Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԸ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿԻ ՉԲԱԺԱՆԵԼՈՒ ԿՈՉ

Մարտ 22,2001 00:00
andranik margaryan

«Միասնության» տակ փորողները շատացել են։ Սակայն «Միասնություն» խմբակցությունը, հանձին Գալուստ Սահակյանի, չի ուզում ընդունել, որ արդեն սկսվել է այն, ինչին շատերը վաղուց էին սպասում։

Պրն Սահակյանի ասելով՝ «չկան այդ խմորումները, դրանք առնվազն դրսի ցանկություններ են»։ Պարոն Սահակյանը հիշեցրեց, որ դաշինքի քաղաքական խորհուրդը նորից գործում է, վերակազմավորվել են դաշինքի սկզբունքներն ու գաղափարները. «եւ փորձելու ենք դաշինքի առաջ ծառացած խնդիրներն այն մասով, ինչքանով կվերաբերվի խորհրդարանին, այդ մասով լուծել»։ Մինչ կփորձեն խնդիրներ լուծել, խորհրդարանի դահլիճից դուրս խիստ աշխույժ իրարանցում էր։ Չգիտես ով, չգիտես ում ասաց, թե ՀԺԿ-ական պատգամավոր Վլադիմիր Բադալյանը եւս մտադիր է առանձին խումբ ստեղծել, որն իբրեւ թե խիստ կարեւորում է ագրարային ինչ-ինչ հարցեր եւ մտադիր է դրանցով զբաղվել «Միասնությունից» դուրս։ Կարծես դա չի կարող հենց «Միասնությունում» անել։ Ինքը՝ պրն Բադալյանը, չուզեց պատասխանել մեր այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի իր մասին պտտվող լուրերը։ Չի բացառվում, որ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանն էլ միասին մի խումբ կստեղծեն, թեպետ նույնքան հավանական է, որ դա կլինի Վ. Բադալյանի հետ նույն խումբը։ Հնարավոր է նաեւ, որ այս բոլորին կմիանան «Կայունություն» պատգամավորական խմբից դուրս եկածները, մի քանի անկախ պատգամավորներ եւ ահավասիկ՝ նոր խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է։ Սրանք դեռեւս շշուկների եւ ասեկոսեների հիմքի վրա արվող ենթադրություններ են։ Մեր զրուցակիցներից ոչ մեկը մեր կոնկրետ հարցին՝ իրո՞ք մտադիր են նոր միավոր ստեղծել, չէր պատասխանում։

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Ի՞նչ է կատարվում խորհրդարանում» հարցին պատասխանելիս ասաց, որ իր գործը կառավարության հետ է եւ ինքը խորհրդարանի հետ գործ չունի, թեպետ հետո ինքն էլ չժխտեց, որ, իրոք, խորհրդարանում ինչ-ինչ խմորումներ են տեղի ունենում։

Անդրանիկ Մարգարյանն ասաց նաեւ. «Հոկտեմբերի 27»-ից հետո եղած իրավիճակը ցույց տվեց, որ այն գիծը, որ որդեգրել էր «Միասնություն» դաշինքը (այսինքն՝ համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ), իրեն արդարացրել է, եւ անհրաժեշտություն չէր ֆիզիկական մեծամանություն ստեղծել քանակի կտրվածքով, որպեսզի կարողանանք խնդիրներ լուծել։ Մենք մեր հարաբերությունները տեղափոխել ենք համաձայնությունների դաշտ եւ դա իրեն արդարացրել է։ Ես չեմ կարող ասել, որ կառավարությունը լուրջ պրոբլեմներ է ունեցել ԱԺ-ում, այսինքն՝ բացարձակ մեծամասնություն ունենալու հետ մենք խնդիրներ չենք ունեցել»։ «Առավոտի» հարցին՝ դա միայն վարչապետի՞ կարծիքն է, թե՞ նաեւ ՀՀ նախագահի, պրն Մարգարյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ նաեւ ՀՀ նախագահի, որովհետեւ եղել է ընդամենը երեք դեպք։ Չի կարելի դա բնորոշել եւ որակ համարել»։

Անդրանիկ Մարգարյանի կարծիքով բացարձակ մեծամասնությունն ուզում է կառավարության եւ ՀՀ նախագահի հետ նորմալ հարաբերություններ ունենալ. «Մենք մինչեւ այժմ նորմալ հարաբերություններ ունենք։ Մենք չենք վառվում արհեստականորեն նոր վերադասավորումներ կատարել՝ արհեստականորեն ինչ-որ խմբեր ստեղծելով»։ Իսկ եթե մարդիկ կցանկանան համախմբվել մեկ խմբում, Անդրանիկ Մարգարյանը դեմ չի լինի։ Վարչապետը բացառեց այն կարծիքը, թե խորհրդարանում նոր մեծամասնությունը ձեւավորվում է, որպեսզի հետագայում նոր կառավարություն ձեւավորվի. «Ուղղակի տրամաբանությունը սխալ ուղղությամբ է գնում։ Եթե մեծամասնություն կազմավորվում է, ապա գործադիրի հետ աշխատելու խնդիր ունի եւ ոչ թե գործադիրը փոփոխելու խնդիր»։ Երբեմն, տրամաբանությունն իրոք սխալ ուղղությամբ է գնում՝ եթե կա մեծամասնություն եւ եթե, ըստ վարչապետի, լավ էլ աշխատում է գործադիրի հետ, ապա ինչո՞ւ է հարկավոր նոր մեծամասնության ստեղծումը։ Եվ հետո, եթե այդ նոր մեծամասնության մեջ ՀՀԿ-ն չհայտնվի՞. «Տեսականորեն դուք ճիշտ եք, բայց ռեալ կյանքում դա անհնար է, որովհետեւ ՀՀԿ-ն այսօր 24 պատգամավոր ունի եւ առանց այդ 24 պատգամավորի ցանկացած մեծամասնություն մեծամասնություն չի լինի»։ «Առավոտի» հարցին՝ ո՞ւմ կողմից են հրահրվում խորհրդարանական վերադասավորումները եւ ի՞նչ նպատակով, Անդրանիկ Մարգարյանը շատ հետաքրքիր պատասխան տվեց. «Իմ կարծիքով, դա չի հրահրվում, դա պատգամավորների կամքի արտահայտությունն է, եւ բնականաբար, այն, ինչ-որ արվում է ԱԺ-ի պատերի ներսում, դա ի շահ ժողովրդի, ի շահ պետության է արվում, եւ չի կարելի ասել, եթե մի բան ստեղծվում է, ընդդեմ է ստեղծվում։ Ինչո՞ւ եք այդպես մտածում, կարող է պատահել հանուն է ստեղծվում»։

Սա արդեն հետաքրքիր է։ Վարչապետը, որն այսպես թե այնպես վարչապետ է դարձել որպես խորհրդարանական մեծամասնության թեկնածու, հնարավոր նոր մեծամասնության մասին ոչ թե ընդդեմ է խոսում, այլ՝ հանուն։ Ի դեպ, կյանքը սեւ ու սպիտակի չբաժանելու կոչը եւս վարչապետն արեց։ Նրա ասելով, չկան բացարձակ տհաճ կամ բացարձակ հաճելի անակնկալներ. «Կյանք է, գնում է։ Կարող է տվյալ պահին անակնկալը լինի տհաճ, բայց իր հետեւից բերի հաճելի հետեւանքներ»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031