Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ» ԵՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Օգոստոս 08,2000 00:00
hrdeh

1993 թ. հունվարի 3-ի «Զեյթուն» ուսանողական հանրակացարանի թիվ 1 մասնաշենքում բռնկված հրդեհի մասին առաջին անգամ չէ, որ անդրադառնում են լրատվամիջոցները եւ առաջին անգամ չէ, որ փորձել ենք ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը հրավիրել նշված փաստին։ Չէ որ այդ հրդեհով պետությանը, մասնավորապես կրթության եւ գիտության նախարարությանը հասցվեց 50 մլն ռուբլու վնաս, տուժեցին քաղաքացիներ Նազիկ Ղարիբյանն ու նրա որդին (հետագայում հարուցված քրեական գործով քաղաքացին տուժող ճանաչվեց, նրան պատճառած վնասն էլ կազմեց 1.750.000 ռուբլի)։ Քրեական գործը վարում էր ՀԿԳ քննիչ Գ. Աբաջյանը, որը կասեցրեց քրգործը, կասկածյալների՝ Հնդկաստանի քաղաքացիներ Պրիմանդրայի եւ Կումար Մանաջի «գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառաբանությամբ»։ Տասնյակ գրություններ ուղարկվեցին քաղաքացուհուն, թե հետախուզում է հայտարարվել, թե «հեսա ուր որ է» նրանց կգտնեն, կբերեն ու… քրգործի նախաքննությունը կվերսկսվի։ Մեկ կիլոգրամ՝ նման բովանդակության հավաստիացումներ, «Առավոտում» էլ կան։

Վերջերս, նախաքննության ու հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի տեղակալ Գ. Հարությունյանի՝ քաղաքացուհուն ուղարկած գրությունը, դատախազության հերթական սենսացիա կարելի է համարել։ Այնտեղ ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ստուգմամբ պարզվել է, որ… թյուրիմացաբար նշվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Պրիմանդրայի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, որի համար եւ Գ. Աբաջյանին դիտողություն է արվել»։ Հետաքրքիր է այսօրվա հետախուզվողներից քանիսի նկատմամբ է նմանօրինակ թյուրիմացություններ «կիրառվել», թյուրիմացությո՞ւն է եղել դեպքի առիթով քրգործ հարուցելը եւ հրդեհը, հրդեհից պետությանն ու քաղաքացուն հասցված վնասը։ Այդ դեպքում ինչո՞ւ եք 7 տարի քաղաքացուն (պետությանը կարծես չի հուզում իր վնասը) խաբել, տրցակներ ուղարկել, թե… հետախուզում է հայտարարվել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

ՍԻՄ-Ն ՈՒ ՀՅԴ-Ն ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ԷԻՆ

Hrant Khachatryan

Բաշխիչ ցանցերի մասնավորեցման շուրջ բորբոքված կրքերը փոքր-ինչ հանդարտվել, բայց չեն չեզոքացել։ Դրա պատճառը, թերեւս, խորհրդարանական արձակուրդներն են։ Սա ամենեւին չի նշանակում, թե այս հարցի քննարկումն այլեւս սպառված է։ Ըստ ԱԺ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության պատգամավոր եւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի, ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրինագիծը շարունակում է մնալ վիճահարույց հարց եւ առաջիկայում չի բացառվում, որ ընդունված օրենքը կվիճարկվի ՀՀ Սահմանադրական դատարանում։ Օրենքին դեմ քվեարկած խորհրդարանական ուժերն ու մասնավորապես «ԻՄ» խմբակցության պատգամավոր Հ.Խաչատրյանը, մնում են այն կարծիքին, որ օրենքն ապօրինի է եւ չի ընդունվել։

Անդրադառնալով բաշխիչ ցանցերի մասնավորեցմանը կողմ քվեարկած ՀՅԴ-ի կեցվածքին, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Իմ համբերությունը կբավարարի, որ այս առնչությամբ ՀՅԴ խմբակցությունը նախ հաշվետվություն տա կուսակցությանն ու նրա անդամներին, որից հետո միայն ես կմեկնաբանեմ ՀՅԴ խմբակցության վարքը»։ Հ.Խաչատրյանը նկատեց, որ օրենքի քննարկման ժամանակ ՀՅԴ-ն այդպես էլ չհիմնավորեց, թե ինչու է կողմ քվեարկել օրինագծին։ «Ես չեմ կարծում, թե Արմեն Ռուստամյանի ելույթը որեւէ մեկն ինչ-որ բանի հիմնավորում կարող է համարել։ Նրա ելույթը ժամանակի վրա էր կառուցված։ Դաշնակցությունն այսօր բավականին լուրջ խնդիրներ ունի»,- ասաց Հ.Խաչատրյանը՝ առանց մանրամասնելու այդ խնդիրների էությունը։

Սեփ. լր.

ՄԵԿՕՐՅԱ ԳՈՐԾԱԴՈՒԼ

«Արմենպրես» ՊՓԲԸ ընդհանուր ժողովը (մասնակցում էր 32 աշխատակից) երեկ մեկօրյա գործադուլ էր հայտարարել։ Ժողովը ստեղծեց ժամանակավոր գործադուլային կոմիտե։ Գործադուլի մասին «Արմենպրեսը» տեղյակ է պահել իր բոլոր բաժանորդներին, ինչպես նաեւ թողարկում էր պատրաստել գործադուլի մասին տեղեկատվությամբ։ Ի՞նչն է պատճառը, որ պետական լրատվամիջոցը դիմել է այսպիսի կտրուկ քայլի։ Գաղտնիք չէ, որ «Արմենպրեսի» շուրջ խնդիրները վաղուց են հասունացել, «Արմենպրեսը» ՊՓԲԸ է 1998-ից։ Բաժնետերերի խորհրդի կազմում են ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության լրատվական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագիրը։ «Արմենպրեսն» արդեն մեկ տարի տնօրեն չունի։ Տեխնիկական պատճառն այն է, որ բաժնետերերի խորհուրդը մինչեւ այսօր վավերացված չէ ՀՀ նախագահի կողմից եւ քանի դեռ վավերացված չէ, իրավունք չունի տնօրեն հաստատելու։ Ակնհայտորեն ինչ-որ մեկին ձեռնտու է «Արմենպրեսի» այս բարձիթողի վիճակը։

Պետբյուջեից 2000 թվականի համար «Արմենպրեսին» հատկացված է 36 մլն դրամ։ Ցայսօր ստացվել է 8 մլն-ը միայն։ 1996-ից ի վեր «Արմենպրեսը» տեխնիկական ոչ մի վերազինում չի ստացել։ «Արմենպրեսին» պարտք է ոչ միայն պետությունը, այլեւ բաժանորդները։ Հանրապետության բոլոր լրատվամիջոցները (բացի «Առավոտից», «Հայոց աշխարհից» եւ «թՏսՏր ԸՐՎպվՌՌ»-ից) «Արմենպրեսին» պարտք են։ Երեկ «Արմենպրեսի» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչության պետ Էդուարդ Միլիտոնյանը խոստացավ, որ այսօր կոլեկտիվը կստանա ապրիլի աշխատավարձն ամբողջությամբ եւ մայիսինը՝ մասնակի։ Թեպետ նաեւ պնդեց, որ գործադուլը դրա հետ կապ չունի, պարզապես օրերը զուգադիպել են։ Պրն Միլիտոնյանը չմոռացավ շեշտել, որ ամբողջ համակարգում է այսպիսի վիճակ, որ շատ հիմնարկներ մարտ-ապրիլի աշխատավարձերը չեն ստացել։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031