Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 12,2000 00:00

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԸ «ՄԵՌՆՈՒՄ ԵՆ» Ահազանգում է երգչուհի Գայանե Ներսիսյանը «Իմ խոր համոզմամբ՝ դրսի ուժը ցանկացավ, որ Հայաստան երկիրն ընկնի այս վիճակի մեջ եւ դրան հասավ՝ քանդելով մեր մշակույթը։ Ամեն ինչ արվեց ազգը իր կերպից գցելու համար։ Դուք համակարծիք չե՞ք… Մեր ժողովրդական նվագարանները «մեռնում» են։ Այո, «մեռնում» են, ասել է թե՝ երաժշտական դպրոցներում, ուսումնարաններում այսօր աշակերտներ չկան, իսկ կոնսերվատորիայում ժողովրդական նվագարան ուսուցանող դասախոսների մոտ ուսանում են ընդամենը մի քանի ուսանող։ Պատմում են, որ կոնսերվատորիայի այս տարվա ընդունելության օրերին պարզապես բղավում էին՝ «թառի վրա նվագող ցանկացող չկա՞»։ Խայտառակ վիճակ… Մեր ազգի դեմքը մեր մշակույթն է եւ աշխարհին ներկայանում ենք մեր մշակույթով, առաջին հերթին՝ ժողովրդական արվեստով։ Եվս 1-2 տարի, եւ իսպառ կվերանան մեր քանոնը, քամանչան, թառը… դուդուկը կմնա, այն էլ սգո արարողությունների համար։ Խոսվում է, գրվում… բայց ոչ մի փոփոխություն, պետությունը պետք է հոգա այս ամենի մասին։ Էլ ի՞նչ ազգ, որ ժողովրդական ոչինչ չունենա։ Հիշենք Կոմիտասի խոսքերը՝ «Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք եւ սովորեք նրանից»։ Երբ 1991թ. Ռիգայում ստեղծվում էր հայկական համայնք, կոլեկտիվիս հետ մեկնեցինք մեկ բարեգործական համերգով։ Լատվիայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը խնդրեց նվագախմբին, որ մի փոքր «աղմկեն»։ Եվ ինչ կատարվեց… Չանցած հինգ րոպե՝ սկսվեց լատիշ ժողովրդի հոսքը դահլիճ։ Բռնել էին շուրջպար։ Գնալով շրջանը լայնանում էր։ Հաջորդ օրը մեզ այցելեց մշակույթի նախարարը։ Նա ապշած ու քարացած ունկնդրում էր, անկեղծ ասած, գերվել էր դուդուկի հնչյուններով։ Չհամբերելով, որ մարեն վերջին հնչյունները, դիմելով ինձ, ասաց. «Ինչպե՞ս էր այդ գործիքի անունը։ Գիտե՞ք, թե ինչպես է վերարտադրում ձեր ժողովրդի ներաշխարհը»։ Եվ, չգիտես ինչու, դեռ այն ժամանակ, կարծես ակնկալելով գալիք տարիները, ասաց. «Նման ժողովուրդը, որը ստեղծել է անսահման հուզականություն «արտադրող» այդ գործիքը, իրավունք ունի եւ պետք է ապրի լավ կյանքով»։ Գաղտնիք չէ՝ պետական կոլեկտիվները այսօր ե՛ւ աշխատավարձ չեն ստանում, ե՛ւ երաժիշտները հուսալքված են… միանգամից ասեմ՝ տանջանքով եմ պահում նվագախումբը, դարձել ենք մուրացկաններ։ Սա մի կողմից, մյուս կողմից՝ գերի ենք դարձել արեւմտյան ու արեւելյան երաժշտական հոսանքներին։ Վերջերս, չեմ հիշում, որ հեռուստաընկերությունով, դիտում եմ բոլորիս կողմից սիրված «Որքան ցանկացա» ժողովրդական երգի տեսահոլովակը։ Չեմ չափազանցնում՝ եւ մեղեդին, եւ տեքստը «հարմարեցված էր արեւմուտքին», ավելին՝ էրոտիկ շարժումները հեռուստադիտողին փոխադրում էր հարեմ։ Ապա «Լուսնյակ գիշերը»՝ մերկ աղջիկներով եւ աղավաղված տեքստով։ Անընդհատ ասելով, համոզված եմ՝ ոչինչ չի փոխվի։ Պետությունը պետք է հովանավորի եւ հսկի։ Եթե ես լինեի երկրի նախագահ, դիտելով ընդամենը նկարահանված մի երկու տեսահոլովակ, կասեի՝ պարոնայք, էս ո՞ւր ենք գնում։ Եկեք մտածենք, ստեղծագործենք, նկարահանենք հայավարի։ Համոզված եմ՝ պետական այրերին հուշելու կարիք չկա, բայց չգիտեմ էլ ինչպես ասել՝ վաղը միգուցե ուշ լինի՝ մեր ժողովրդական նվագարանները «մեռնում» են։ Իբր ամեն ինչ իր տեղում է, կրոնական այս շեղում ասեմ, թե զեղումներն էլ՝ մյուս կողմից։ Իմ նվագախմբի թառահար, Հայաստանում լավագույն երաժիշտներից մեկին՝ Գագիկ Պետրոսյանին եհովականները «տարան»։ Ոչինչ, կրկնվեմ՝ ազգին պահողը իր լեզուն է, կրոնը, մշակույթը։ Խայտառակ վիճակում են մեզ մոտ «հավատացյալների գրուպաները»։ Չգիտեմ, թե ո՞ւր ենք գնալու այսպես։ Մի բան հաստատ կարող եմ ասել. 20 տարիների ընթացքում ոչ միայն հայ երգը, վերջին 10 տարում՝ հայկական ժողովրդական գործիքային երաժշտությունը ներկայացրել եմ «Կարին» անսամբլի հետ Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Մերձբալթիկայում, Սիրիայում, Իրանում… եւ ամենուր զգացել հիացմունք դեպի մեր ազգայինը, ժողովրդականը։ Եկեք ազգովի փրկենք մեր ժողովրդական նվագարանները»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել