Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 12,2000 00:00

Քաղկալանավորի նկարները երբեւէ կցուցադրվե՞ն Երեկ Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիր Հայկազ Խաչատրյանի ծննդյան օրն էր։ Այդ առիթով այցելեցի նրա եղբորը՝ Սերգեյ Խաչատրյանին։ Վերջինս նույնպես ԱՄԿ անդամ է եղել։ Նա էլ հուզված մեզ ցույց տվեց ճանաչված գեղանկարչի ձեռագրերը, բանտից գրված նամակները, նրա բազմաթիվ գեղանկարները, որոնք ցիրուցան եղան, քանզի նկարչի մահվանից հետո (1989թ.), բառի ուղիղ իմաստով, զավթվեց նրա բնակարանը՝ նախկինների լուռ համաձայնությամբ (նախկին քաղաքագլուխ Հ. Գալստյան)։ «Էս էր, երկիր էր։ Ամբողջ կյանքում տառապեցինք,- ասում է Ս. Խաչատրյանը։- Հայկազը քաղաքական կյանքում իր ժառանգներն ունեցավ (Պարույր, Աշոտ, Ռազմիկ, Ազատ…)։ Անձնական կյանքում ժառանգ չունեցավ, ասում էր՝ ստրուկ պետությանը ստրուկ չեմ տա»։ Ս. Խաչատրյանը Հայկազի կյանքից ուշագրավ պատմություններ արեց՝ կապված 2-րդ աշխարհամարտին նրա մասնակցության հետ։ Հայկազը Կորսուն-Շեւչենկոյի, Կուրսկի աղեղի ճակատամարտերում աչքի էր ընկել խիզախությամբ, անգամ վիրավորվել։ Պատերազմի ավարտից հետո Հայկազ Խաչատրյանը վերադարձավ հայրենիք։ «Պատկերացրեք, 60-ականներին, երբ մեծ հայրենասիրություն էր համարվում Ցեղասպանության մասին խոսելը, Եղեռնի մասին ընդամենը հիշատակելը, որ պատմական իրողություն է ու ցանկացած հայ մտավորականի կենսագրության բաղկացուցիչ մասը, երբ իրենց ազգային էին կոչում այն մարդիկ, ովքեր կարող էին խոսել ընդամենը Արարատը մերը լինելու մասին, ասպարեզ է գալիս մի Հայկազ Խաչատրյան, ով ասում է. «Մենք՝ որպես աշխարհի իրավահավասար, որպես անցյալ ու ապագա ունեցող ազգ, պետք է ունենանք մեր պետականությունը». սա պատմաբան Նորայր Խանզադյանի հուշերից մի դրվագ էր։ Ճանաչված գեղանկարչի, նախկին քաղբանտարկյալի մտերիմներն էին Մինասը, Երվանդ Քոչարը, Եփրեմ Սավայանը, Հովհ. Շիրազը (որը սիրում էր կրկնել. «Հայկազին կհավատամ, Հայկազը սուրբ է»), Ստեփան Զատիկյանը, որի հետ էլ 3-րդ մասում՝ Վերին Շենգավիթի աննկատ տներից մեկում հիմնադրեց ընդհատակյա կուսակցությունը՝ ԱՄԿ-ն։ Քաղաքական կենսագրությունը, մոտ 7 տարի, շարունակվեց Մորդովայի քաղաքական ճամբարներում, Յարոսլավլի, Թիֆլիսի, Ռոստովի բանտերում, ՊԱԿ-ի մեկուսարաններում։ Այդտեղ էլ ծնվեցին նրա գծանկարները. «ՊԱԿ. պետի առանձնասենյակում», «Խուց տանելը», «Դավադրություն», «Քննություն», «Ձերբակալություն», «Ուրախ հանդիպում Շ-ի հետ», որոնք շատ քչերն են դիտել, ինչպես որ չեն դիտել այն 300 նկարները, որոնք, Հայաստանում քաղբանտարկյալի թանգարան երբեւիցե հիմնադրվելու դեպքում, կապշեցնեն դիտողին (եթե, իհարկե, ցուցադրվեն)։ Հայկազ Խաչատրյանը գրում էր եւ քնարական բանաստեղծություններ, որոնք նույնպես անտիպ են։ Բանտից ուղարկած նրա շատ-շատ նամակներ ասես սպիտակ բանաստեղծություններ լինեն։ Դրանք մշտապես ավարտվում էին. «Բոլորիդ կարոտել եմ, հայրենի լեռներին, նաեւ ծիծեռնակներին։ Բարեւեք նրանց, ովքեր հետաքրքրվում են աքսորյալի կյանքով»։ Իսկ հետաքրքրվո՞ւմ են նախկին աքսորյալի կյանքով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել