Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

«ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԻՏԱԿՆԵՐ ԿՊՑՆԵԼ» Հայաստանի ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, որ հոկտեմբերի 27-ից հետո հրաժարական ներկայացրեց, անցած մեկ տարում չէր ցանկանում պատմել այդ օրվա իրադարձությունների մասին։ Այժմ էլ համաձայնեց խոսել միայն մի դրվագի մասին, որի շուրջ բազմաթիվ են ասեկոսեները։ – Հեղաշրջման փորձի օրը նիստերի դահլիճից Ձեր դուրս գալու հանգամանքների վերաբերյալ տարաբնույթ լուրեր կան։ Ի՞նչ է եղել իրականում։ – Սովորաբար նստում եմ առաջին շարքերում։ Բայց այդ օրը մի քիչ ուշացած եկա եւ հետեւի դռնից ներս մտնելով՝ նստեցի վերջին շարքում, նախարարներ Գեւորգ Վարդանյանի եւ Ստեփան Մնացականյանի կողքին։ Երբ սկսեցին հարցուպատասխանները՝ աչքի անցկացրեցի, թե ովքեր են հերթագրվածները՝ դժվար թե նրանք ՆԳՆ-ին առնչվող հարցադրում արծարծեին։ Ես էլ նախորդ օրը շատ խիստ զբաղված էի եղել եւ միայն լուսադեմին էի տուն գնացել։ Սարսափելի հոգնած էի, քունս տանում էր։ Գեւորգ Վարդանյանին խնդրեցի, թե՝ աչքս կպցնում եմ, եթե ինձ հարց տվող լինի՝ կարթնացնես… Թե ինչպես են մտել, ոնց են կրակել… այդ բոլորը կարծես երազի մեջ եմ տեսել։ Ինքս ինձ զգացել եմ արդեն պառկած վիճակում, այսինքն՝ մինչ այդ ենթագիտակցաբար, բնազդով եմ շարժվել ու նույնիսկ չէի էլ նկատել, թե ինչպես եմ հայտնվել հատակին։ Դժոխային իրավիճակ, մթնոլորտ էր։ Հերթական հրամանից հետո անգամ, երբ մեզ թույլ տվեցին բարձրանալ, նստել մեր տեղը՝ դեռ ամեն ինչ պարզորոշ չէի գիտակցում։ Լսեցի, որ մի քանի անգամ իմ անունը հոլովեցին՝ ինձ էին փնտրում։ – Նաիրի Հունանյանը ճանաչում էր գրեթե բոլոր բարձրաստիճաններին։ Ձեզ չէր ճանաչո՞ւմ։ – Ես նրան չեմ ճանաչել։ 1992-ի դեկտեմբերից մինչեւ 1998-ը Սյունիքում էի, մինչ այդ էլ Նաիրի Հունանյանին ընդհանրապես չեմ տեսել։ Երբ սկսեցին փնտրել ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանին, բնականաբար, ոչ ճակատը համբուրելու համար՝ ի պատիվ դահլիճում գտնվողների՝ բոլորը միաձայն պնդեցին, որ նախարարը ներկա չէ։ Առաջինն այդ մասին հայտարարեց պատգամավոր Արմեն Հակոբյանը։ Հետո մյուսները պաշտպանեցին նրան։ Ընդ որում, ինձնից հետո նոր սկսեցին փնտրել Սերժ Սարգսյանին։ Ինձ փնտրելու ընթացքում նրանք զենքն ուղղել էին քաղաքաշինության նախարար Հրայր Հովհաննիսյանի վրա՝ կարծելով, թե նա է Աբրահամյանը։ Այսինքն, նա իր մաշկի վրա զգացել էր, թե ինձ ինչի համար են փնտրում։ Եվ երբ թույլատրեցին վիրավորներին դահլիճից հանել, Հրայր Հովհաննիսյանը, որը դուրս էր բերում վիրավոր պատգամավոր Էդմոնդ Ծատուրյանին՝ մոտեցավ ինձ եւ, այլ անունով դիմելով, ասաց, որ օգնեմ։ Ես երկմտանքի մեջ էի այդ պահին, բայց հարեւանությամբ հայտնվածների՝ Գեւորգ Վարդանյանի եւ, եթե չեմ սխալվում, պատգամավոր Ստեփան Զաքարյանի եւ արդյունաբերության նախարար Հայկ Գեւորգյանի միջամտությամբ վիրավորի հետ դուրս եկա։ … Նմանատիպ իրավիճակներում հայտնվածներին, պատանդի կարգավիճակում գտնվող մարդկանց գնահատականներ տալը եւ պիտակներ կպցնելն առնվազն անբարոյականություն է։ Քանի որ պատանդի կարգավիճակում գտնվող մարդն, անկախ զբաղեցրած պաշտոնից, միայն կարեկցանքի արժանի անձնավորություն է։ – Իրավացի եք՝ չի կարելի մարդկանց մասին դատել ըստ սահմանային իրավիճակում նրանց դրսեւորած վարքագծի։ Բայց, այնուամենայնիվ, Դուք գեներալ եք, որը կրակոցներն ու մահը առաջին անգամ չէր մոտիկից տեսնում։ Ձեզնից, թերեւս, ինչ-որ այլ գործողություններ էին ակնկալվում։ – Արդարանալու համար չեմ ասում, ես միայն իմ արարքների համար եմ պատասխանատու, բայց, իմիջիայլոց, դահլիճում կային շատ նախարարներ ու պատգամավորներ, որ կռված տղաներ են եւ որոնք այդ նույն արյունոտ դիակները եւ ամեն ինչը տեսել էին։ Դարձյալ նշեմ, որ հանկարծակիության գործոնը դեր խաղաց։ Ես ոչինչ չեմ զգացել բացարձակապե՛ս։ Եվ դիմադրելը կամ օգնելը հատկապես իմ պարագայում, որ ամենավերջին շարքում էի նստած՝ ընդհանրապես անհեթեթ է։ Կես ժամ անց, երբ կրքերն ինչ-որ չափով հանդարտվել էին՝ ուղղակի զուտ ժամանակ շահելու, սառեցնելու գործընթաց պիտի ընթանար, որպեսզի նորից կրակոցներ չլինեին։ Երեւի չէին էլ լինելու։ Ամենաճիշտն այն վարքագիծն էր, որ ընտրել էին պատգամավորները։ – ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո ի՞նչ ձեռնարկեցիք։ – Առաջինն, ում տեսա՝ ՆԳՆ 6-րդ եւ քրեական հետախուզության վարչությունների ղեկավարներ Արմեն Երիցյանն ու Հրաչյա Հարությունյանն էին՝ իրենց աշխատակիցներով։ Առաջինը նրանք էին հասել խորհրդարան։ Հովիկ Հունանյանը եւ իմ մյուս տեղակալներն էլ էին արդեն այնտեղ եւ որոշակի խնդիրներ լուծել էին։ Սակայն ամեն ինչ շատ անկազմակերպ ձեւով էր ընթանում, քանի որ զինվորական ոստիկանության ու ազգային անվտանգության ստորաբաժանումները, երկրապահ տղաներ, բոլորը խառնվել էին իրար։ Ես անմիջապես ձեռնամուխ եմ եղել պատանդներին ազատելու գործընթացը կազմակերպելուն։ Առաջին փոքրիկ խորհրդակցությունն արեցինք պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի աշխատասենյակում, որտեղ էին արդեն նաեւ կառավարության անդամները, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։ Տաք զգացողությունների ազդեցության ներքո որոշումներ, գնահատականներ էին հնչում, անկապ, տարբեր կարգի առաջարկներ արվում։ Այդ պահին ասացին, որ խորհրդարան է եկել Ռոբերտ Քոչարյանը եւ արդեն ԱԺ նախագահի առանձնասենյակում է։ Մենք մի քանի հոգով անմիջապես գնացինք նրա մոտ։ Փաստորեն, այդ պահից արդեն պատանդների ազատման աշխատանքների ընդհանուր ղեկավարումը իր ձեռքը վերցրեց հանրապետության նախագահը։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Ավելի ուշ Սուրեն Աբրահամյանը գնացել էր պաշտպանության նախարարություն։ Բայց թե ինչ էր եղել այնտեղ այդ գիշեր եւ հաջորդ կեսօրին, երբ ՊՆ էր եկել Ռոբերտ Քոչարյանը՝ այլ զրույցի նյութ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել