Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 07,2000 00:00

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑ «ՀԱՅ ԴԱՏԸ» «Մենք ուզում ենք Եվրոպան տեսնել դեմոկրատացված», «Թուրք հասարակությունը պետք է ձերբազատվի 15 թվականի Ցեղասպանության բարդույթից եւ թուրք երեխաները պետք է 21-րդ դար մտնեն որպես ցիվիլ պետության քաղաքացիներ», «Սփյուռքի համար կորուսյալ հայրենիքը ոչ պակաս կարեւոր է»։ Ահա այսպիսի ճոռոմ, միաժամանակ ունայն ու քմծիծաղ առաջացնող հայտարարություններով են համեմվում 1915 թվականի հայերի Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին Հայաստանի պետական այրերի պնդումները։ Իշխանությունները, «կորուսյալ հայրենիքը» դրոշ դարձրած դաշնակցությունն ու սփյուռքահայությունն անկեղծ հրճվանք են ապրում՝ մեր հարցը դարձյալ օրակարգում է։ Սրանցից եւ ոչ մեկը չի էլ փորձում կռահել, թե ի՞նչ կտա այս հարցի քննարկումը Հայաստանին եւ դեռ այստեղ ապրող մի բուռ ժողովրդին։ Հայերը երբեք դիվանագիտությամբ չեն փայլել եւ տուժել են հենց այդ պատճառով։ Հետեւանքների մասին մտածելն արդեն սարսափելի է, մանավանդ, որ այս առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսի որոշումն անտարակույս հայերին չի բավարարելու։ Այսպես էլի է եղել՝ 7, թե 8 անգամ։ Ժամանակին դեռ ԽՍՀՄ օրոք ԱՄՆ կոնգրեսը քննարկել եւ 57-47 ձայնով մերժել էր ճանաչել 1915 թվականի Ցեղասպանությունը։ Հակառակ որոշումը դեմ կլիներ եւ այսօր էլ դեմ է ԱՄՆ պետական շահերին։ Թուրքիան ԱՄՆ-ի հիմնական եւ ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում։ Նա ՆԱՏՕ-ի անդամ է, եւ վերջինիս ռազմական հենակետերից մեկն էլ Թուրքիայում է գտնվում։ Մինչդեռ հայերի Ցեղասպանության ճանաչման հարցը Կոնգրեսում քննարկման առարկա է եղել որպես կանոն ԱՄՆ նախագահական ընտրությունների փուլում եւ իբրեւ խաղաթուղթ անընդհատ շահարկվել է սփյուռքահայ համայնքի ձայները կորզելու նպատակով։ Որպես կանոն հայերը միշտ հուսախաբ եւ ձեռնունայն են մնացել։ Այսպես կլինի նաեւ այս անգամ։ Իհարկե, ժամանակին այս քննարկումները Հայաստանի պետականությանը սպառնալ չէին կարող, որովհետեւ պետականություն չունեինք, իսկ մեր մայրաքաղաքը Մոսկվան էր։ Այլ է այսօր։ Հայաստանը փոքրիկ, տարածաշրջանում իրենից ոչինչ չներկայացնող ու աղքատ պետություն է, որից սեփական ժողովուրդն է փախչում։ Հասարակության շուրջ 85 տոկոսն աղքատ է, տնտեսությունն աղետալի վիճակում է եւ իշխանությունները շարունակում են միջազգային հանրությունից վարկեր եւ դրամաշնորհներ մուրալ՝ արտաքին պարտքերը փակելու, ժողովրդին կերակրելու եւ բյուջեի մոտ 100 մլրդ դրամի ճեղքվածքը փակելու համար։ Իր ներքին հիմնախնդիրները լուծելու փոխարեն հայաստանյան կարճամիտ իշխանությունները սկսել են կռիվ տալ Թուրքիայի հետ՝ մոռանալով, որ Հայաստանի պետական սահմաններն անգամ ինքնուրույն պաշտպանելու հնարավորություն չունեն եւ այսօր այդ առաքելությունն իրականացնում են ռուսական սահմանապահ զորքերը։ Հայաստանը տնտեսապես չափազանց թույլ է, որպեսզի իրեն թույլ տա պահանջատեր լինել եւ Արեւմուտքին պարտադրել ճանաչել Ցեղասպանությունը։ Տակավին լուծված չէ Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը։ Սրան ավելացնենք նաեւ այն, որ դեռ 88-ից ի վեր Ադրբեջանից եւ Ղարաբաղից Հայաստան գաղթած փախստականների մի զգալի մասն անօթեւան է։ Ահա այս աղետալի ֆոնի վրա «կորուսյալ հայրենիքի» կարոտով տառապող, բայց ԱՄՆ-ում բարեկեցիկ կյանքով ապրող ամերիկահայությունը, որ պատրաստ է Հայաստանում ներդրումներ անելու փոխարեն մի քանի միլիոն դոլարով կաշառել ամերիկացի կոնգրեսականներին, հանրապետության իշխանությունների ու դաշնակների օժանդակությամբ միջազգային հանրությունից պահանջում է մի բան, որի պատասխանը հիանալի գիտե։ Հայաստանը հաստատում է Թուրքիայի այն պնդումները, թե տարածաշրջանում Հայաստանն ապակայունացման օջախ է, եւ հարկավոր է զսպել նրա հողային պահանջատիրությունը, իսկ Արեւմուտքը պահանջատերերին չի սիրում։ Այս հարցի հերթական շահարկումը Հայաստանին, բացի Թուրքիայի կողմից տնտեսական եւ ֆիզիկական սպառնալիքներից, որեւէ բան չի տալու, քանի դեռ Հայաստանը տնտեսապես հզոր չէ։ Թուրքիան, որ հոխորտում է ԱՄՆ-ի վրա, որեւէ հակաքայլ, անշուշտ, չի ձեռնարկի։ Նա հիմար չէ։ Փոխարենը վերջինս բոլոր լծակներն ունի Հայաստանի դեմ տնտեսական խոչընդոտներ հարուցելու համար։ Հոգեւոր եւ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջեւ կհայտնվի Թուրքիայի ավելի քան 70 հազարանոց հայ համայնքը։ Հայաստանի իշխանություններն ու դաշնակցությունը պատրա՞ստ են արդյոք հարցի տապալումից եւ Թուրքիային կրկին գրգռելուց հետո ապաստան տալ թուրքահայ գաղթականներին։ Ոչ։ Փոխարենն ի թիվս ձեռնարկված մի քանի միջոցառումների, Թուրքիան ի վիճակի է նաեւ երրորդ երկրների ու նաեւ Վրաստանի միջոցով տնտեսական խոչընդոտներ հարուցել Հայաստանի առջեւ։ Այն, որ Վրաստանը հայ-թուրքական սահմանում համատեղ զորավարժություններ է անցկացնում, պետք է, որ խոսուն լինի։ Իշխանությունները պնդում են, թե հարցի քննարկումը չի կարող վատթարացնել հայ-թուրքական հարաբերությունները, քանի որ դրանք առանց այն էլ չկան։ Բայց չէ՞ որ անցած 10 տարիների ընթացքում իշխանությունները մեծ ջանքեր էին ներդրել, որպեսզի միջազգային կազմակերպությունների եւ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գիտնականների մասնակցությամբ հնարավոր լիներ այցելել Թուրքիա եւ վերականգնել այստեղ գտնվող հայկական մշակութային կոթողներն ու մզկիթների վերածված կամ ավերված եկեղեցիները։ Բնականաբար այս ծրագրերի իրագործումն այլեւս անհնարին կլինի։ Մյուս կողմից պարզ է նաեւ, որ Թուրքիան ու Ադրբեջանը կձախողեն տարածաշրջանային համագործակցությանն ուղղված Հայաստանի որեւէ փորձ, եւ Հայաստանը կհայտնվի տոտալ շրջափակման մեջ։ Ու եթե այսօր Հայաստանն իրեն անվտանգ ու ապահով է զգում Թուրքիայի ագրեսիայից, ապա միայն Ռուսաստանի շնորհիվ։ Եթե ռուսական զորքերը Հայաստանում չլինեին, հայերը դժվար թե Թուրքիայի վրա հոխորտային։ Բայց պատմությունից պետք է դասեր քաղել եւ թույլ չտալ, որ կրկնվի 1917 թվականի պատմությունը, երբ ռուսները հայերին մենակ թողեցին թուրքական վտանգին դեմ-հանդիման եւ զորքերը դուրս բերեցին Հայաստանից։ Չպետք է մոռանալ նաեւ, որ Թուրքիան Ռուսաստանի գլխավոր գործընկերն ու ռուսական գազի մեծագույն շուկաներից մեկն է, բացի այն, որ Թուրքիայի տարածքով է ռուսական գազը հասցվելու Արեւմուտք եւ Միջին Արեւելք եւ դժվար թե Ռուսաստանը պաշտպան կանգնի հայերին, առավել եւս, որ ՌԴ-ն այսօր ինքն է սպառնում Հայաստանին՝ գազի դիմաց պետական պարտքը չմարելու դեպքում, դադարեցնել գազի հոսքը Հայաստան։ Եվ՝ ի՞նչ, Հայաստանը մտադիր է ապրել տարածաշրջանում մեկուսի վիճակում, ինչպես է 2 տարի շարունա՞կ։ Եվ ընդհանրապես մեր ներքին եւ արտաքին հիմնախնդիրները չլուծած ու տկար վիճակում «ծովից ծով Հայք» ու «Հայ դատ» գոռալով պատրա՞ստ ենք արդյոք կորցնել նաեւ մեզ բաժին հասած այս 30 հազար քառակուսի կմ-ն, որ ունենք Սարդարապատից հետո։ Թերեւս մեկ անգամ եւս, ինչպես 18-20 թվականներին՝ հագուրդ տալով դաշնակցական պահանջատիրությանը, կորցնելու ենք նաեւ 10-ամյա անկախ մեր պետականությունն էլ, եթե Ցեղասպանության ճանաչումը շարունակի մնալ պետական արտաքին քաղաքականության շարժիչը։ Այսպես երկիր չեն կառուցում։ Այսպես այն կարելի է միայն կորցնել։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել