Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 13,2000 00:00

Տիկին դատավոր, «իշմար տվեք» Իսկուհի Վարդանյանը ժողովրդական հեքիաթի հերոս չէ: Ու քանի որ հեքիաթի հերոս չէ, երեք ճանապարհների խաչմերուկում նրան ճերմակամորուս բարի ծերունի չի սպասում, որ մատնացույց անի անփորձանք ուղին: Իսկուհի Վարդանյանը Հայաստանի քաղաքացի է, եւ ինչպես բոլորս, ապրում է մեր նեխահոտ իրականության մեջ: Ու որքան էլ տիկին դատավորը խորհրդակցական սենյակի դուռն ու օդանցքը ամուր փակի, այդ ծանր հոտն այնտեղ էլ է խցկվում: Ե՛վ օդանցքը, եւ՛ դուռը, ուզի-չուզի, պիտի բացի մի օր: Բացելուց հետո նա ընդամենը երկու ճանապարհ ունի: Մի ճանապարհը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի «գործի» պատվիրատուներն են «նայում», մյուսը՝ «նայող» չունի: Անտեր է: Սա մեր պետության ճանապարհն է, որ ավերված է այդ ճանապարհի տակուգլխին թեւերը թուլացած-կանգնած հասարակության հոգիների նման: Ահա այդ երկու ճանապարհների խաչմերուկում, որ այս դեպքում խորհրդակցական սենյակն է, արդեն մեկ ամսից ավելի է Իսկուհի Վարդանյանը մտածում է ու մտածում: Տեսնես ի՞նչ է մտածում: Ենթադրել, որ ուսումնասիրում է «գործը», առնվազն ծիծաղելի է: Այս դատավարությամբ քիչ թե շատ հետաքրքրվողները հիանալի գիտեն, թե ինչ անթերի դասախոսություններ է կարդացել Աշոտ Բլեյանը ողջ դատավարության ընթացքում եւ քանի գիրք է գրել Իսկուհի Վարդանյանի գործը հեշտացնելու համար: Առնվազն անմեղսունակ պետք է լինի այն մարդը, որ բոլոր դատական նիստերին ի պաշտոնե ներկա լինի եւ, թեկուզ աչքի պոչով, ընթերցի այդ գրքերը, ու այդքանից հետո չհասկանա, թե ինչն ինչոց է: Ուրեմն՝ Իսկուհի Վարդանյանը կռի՞վ է տալիս իր խղճի հետ: Դժվար թե: Եթե կար այդ կռիվը, ուրեմն՝ այն պիտի լիներ ողջ դատավարության ընթացքում, ու Աշոտ Բլեյանից «անկեղծորեն» նեղանալու փոխարեն, որ չի թողնում խեղճ դատավորը «նստեցնի» իրեն, պիտի պարզապես աչքով աչք չունենար մեղադրողների հետ, որ իրեն ստիպում էին հանցագործություն չկատարած մարդուն հանցագործ հայտարարել: Չէ, այդպես չէր. դատավոր Վարդանյանն ու հայտնի «տրոյկան» լավ էլ «ախպեր տղերք» էին: Առաջին ճանապարհը ընտրելով, այսինքն՝ պատվիրատուների կամքը կատարելով, գուցե, իրոք, ժամանակավոր խաղաղություն կվերագտնի տիկին դատավորը, ինչպես մեղադրող «տրոյկան» գտավ. ութ տարի ազատազրկում պահանջեց (գողեգող) ու վազեց իր տերերին թշիկը դեմ տալու, որ կսմթեն: Բայց տիկին Իսկուհին կենսափորձ ունեցող կին է, ու գիտի, որ այս տխրահռչակ իշխանությունն էլ է մի օր հեռանալու, ու ինքը՝ առանց պաշտպանական վահանի (տվյալ դեպքում՝ դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հետ նույնացնելը պարտադիր չէ), մենակ է մնալու անարդարացի ազատազրկված մտավորականին դեմ դիմաց… Երկրորդ ճանապարհը արդար վճռի կայացումն է, որի արդյունքում Բլեյանը կվերագտնի իր ազատությունը, իսկ Իսկուհի Վարդանյանին կսկսի չսիրել այս խելքից դուրս հայրենասեր ու թունդ պահանջատեր իշխանությունը: Եթե դատավոր Վարդանյանը այս ճանապարհը ընտրի, իշխանափոխությունից հետո Աշոտ Բլեյանին պատասխան տալու անխուսափելի վտանգի վերացումից բացի, անաչառ ու անկաշառ դատավորի համբավը երբեք նրան չի լքի: Սա (թիթեռի հոգեբանությունը «սեփականաշնորհած» մեր հասարակության արժանի զավակի դեպքում) հեքիաթի ժանրից է: Այնուհանդերձ, Իսկուհի Վարդանյանը սպասում է: Գուցե նա ինչ-որ բա՞ն գիտի, որ մենք չգիտենք, ու ժամանա՞կ է շահում: Գուցե հավաստի աղբյուրները նրան տեղեկացրել են, որ այս իշխանությունների օրերը հաշվա՞ծ են: Տիկին դատավոր, «իշմար տվեք»՝ մենք էլ իմանանք: Թե չէ «տղամարդ եմ, թախտի տակից դուրս չեմ գալիս» կեցվածքը, ըստ իմաստուն հեքիաթի, վայ տղամարդկանց մենաշնորհն է: Կանայք այդպիսի տղամարդկանց թախտի տակից ցախավելով հանողներն են: ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել