Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ՄԵԾ ԿԻՆՈՅԻՆ

Օգոստոս 03,1999 00:00
Alen delon

Նրան այլեւս Կաննի փառատոնին չեն հրավիրում

Ինչպես արդեն հայտնի է, Մոսկովյան միջազգային XXI կինոփառատոնի հյուրն էր նաեւ ֆրանսիացի կինոդերասան Ալեն Դելոնը, որին փառատոնի նախագահ, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մրցանակ շնորհեց՝ կինոյի մեջ իր մեծ ներդրումի համար։ Ա. Դելոնն իր ընտրությունն արդեն կատարել է՝ այլեւս չի նկարահանվելու. «Ամեն մարդ իր ընտրությունը կատարում է, դա էլ իմ ընտրությունն է։ Ֆրանսիայում նկարահանվող այսօրվա կինոն չի համապատասխանում իմ չափանիշներին, ինձ հիմա այլեւս չի հետաքրքրում՝ ինչ է կատարվում ֆրանսիական կինոյում։ Հույս ունեմ, որ իմ կինոկարիերան բավական հաջողված էր, եւ ես կարեւոր աշխատանք եմ կատարել ու չէի ցանկանա իմ 40 տարվա կինոկարիերայի տպավորությունները փչացնել»։ Ա. Դելոնի ընտրությունը թերեւս ճիշտ է. նա ասուլիսի ողջ ընթացքում միայն խոսում էր իր 40 տարվա կարիերայից եւ մեծ ու տաղանդավոր դերասանների կողքին չէր մոռանում, անպայման նշում էր իր անունը։ Իսկ դա արդեն դերասանի վերջն է, երբ նա այլեւս անելիք չունի այդ դաշտում։ Եվ, քանի որ Ֆրանսիայի նախորդ նախագահն իրեն շատ բարձր մրցանակի է արժանացրել, ըստ Ա. Դելոնի, ուրեմն վերջինս հաստատ մտել է ֆրանսիական կինոյի պատմության մեջ։ Իսկ մեր չափումներով, իհարկե, նախագահի շնորհած մրցանակ(ներ)ից առավել կարեւոր են այն ֆիլմերը, որոնցում Ալեն Դելոնը նկարահանվել է։ Ու հենց դրանով է նա մտել ոչ միայն ֆրանսիական կինոյի պատմության մեջ, այլեւ՝ համաշխարհային։

Ա. Դելոնը որոշել է իր ազատ ժամանակն անցկացնել իր երեք (օրինական) երեխաների ու իր շատ սիրելի կենդանիների հետ, որոնց հետ շփվելիս նա երբեք չի տխրում։ Իսկ կնոջ մասին ֆրանսիացի տղամարդը, դերասանը ոչինչ չասաց, նույնիսկ չակնարկեց։

Ռուսական արվեստի ու կինոյի, ռուս կինոռեժիսորների մասին հարցին Ա. Դելոնը պատասխանեց. «Ցավոք, բայց ռուսական ֆիլմերը Ֆրանսիա շատ սահմանափակ թվով են հասնում։ Գուցե օրիգինալ չլինեմ, բայց իմ ամենասիրելի ռուս ռեժիսորներն են Միխալկովը եւ Կանչալովսկին։ Ես այդ հարցին պատասխանում եմ որպես մի մարդ, որը արդեն կինոպրոցեսին չի մասնակցում։ Ռուսական ամենալավ ու գեղեցիկ ֆիլմերը ի վերջո կարելի է տեսնել Կաննի փառատոնում, բայց քանի որ վերջին ժամանակներս ինձ այլեւս չեն հրավիրում ֆրանսիական ամենակարեւոր՝ Կաննի փառատոնին, ապա ես հնարավորություն չունեմ տեսնելու նույնիսկ ռուսական հանրաճանաչ, լավագույն ֆիլմերը»։

Դերասանը վիրավորված է Կաննի փառատոնի կազմակերպիչների նման վերաբերմունքից, բայց Կաննի մասին իր հիշողություններին անդրադառնալով նկատում է, որ Մոսկովյան կինոփառատոնում ավելի շատ է մարդկանց ջերմությունը, ավելի շատ է սերը։ Այնուամենայնիվ, համոզված է, որ ցանկացած մարդ արտասահմանում ավելի սիրված է, քան իր երկրում։ Մեր խոսքով ասած՝ «Գյուղի մարգարեն իրենց գյուղում հարգանք չունի»։ Եվ իհարկե հաճելի է դրսից նման վերաբերմունքի արժանանալը, բայց Ա. Դելոնը ուզում է, որ նման ընդունելություն դերասանները տեսնեն սեփական երկրում։

Ռուս, ինչպես նաեւ փառատոնին հրավիրված կին թե տղամարդ այլազգի գրեթե բոլոր լրագրողները հարց տալուց առաջ պարտադիր հաճոյախոսում էին Դելոնին, առաջին հերթին, որպես գեղեցիկ տղամարդ, ապա՝ որպես լավ դերասան։ Ալեն Դելոնն արդեն վարժված էր, եւ ուրախ էր, որ այդ տարիքում էլ հետաքրքրում է կանանց։ Օրինակ, մի լրագրողուհի ասաց, որ վերջերս Փարիզում էր ու հասկացավ, որ անընդհատ Ալեն Դելոնին է հիշում. «Ինձ թվում է՝ դուք մի ամբողջ քաղաք եք»։

Մի լրագրող հարցրեց. «Ասում են՝ կյանքում գեղեցիկ եւ միաժամանակ խելացի կանայք չեն լինում։ Կարելի՞ է նույնն ասել տղամարդկանց մասին։ Ձեզ նայելով մտածում եմ՝ երիտասարդությունն անցնում է, բայց գեղեցկությունը մնում է։ Ձեր ստեղծագործական կարիերայում ի՞նչ դեր է կատարել ձեր արտաքինը եւ ի՞նչ դեր՝ տաղանդը»։

– Շնորհակալություն հաճոյախոսության համար, բայց մենք տղամարդուց ու կնոջից այլ պահանջներ ունենք։ Մի դեպք պատմեմ. երբ ես սկսեցի դերասանական իմ կարիերան, ավելի երիտասարդ ու բավական գեղեցիկ էի։ Իմ առաջին պրոդյուսերներն ասում էին՝ երիտասարդ Դելոնը շատ գեղեցիկ է, բայց երեւի թե նրան մեծ կինոկարիերա չի սպասվում, որովհետեւ եթե գեղեցիկ է, ուրեմն անպայման հիմար է։ Շատ կարճ ժամանակ անց իմ պրոդյուսերներին ես ապացուցեցի, որ ոչ միայն գեղեցիկ եմ, այլեւ խելացի եմ։

Ռուս լրագրողներին մասնավորապես հետաքրքրում էր Ա. Դելոնի եւ գեներալ Լեբեդի բարեկամությունը։ Դելոնը կարճ ժամանակով ընտանիքով մեկնելու է Կրասնոյարսկ, եւ լրագրողներին հետաքրքրում էր այցելության պատճառը։ Հարցերն այնքան անուղղակի էին տալիս, որ Դելոնը զարմացավ. «Եթե ուզում եք իմանալ իմ եւ գեներալ Լեբեդի հարաբերությունների մասին, միանգամից ուղիղ հարցը տվեք, թե չէ բոլորդ Կրասնոյարսկի մասին եք հարցնում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Կրասնոյարսկը աշխարհի ամենատուրիստական քաղաքն է»։ Բայց Ա. Դելոնին սկզբում գրավել են գեներալ Լեբեդի զինվորական հատկանիշները. «Ես ինքս էլ մինչ իմ կինոկարիերան զինվորական եմ եղել, 5 տարի ծառայել եմ Վիետնամում։ Եվ, բնականաբար, երբ հանդիպում եմ մի զինվորականի, որը մեծ դեր է ունեցել չեչենական ճգնաժամում, հարցեր են ծագում, քննարկում։ Ինձ չհաջողվեց գեներալ դառնալ…»։ Ա. Դելոնը հետաքրքրվում է միջազգային քաղաքականությամբ, հետեւում է՝ ինչ է կատարվում Ռուսաստանի քաղաքական կյանքում, ամենաթարմ տեղեկատվությանն արդեն ծանոթ էր։

Իսկ թե ինչպես էր հաջողվում Ա. Դելոնին այդպես լավ դերեր խաղալ եւ որն է դրա գաղտնիքը, թոշակի անցած դերասանն ասաց. «Իմ կարծիքով երկու տեսակի դերասաններ կան՝ մեծ եւ ուղղակի դերասաններ։ Կան մեծ դերասաններ, ինչպես Ժան Գաբենը, Բերդ Վանկոստները կամ նույնիսկ ես, որոնք կինո պատահաբար են մտել եւ դա իրենց ներքին աշխարհն է։ Մենք որպես մեծ դերասաններ, ոչ թե խաղում ենք կինո, այլ ապրում ենք կինոյում։ Իսկ ուղղակի դերասանները պարզապես խաղում են, դա իրենց աշխատանքն է, որին կարելի է հասնել սովորելով»։

XXI դարի կինեմատոգրաֆիայի մասին հարցին Ա. Դելոնը պեսիմիստաբար է տրամադրված։ Իր կարծիքով «XXI դարը հեռուստատեսության դար է լինելու, եւ կինոն արդեն ծեր մարդ է, որը հոգնել է ու մահվան եզրին է։ Ապագան հեռուստատեսությանն է։ Մեծ կինո լայն իմաստով այլեւս չի լինի, կլինեն տաղանդավոր անհատներ, ինչպես Միխալկովը, Սփիլբերգը, բայց իմ ժամանակի մեծ կինոն վերջացել է ու այլեւս չի լինի»։

Ալեն Դելոնի ընտրությունը պարզ է. եթե արվեստագետը սկսում է խոսել իր 40-ամյա կարիերայից (ընդ որում՝ անդադար խոսել), հիշողություններ կիսել ու իր մասին անընդհատ արտահայտվել «մեծ դերասան», «տաղանդավոր դերասան» որակումներով, ուրեմն՝ վերջն է…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031