Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 17,2000 00:00

ՈՒՆԿՆԴՐԻՆ ՊԵՏՔ ~Է ՍԻՐԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ ԵՆԹԱՐԿՎԵԼ Դիմանկարի ուրվագիծ «Հինգ տարեկան էի… Խաղում էինք մանկապարտեզի բակում։ Հանկարծ նկատեցի, որ իմ սիրելի դաստիարակչուհի տիկին Էլբիսը ձեռքին մի երկար փայտիկ մոտենում է մեզ։ Անկեղծ ասած, թողեցի խաղը եւ, չգիտեմ ինչու, քայլերս ուղղեցի դեպի դաստիարակչուհիս՝ կարծես առաջին անգամ էի փայտիկ տեսնում։ Հասնելով ինձ եւ «կախարդական» փայտիկը հրամցնելով ինձ նա ասաց. «Վերցրու։ Դու պետք է ղեկավարես մեր նվագախումբը։ Գնա՛ տուն եւ պարապի՛ր»։ Ես էլ գնացի տուն եւ սկսեցի շատ լուրջ պարապել։ Ղեկավարեցի… Ու երեւի ինչ-որ ձեւով սա սկիզբն էր ամեն ինչի…»։ Այո, Արամ Ղարաբեկյանը եկավ ու փայլատակեց հայ արվեստի երկնակամարում՝ ասես իբրեւ վկայություն, որ մեծ անհատները միայն հնում չեն եղել, որ նրանք կարող են ծնունդ առնել նաեւ մեր օրերում, ապրել մեր կողքին։ Զարմանալի բան է հայրենիքի կանչը. դա ապրում է մարդու ներսում անլռելի, կենդանի արարածի նման եւ ոչնչով հնարավոր չէ խլացնել այդ կանչը։ Այդ կանչը հոգու խորքում ապրել է մաեստրո Արամ Ղարաբեկյանը՝ դեռ հինգ տարեկան հասակից, երբ առաջին անգամ Թեհրանում ղեկավարեց մանուկների նվագախումբը։ Հետո «շրջեց» քաղաքից-քաղաք, փնտրեց իր նման կազմակերպված արվեստագետների, երբեմն գտավ, հաճախ հուսախաբվեց։ Ի վերջո, անսալով հոգու կանչին, եկավ, հանգրվանեց սիրելի Հայաստանում։ Հազար ու մեկ թելերով կապվեց կամերային նվագախմբի հետ։ Առաջին բեմելը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ կայացավ 1997 թվականի ապրիլի 4-ին, եւ այդ թվականից կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ Նրա ամեն օրն ու ժամը պլանավորված է։ Աշխատանքում հետեւողական, աշխատասիրությամբ «տառապող» դիրիժորին եւ նրա հատկանիշները, գործընկերներն անվանում են «եվրոպական»։ «Ինչպե՞ս կարելի է ճանաչման արժանանալ, մեծ գործունեություն ծավալել եւ նպատակամղված չօգտագործել ժամանակը, չգնահատել աշխատանքային կարգ ու կանոնը եւ հասնել նշանակալի արդյունքների։ Դա պարզապես անհնար է»,- ասում է մաեստրոն։ Այո, Արամ Ղարաբեկյանի աշխատանքի շնորհիվ է, որ այսօր կամերային նվագախմբի կատարողական մակարդակը համապատասխանում է ունկնդրի զգայական աշխարհի, ավելին՝ երաժշտագետների ամենախիստ պահանջներին։ Նրանք՝ ովքեր ներկա են գտնվել մաեստրոյի փորձերին, ինձ հետ համամիտ կլինեն։ Բավական է հիշել միայն նվագախմբային ստեղծագործության «գաղտնիքները» բացատրող նրա շարժումները, ինտոնացիան ու մտքերը՝ մերթ ոգեւորող, մերթ հումորով, բայց միշտ լրջմիտ, ավելորդաբանությունից հեռու։ Նա լավ գիտե ե՛ւ ասելիքը ե՛ւ, թե ինչ է պահանջում։ Չի հոգնում նույնիսկ բոլորին ծանոթ ստեղծագործությունում նոր երանգներ փնտրելուց։ Ավելի շուտ, դրանք արդեն գտնված են լինում մինչեւ փորձը եւ մատուցվում այնպես, որ նվագախումբը մասնակից լինի «ստեղծագործական հայտնությանը»։ Չի զլանում ունկնդրել նվագախմբի արտիստի կամ մենակատարի տեղին ասված խոսքն ու կարծիքը։ Ի դեպ, նվագախումբը հաճախ հանդես է գալիս որպես նվագակցող։ Համաշխարհային դասական ու ժամանակակից, ինչպես նաեւ հայ հեղինակների կամերային կտավների մեկնաբանումը, մենակատարներին նրբորեն նվագակցելու ունակությունը բարձր է գնահատվել նրա հետ ելույթ ունեցող կատարողների շրջանում։ Դիրիժորը համոզիչ կերպով ընդգծում է երաժշտության լարված դրամատիզմը եւ ռոմանտիկ հուզականությունը, պահպանում ստեղծագործությանը բնորոշ հերոսականի եւ լիրիկականի հավասարակշռությունը։ Անսամբլային մեծ համաձայնեցվածություն. ահա, թե ինչն է ամենից առաջ գրավում երաժշտություն ունկնդրելիս, ուր ոչ մի անգամ չի խախտվում մենակատարի ու նվագախմբի համագործակցությունը՝ շնորհիվ որի չի թուլանում երաժշտության զարգացման դինամիկան։ Մաեստրոն ղեկավարում է կրքոտ ու անկաշկանդ, ճշմարիտ արտիստականությամբ։ Կատարվող ստեղծագործությունների ոճի եւ գեղարվեստական մտահղացման խոր ընկալումը, նուրբ եւ բարձր գեղարվեստական մեկնաբանությունը, արտիստական խառնվածքը ապահովում են Ա.Ղարաբեկյանի համերգների բարձր մակարդակը, մշտապես շահում ունկնդրի համակրանքը։ Նվագախումբը ղեկավարելիս մաեստրոն տարերքի մեջ է։ Նրա մոտ կան ստեղծագործողի իմպրովիզային տարրեր, անսպառ էներգիա, ծայրաստիճան արտահայտչականություն, ինքնանվիրում։ Մաեստրոն երբեք չի մոռանում, որ կատարողական արվեստը գոյություն ունի շնորհիվ նորին մեծություն ունկնդրի։ Խոսելով վերջինիս մասին, նա ասում է. «Ունկնդրին պետք է սիրել, հարգել, բայց ոչ երբեք ենթարկվել։ Հակառակ դեպքում դու կնմանվես ղեկը կորցրած նավի»։ Կամ՝ «Համերգի սկզբում մենք անջատ-անջատ միավոր ենք։ Երաժշտությունն իր կայուն օրենքներն ունի եւ կատարողական արվեստն էլ առաջնորդվում է գիտական ստույգ օրենքներով։ Սակայն կա մի բան, որ այդ օրենքներից եւ ամեն ինչից դուրս է, եւ որը կոչվում է «արվեստի հրաշք»։ Եվ պատկերացնո՞ւմ եք, կատարողը, ունկնդիրը, ինչու չէ, մեր սրահի գույքը, որ սկզբում անջատ-անջատ են, սկսում են միաձուլվել, ներդաշնակվել։ Եվ ահա արվեստի հրաշքը՝ համերգի վերջում թվում է, թե հազարավոր սրտերի բաբախյունը լսում ես սեփական սրտիդ մեջ»։ Ղարաբեկյանական նվագախմբի հնչողության մեջ ապշեցնում է կատարողական վիրտուոզ ազատությունը, կատարողական լուրջ դժվարությունների հաղթահարման զարմանալի թեթեւությունը, նրբերանգների եւ կոնտրաստների անսովոր մեծ ընդգրկումը։ Այստեղ կա ամեն ինչ՝ ե՛ւ հնչյունի թրթռուն տատանում, ե՛ւ նվագախմբային զորեղ պայթյուններ, նրբագույն, օդեղեն պիանո, ե՛ւ որոտընդոստ ֆորտե, ինչ-որ տեղ իմպրովիզացիոն ազատություն, բայց եւ ձեւի հստակ գծագրություն։ Եվ ես համոզված եմ, որ մաեստրոն երբեք երկընտրանք չի ունեցել, քանզի մարդկությունը չի կարող երաժշտություն չլսել՝ քանի դեռ սիրում է, հիշում, գտնում ու կորցնում, տառապում է կորուստների ցավից եւ, ինչպես մաեստրոն է ասում՝ «Երաժշտությունը՝ դասական երաժշտությունը, մարդկային ընդերքի անխավար լույսն է։ Դրանով ենք տեսնում մեր հոգու հատակը»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել