Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հուլիս 05,2000 00:00

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ «ԶՈՀԸ» Երեկ, խորհրդարանական լրագրողների խնդրանքով, հանպատրաստից ասուլիսում «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը պարզաբանումներ տվեց իր հետ կատարված միջադեպի վերաբերյալ։ Արդեն հրապարակվել է, որ հուլիսի 1-ին Վարդան Այվազյանի եւ «Հայծխախոտ» ընկերության նախագահ, «Գրանդ Տոբակոյի» բաժնետեր Ռուբեն Հայրապետյանի միջեւ վերջինիս նախաձեռնությամբ տեղի է ունեցել «բանավեճ», որին «միջամտել են» պրն Հայրապետյանի 3-4 թիկնապահները. «Իմ եւ նրա միջեւ որեւէ ծեծկռտուք չի եղել»։ Այս ամենի առիթը «Ար» հեռուստաընկերությամբ «Կայունություն» խմբի ղեկավարի ելույթում արտահայտված տեսակետներն էին։ Ըստ պրն Այվազյանի, իրեն այս առնչությամբ մեղադրանք է ուղղվել, թե որոշակի տնտեսական գործիչների պատվերն է կատարում։ Մինչդեռ «Ծխախոտի հաստատագրված վճարների մասին» օրենքի վերաբերյալ խմբի դիրքորոշումը նա բացատրում էր զուտ գաղափարական եւ տնտեսական նկատառումներով (ի դեպ, «Կայունությունը» մտադիր է աշնանը ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի ծխախոտի, բենզինի, սպիրտային խմիչքների եւ գերշահույթ ապահովող այլ ոլորտները պիտի պետական մենաշնորհ դառնան)։ Պատգամավորի տեսակետներին եւ քվեարկությանը բռունցքներով հակազդելու այս միջադեպին համապատասխան գնահատական տալը, ըստ Վարդան Այվազյանի, պետության եւ իշխանությունների խնդիրն է. «Ես գտնում եմ, որ սա իմ անձնական խնդիրը չի՝ ես իմ չափարի կամ տան կտուրի, կամ որեւէ անձնական հարց չեմ բարձրացրել։ Ինքս ոչ ներմուծող եմ, ոչ արտադրող, ոչ էլ տնտեսական որեւէ խնդիր ունեմ»։ Դեպքի առնչությամբ արդեն իսկ նախաքննություն է վարվում, սակայն տուժած կողմը պնդում էր, թե ինքը չի դիմել ո՛չ իրավապահ մարմիններին, ո՛չ էլ դատաբժիշկներին։ Եվ հրաժարվում էր պատասխանել լրագրողների այն հարցերին, թե ինչ վնասվածքներ է ստացել։ «Կայունություն» խումբը երեկ հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ, սակայն խմբի ղեկավարը ենթադրում էր, որ քաղաքական նշանակություն ունեցող այս միջադեպին իր գնահատականը պիտի տա նաեւ ամբողջ խորհրդարանը։ «Պատկերացրեք, այժմ նույն կերպ քննարկվում է ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի խնդիրը։ Հիմա եթե փորձենք այս ոլորտն էլ ստվերայինից դուրս բերել՝ ինչ է, նորի՞ց պիտի ենթարկվենք հարձակման,- ասում էր պրն Այվազյանը։- Ժողովրդին էլ անվճար երթեւեկության համար փող չենք տալիս՝ պետք է գան ու փայտերով մեզ այստեղ ծեծե՞ն»։ Ինչ վերաբերում է «Ծխախոտի հաստատագրված վճարների մասին» օրենքին, «Կայունություն» խմբի ղեկավարը շարունակում էր համոզմունք հայտնել, թե այն հավասար մրցակցային դաշտ է ապահովել։ «Գրանդ Տոբակոյի» գործադիր տնօրենն իր ասուլիսում խոսել էր արդեն աշնանը պետբյուջեի մուտքերը ձախողելու համար այն անձանց պատասխանատվության ենթարկելու մասին, ում լոբբինգի շնորհիվ ընդունվեց այս օրենքը։ Տրվել էր ինչպես Խաչատուր Սուքիասյանի, այնպես էլ «Կայունություն» խմբի անունը։ Ուստի «Առավոտը» Վարդան Այվազյանից եւս հետաքրքրվեց, թե պատրա՞ստ է արդյոք կրել պատասխանատվություն այս խնդրում իր դիրքորոշման համար։ «Ես առանց այն էլ որպես պատգամավոր իմ ընդունած որոշումների համար կրում եմ պատասխանատվություն։ Ժամանակ առ ժամանակ, որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր, հաշվետվություն եմ տալիս իմ տարածքի ընտրողներին։ Եվ հաջորդ ընտրությունների ժամանակ պարզ կլինի, թե արդյոք ընտրողները դարձյալ ինձ վստահության քվե կտա՞ն,- պատասխանեց պրն Այվազյանը։- Համենայնդեպս, պետեկամուտների նախարարության՝ վերջերս տրամադրած տվյալները ապացուցում են հակառակը։ Նաեւ ուզում եմ հարց տալ. եթե առաջ ներքին արտադրողը 100 դոլար հարկ էր վճարում 1 արկղի համար, այսօր վճարում է 80։ Վա՞տ վիճակում է։ Այսինքն, հարկային իր բեռն իջեցնելու համար պատգամավորներին մեղավո՞ր է ճանաչում։ Սա ինչ շանտաժի միջոց է»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել