Լրահոս
Օրվա լրահոսը

1994թ.

Ապրիլ 04,2001 00:00

ԻՐԱՆԸ ՏՈՆԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ 1700-ԱՄՅԱԿԸ 1994թ. Հայաստանի եւ Իրանի միջեւ ստորագրված մշակութային համաձայնագրի եւ Հայաստան-Իրան մշակութային կապերի ակտիվացման արդյունքում 1999-ի սեպտեմբերին Երեւանի կենտրոնում բացվեց Իրանի մշակույթի կենտրոնը։ Դրանով իսկ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության ծավալած մշակութային գործունեությունն ավելի որոշակի ու ծավալուն ընթացք ստացավ։ Ըստ կենտրոնի տնօրեն Մոհսեն Աբութալեբիի, իրենց աշխատանքներն ընթանում են մի քանի ճյուղերով. հայ արվեստասերներին իրանական գրականությանն ու մշակույթին ծանոթացում, պարսկերենի տարածում Հայաստանում, մշակութային գործիչների եւ խմբերի փոխադարձ այցելություններ եւ այլն։ Նա տեղեկացրեց, որ իրանական կողմի միջոցներով հրատարակվել են 1-10-րդ դասարանների պարսկերեն լեզվի եւ գրականության դասագրքեր. «Մեր հովանավորությամբ է իրականացվում նաեւ մայրաքաղաքի եւ հարակից շրջանների որոշ դպրոցներում պարսկերենի դասավանդումը։ Աջակցում ենք ԵՊՀ արեւելագիտության ֆակուտետի եւ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պարսկերենի բաժիններին, «Իրան-Նամե» հանդեսի հրատարակությանը եւ, իհարկե՝ իրանագիտության կովկասյան կենտրոնին։ Վերապատրաստման նպատակով Հայաստանից ուսուցիչներ եւ ուսանողներ ենք ուղարկել Իրան։ Իրանական մշակույթը հայ հասարակությանը ներկայացնելու համար այստեղ բազմիցս ցուցահանդեսներ ենք կազմակերպել, թատերախմբեր եւ երաժշտական խմբեր ենք հրավիրել։ Եվ հակառակը՝ հայ մշակութային բազմաթիվ գործիչներ են մեկնել Իրան՝ ցուցահանդես են տարել, համերգների մասնակցել»։ Պարոն Աբութալեբին ասաց, որ ապրիլի 5-ին Իրան է տարվելու ժամանակակից արվեստի նմուշներից կազմված մի հետաքրքիր ցուցահանդես։ Վերջինս կազմակերպվում է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի եւ ՄԱԿ-ի հայտարարած քաղաքակրթությունների երկխոսության տարվա շրջանակներում։ Ի դեպ, «Առավոտի» տվյալներով, այս ցուցահանդեսը պիտի Իրան տարվեր ավելի վաղ, սակայն հայկական կողմի հարուցած ինչ-ինչ ներքին խնդիրների եւ անհամաձայնությունների պատճառով (բարեբախտաբար, դրանք ժամանակին հարթվեցին) ցուցահանդեսը պլանավորած ժամանակից մի փոքր ուշ կմեկնի։ Մշակութային կենտրոնի տնօրենն ասաց նաեւ, որ վերջին շրջանում հայերեն է թարգմանվել բավական մեծ քանակով եւ բարձրակարգ իրանական գրականություն, այդ թվում՝ Սոհրաբ Սեփեհրու «Կանաչ ծավալ» բանաստեղծությունների ընտրանին (թարգմանիչ՝ Էդիկ Հախվերդյան), հին միջնադարյան մատենագրության գոհարներից՝ «Ղաբուսնամեն» եւ Իրանի ժամանակակից հեքիաթագիրների ժողովածուն։ «Մենք մեր կենտրոնում ունենք հարուստ ֆիլմադարան եւ գրադարան։ Մեծ ձեռքբերում եմ համարում նաեւ «Միհր» հայ-իրանական մշակութային ակումբի բացումը (2000թ. հոկտեմբերին)։ Այս ակումբի հիմնադիրների թվում ե՛ւ քաղաքական ու մշակութային գործիչներ կան, ե՛ւ գրականագետներ, ե՛ւ ուսանողներ»։ Ի դեպ, Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ Իրանում սպասվում են բազմաթիվ գիտամշակութային միջոցառումներ։ Պարոն Աբութալեբիից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ Երեւանում կբացվի «Կապույտ մզկիթը»։ «Առայժմ ժամկետները կոնկրետացված չեն, բայց բավականին մեծ աշխատանք է տարված, մոտ 1 մլն դոլարի գումարներ են ներդրված։ Մզկիթը գործում է, բայց պաշտոնապես կբացվի ավելի ուշ»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Հարցազրույցը պարոն Աբութալեբիի հետ արվել էր մարտի 19-ին՝ Նորուզի նախօրեին։ Եվ պարոն Աբութալեբին այս առիթով իր խոսքի մեջ, կարծես իմիջիայլոց, նշեց, որ Իրանում երկրի նախագահն անձամբ է հեռուստատեսային եթերից շնորհավորում բոլոր քրիստոնյաների, առանձնապես հայերի գլխավոր տոնը՝ Սուրբ Ծնունդը։ Ինչ խոսք, մեր նախագահը չշնորհավորեց Հայաստանում բնակվող մուսուլմանների Նորուզը։ Սակայն նեղանալու կարիք, կարծում եմ, չկա։ Մեր նախագահը իր ազգակիցների հետ էլ է լիմիտով շփվում։ Եվ հետո, մեր «քոմպլիմենտարիզմն» ուրիշ է, նրանց «ջերմ-բարեկամականը»՝ ուրիշ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30