Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հուլիս 21,2000 00:00

«Խախտվել են 261-ի պահանջները» Զրույց իրավագետ Վլադիմիր Նազարյանի հետ Հոկտեմբերի 27-ի գործի ընթացքում զոհվածների հարազատների բողոք-դիմումի հրապարակումից հետո շրջադարձերը չեն բացառվում։ Ալեքսան Հարությունյանի, Հարություն Հարությունյանի, Նաիրի Բադալյանի, Մուշեղ Մովսիսյանի եւ Արթուր Հակոբյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, բացի Մուշեղ Մովսիսյանի գործից, կարճվել են հանցակազմի բացակայության հատկանիշով։ Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261 հոդվածը պահանջում է, որ քրեական գործերի վարույթը կարճելու մասին որոշումներն ունենան ոչ միայն նկարագրական եւ պատճառաբանական մաս, այլ նաեւ դրանցում չպարունակվի որեւէ ձեւակերպում, որը կասկածի տակ կարող է դնել տվյալ անձի անմեղությունը։ Սա անմեղության կանխավարկածի կոնկրետ դրսեւորումն է քրեական դատավարությունում։ ԱԺ իրավական խորհրդատու, իրավագետ Վլադիմիր Նազարյանը գտնում է, որ «քրեական օրենսգրքի 261 հոդվածի պահանջների կոպիտ խախտում է տեղի ունեցել։ Այդ որոշումներից ոչ մեկը չի համապատասխանում այս հոդվածի պահանջներին։ Այլ կերպ ասած, խախտվել է հենց անմեղության կանխավարկածը։ Իմ տպավորությունը հետեւյալն է. այդ որոշումները իրենցից ներկայացնում են մեղադրական եզրակացություններ։ Այդ որոշումները ուղղակի ապացուցում են հիշյալ անձնավորությունների մեղավորությունը։ Ինձ մի քիչ զարմանք է պատճառում այդ անձնավորությունների ռեակցիայի բացակայությունը, որովհետեւ, եթե նրանք իրոք անմեղ են, ապա հենց իրենք պետք է գտնվեին զոհվածների հարազատների կողքին։ Նրանք առաջինը պետք է բողոքեին այդ որոշման դեմ եւ պահանջեին, որ 261 հոդվածին համապատասխան իրենց նկատմամբ կայացվի այնպիսի կարճման որոշում, որը չի պարունակի իր մեջ որեւէ ձեւակերպում, որը նվազագույն անգամ կասկած թողնի իրենց մեղավորության մասին»։ Որքան հայտնի է, այսպիսի բողոք առայժմ նախկին մեղադրյալներից, եւ այժմ՝ կարճվածներից ոչ մեկը չի ներկայացրել։ Անմեղության կանխավարկածը հարգելով, այնուամենայնիվ, հարցնենք. իսկ եթե չեն բողոքում, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ մեղավոր են։ Այս մասին Վլադիմիր Նազարյանն այլ կարծիքի է. «Չէ, չեմ կարող դա ասել, ուղղակի կամ պատշաճ իրավաբանական օգնություն չեն ստանում, կամ երեւի ասում են՝ հոգիներս ազատվեց։ Օրինակ, ինձ՝ որպես իրավաբան, զարմանք է պատճառում, որ այդքան ապացույցներ թողնելով, առանց այդ ապացույցներից որեւէ մեկը հերքելու, ինչպե՞ս կարելի էր նման որոշում կայացնել»։ Վլադիմիր Նազարյանի ասելով, այդ որոշումներն առաջին հերթին չէին կարող բավարարել զոհվածների հարազատներին, ինչպես նաեւ այն մարդկանց, որոնց նկատմամբ այդ կարճման որոշումները կայացվել են։ Ըստ իրավագետի, այդ որոշումների մեջ կան նաեւ փոքր նրբություններ, որոնք նույնպես անբացատրելի են, եթե նկատի ենք ունենում ոճրագործության ամբողջ ֆոնը։ Իսկ եթե տվյալ գործի քննիչը լիներ հենց Վլադիմիր Նազարյանը, ինչպե՞ս կվարվեր. «Կամ ես մեկ առ մեկ կհերքեի գործով ձեռք բերված ապացույցները եւ կկարճեի որոշումը, կամ, եթե ես հնարավորություն չունեի ձեռք բերված ապացույցները հերքել, ես դատի կտայի, թող դատարանը պարզեր»։ Իսկ եթե քննիչը պատվեր կատարող քննիչ լինե՞ր. «Ես կյանքում պատվեր չեմ կատարել, բայց իսկական պատվեր կատարող քննիչը ո՞նց կվարվեր՝ ապօրինի մեթոդներով կհերքեր իր իսկ ձեռք բերած ապացույցները»։ Վլադիմիր Նազարյանը համոզված է, որ եթե մեկ առ մեկ, պատշաճ ձեւով, քրեական դատավարության օրենսգրքով, պահանջված կարգով, իրոք հիմնավոր, հերքվեին ապացույցները, ապա այսպիսի աղմուկ-աղաղակ չէր բարձրանա։ Մեր հարցին՝ արդյո՞ք զոհվածների հարազատների բողոք-նամակի հեղինակը հենց պրն Նազարյանը չէ, վերջինս պատասխանեց. «Այդ նամակը կարճման մասին որոշումից մեջբերումներ են եւ վերջում իրենք իրենց հուզական գնահատականն են տվել։ Դա այնպիսի մի իրավաբանական ստեղծագործություն չի, որ ես ստեղծեի։ Նամակի հեղինակները նրանք են, ովքեր ստորագրել են այդ նամակի տակ։ Մեր պաշտոնատար անձանց շատ զեկուցումներ գրվում են բոլորովին ուրիշ մարդկանց կողմից, բայց քանի որ նրանք են կարդում եւ ստորագրում, բոլորովին հետաքրքիր չի, ով է գրել»։ Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել