Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Նոյեմբեր 16,1999 00:00
hakob avetiqyan

Նոյեմբերի 13-14-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանն անցկացվեց սեմինար՝ «Հետաքննական լրագրությունը եւ հանրային գործիչների իրավունքները» թեմայով։

Սեմինարը կազմակերպել էր Եվրոպայի խորհուրդը՝ Հայաստանի արտգործնախարարության համագործակցությամբ։ Սեմինարի հիմնական զեկուցողներից մեկը՝ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նախապես ասաց, թե հետաքննական լրագրությունը որպես ժանր Հայաստանում գրեթե բացակայում է եւ կան միայն այդ ժանրի որոշ տարրեր պարունակող հրապարակումներ, որ չի կարող բավարար համարվել։ Որեւէ մեկը չվիճարկեց այս պնդումը, բայց երկու օրվա ընթացքում այդ ժանրը քննեցին, այսպես ասած, բոլոր կողմերից, վեր հանեցին Հայաստանում դրա չգոյության պատճառները եւ հաջողությամբ բանավիճեցին մի բանի շուրջ, որ չկա։

Այս առնչությամբ մեր դիտողությանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը հակադարձեց. «Բայց չէ՞ որ Հայաստանում նաեւ ժողովրդավարության մասին ենք խոսում»։ Որի գոյությունը եւս, մանավանդ վերջին իրադարձություններից հետո՝ մեծ հարցական է։ Այնուամենայնիվ, ժողովրդավարության մասին բանավեճերում էլ են ուշագրավ դատողություններ արտահայտվում, ու նաեւ այս սեմինարի ընթացքում բավական հետաքրքրական զուգահեռներ եւ փաստեր հնչեցին, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։ Առավել մեջբերելու ենք արտասահմանի մեր գործընկերների ելույթներից, քանի որ Հայաստանի մամուլի խնդիրներն առանց այդ էլ հայտնի են։

Նիդեռլանդների «ՆՌՍ Հանդելսբլադ» օրաթերթի թղթակից Մարսել Հաենենը, որը 15 տարի զբաղվում է հետաքննական լրագրությամբ, իր երկիրն այդ ժանրի համար տաղտկալի անվանեց՝ սկանդալներ գրեթե չկան։ Իսկ Հայաստանն այս առումով «պարզապես դրախտ» անվանեց. «Այնքան գրելու բան կա։ Ես նույնիսկ նախանձում եմ ձեզ»։ Մարսել Հաենենը հիմնականում թմրադեղերի առուվաճառքի մասին է գրում։ Ասաց, թե 1989-ից մի թմրավաճառի մասին է գրել եւ միայն այս տարի է նրան դատական պատասխանատվության կանչելու որոշում կայացվել։ Սա էլ կարող է մեր… սրտին… մխիթարանք համարվել, թե քաղաքակիրթ երկրներում էլ մամուլի հրապարակումներին անմիջապես չէ, որ արձագանքում են։ Հակոբ Ավետիքյանը մի «արձագանքի» մասին պատմեց. «Մեր թերթում մի փոքրիկ չոր դիտողություն, քննադատություն կար նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ։ Հեռախոսը վերցրի՝ իր ձայնն էր։ Ասաց. «Այդ նյութը պատվիրել է Վանո Սիրադեղյանը»։ Եվ սկսեց ամենահետին փողոցային հայհոյանքներ տեղալ»։

Այս պատմությունը մեջբերում ենք հատկապես հետեւյալ նկատառումով. նախկին իշխանությունների ներկայացուցիչները մասնավոր զրույցներում շատ են փորձում ապացուցել, թե առաջ մամուլն ավելի ազատ էր եւ ամեն տեսակ ճնշումներից զերծ։ Մարսել Հաենենը հայտնեց, թե իրենք գերատեսչությունների խոսնակներին դիտում են որպես «թշնամու ճամբարի» ներկայացուցիչներ եւ լրատվությանը ճնշողներ. «Նրանցից ոչ ոք տեղեկատվություն չի ակնկալում»։ Հայաստանի լրագրողներն էլ թերեւս ի վերջո ստիպված լինեն նույն դիրքորոշումը որդեգրել եւ վարվել այնպես, ինչպես խորհուրդ էր տալիս համակարգիչների եւ իրավունքի հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Կիռե Էգենը. «Մեզ հետաքրքրող տեղեկությունները ստանալու համար զրուցում ենք ոչ թե հիվանդանոցի տնօրենի, այլ բուժքույրերի հետ։ Թե չէ ինչքան վեր ես գնում՝ այնքան քիչ են խոսում»։ Հայ լրագրողները լրագրողական հետաքննությունների բացակայությունը բացատրեցին նյութական դրդապատճառներով, թե փող չկա համապատասխան քարտադարաններ ու «դոսյեներ» կազմելու, աղբյուրներին վճարելու եւ, ի վերջո, նաեւ հետաքննական լրագրողին համապատասխան վարձատրություն տալու համար։ Մարսել Հաենենն այս ամենին հակադրեց իր թերթի փորձը։ Վկայեց, թե լրագրողական հետաքննություների միջոցով կարելի է բարձրացնել ե՛ւ թերթի հեղինակությունը, ե՛ւ տպաքանակը. «Այս աշխատանքը ժամանակին ինքն իրեն արդարացնում է»։

Ի դեպ, երբ ներկա հայ լրագրողները բազմաթիվ փաստեր նշեցին, թե ինչպես են զինվորական դատախազության կամ ԱԱՆ-ի ներկայացուցիչներն իրենցից առգրավել հոկտեմբերի 27-ին կատարված տեսագրություններն ու ձայնագրությունները՝ Եվրախորհրդի լրատվամիջոցների բաժնի ներկայացուցիչ Փալ Թորալսոնն ասաց, թե Արեւմուտքում լրագրողները շատ մեծ դժվարությամբ կտային այդ ժապավենները՝ հենց թեկուզ նախադեպ չստեղծելու համար։ Մենք որպես լրագրող որոշ անլիարժեքության բարդույթ ունեինք, քանի որ հոկտեմբերի 27-ին դուրս էինք եկել ԱԺ նիստերի դահլիճից՝ մնալու եւ այդ իրադարձությունը լուսաբանելու փոխարեն։ Մարսել Հաենենը վստահեցրեց, թե իրենք էլ միգուցե այդպես վարվեին եւ հեռախոսով աշխատեին. «Լավ է վախենալը եւ այդ միջոցով ապրել շարունակելը»։

Եվս մի ուսանելի դիտարկում. Փալ Թորալսոնն ասաց, թե առողջ ու ժողովրդավարական հասարակության մեջ հզորները չպիտի հաճախ դիմեն դատարան, ինչ է թե՝ իրենց համար բացահայտում է արվել։ Եվ մեզ էլ հուսադրեց, թե մենք միակ երկիրը չենք, որի օրենսդրությունը զրպարտության համար պատժաչափով չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ «Սակայն ընդունելի չէ լրագրողին գնահատական պարունակող դատողությունների համար մեղադրելը,- Եվրախորհրդի լրատվամիջոցների բաժնի ներկայացուցիչն ասաց, թե Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարանը տարբերակում է փաստի հրապարակումը եւ գնահատականը։ Սակայն գնահատականն այնուամենայնիվ պիտի որոշ փաստերի վրա հիմնված լինի։- Չի կարելի լրագրողից պահանջել, որ նա ապացուցի իր գնահատականները։ Եվ քաղաքական գործիչները պիտի ավելի շատ պատրաստ լինեն քննադատական դատողություններ լսել, քան այլ մարդիկ»։

Փալ Թորալսոնի այլ հետաքրքրական պնդումն էր, թե լավ լրագրողը չի կարող տարիներ շարունակ աշխատել, առանց զրպարտության մասին հոդվածին մոտենալու եւ գործիչների մասնավոր կյանքի մեջ ներխուժելու։ Իսկ Կիռե Էգենը պատմեց, թե որոշ երկրներում չեն ընդունվում զրպարտության վերաբերյալ հայցերը՝ եթե անգամ ճիշտ են, քանզի այնտեղ շատ բարձր է խոսքի ազատության նշաձողը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Այս առիթով պարզեցի, որ մեր ԱԳՆ աշխատակիցների հումորի զգացումը կարգին է։ Քանզի նրանք այս սեմինարին մասնակցելու հրավեր էին ուղարկել Ծաղիկ Ռուբոյին։ Նա չեկավ եւ զրկվեց մամուլի շուրջ իր արժեքավոր դիտարկումները նաեւ Եվրախորհրդի ներկայացուցիչներին ազդարարելու բացառիկ հնարավորությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930