաքի ստենոգրամման, Ուկրաինայի կոմկուսի օրգան «Ռաբոչայա գազետա» թերթի տխրահռչակ համարը, «Վետերան» շաբաթաթերթի ազգամիջյան թշնամանք հրահրող հոդվածը, վկայություն այն մասին, որ «Լրաբեր» ծրագրով հաղորդում ցուցադրելը ցուցարարներին առաջարկել է Աղայանը, բազմաթիվ լուսանկարներ եւ այլն։

Միաժամանակ միջնորդում եմ ռադիո-հեռուստահաղորդումների կոմիտեից հուլիսի 4-ի, 5-ի եւ 6-ի հայկական հեռուստատեսությամբ եթեր տրված հաղորդումների մասին ինֆորմացիա ստանալու համար, ինչպես նաեւ կենտրոնական հեռուստատեսությամբ հուլիսի 14-ին եւ հուլիսի 16-ին «Օ սոբիտյախ վ աէրոպորտու «Զվարթնոց» հաղորդման մասին եւ հուլիսի 5-ի ու 6-ի «Վրեմյա» ծրագրով օդանավակայանից տրված հաղորդման մասին ինֆորմացիա ստանալու համար։

Հայտնում եմ, որ այլ քաղաքներում բնակվող իմ միջնորդությամբ անցնող վկաների ներկայությունը կարող է ապահովվել հասարակության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ, որի ապահովությունը վերցնում եմ ինձ վրա։

10.02.89թ. Ա. Սահինյան»:

Դատարանը ՀԽՍՀ անունից Ալբրիկ Խաչիկի Գեւոյանին ու Արթուր Սպարտակի Պողոսյանին դատապարտում է 1 տարի 6 ամիս ազատազրկման, պատիժը կրելու ուղղիչ աշխատանքային գաղութի ընդհանուր ռեժիմում։

«Առավոտ» օրաթերթ
21.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031