Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՇԽԱՏԵԼ

Ապրիլ 06,2001 00:00

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՇԽԱՏԵԼ Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանն իր մոտ խորհրդակցության էր հրավիրել բժշկական հանձնաժողովի օղակների ղեկավարներին եւ հենակետային մարզաձեւերի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներին։ Մեկ անգամ եւս շեշտելով, որ ինքը անչափ մեծ կարեւորություն է տալիս ազգային հավաքականների հետ մարզական բժիշկների աշխատանքին, Ի. Զաքարյանն ընդգծեց նաեւ, որ անցած երեք-չորս ամիսների ընթացքում, երբ այս խնդիրը դարձնելով օրակարգային թեմա, հստակ պահանջներ էր ներկայացրել, կատարված աշխատանքը անբավարար է։ Հանձնարարությունը ձախողելու գլխավոր մեղավորը մարզաբժշկական հանձնաժողովի նախագահինն է եղել, որն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Փոխնախարարը արձանագրեց հետեւյալ իրողությունը։ Ներկայումս մեր ազգային հավաքականներից մի քանիսը, հատկապես ազատ եւ հունա-հռոմեական ըմբշամարտերի եւ ծանրամարտի, թեւակոխել են Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերջին փուլը, սակայն դրանց գիտաբժշկական ապահովումն այս պահին թերի է։ Եվ եթե այդ թիմերն այսօր անցել են բժշկական հետազոտություն, ապա բժշկական ապահովման մյուս մասերով աշխատանքները գտնվում են բացարձակ զրոյական վիճակում։ Հարցը գործնական եւ հնարավորին չափ արագ կարգավորելու կարիք ունի։ Ի. Զաքարյանը ներկայացրեց բժշկական հանձնաժողովի նոր նախագահին՝ Միջազգային վերականգնողական կենտրոնի գլխավոր տնօրեն Մխիթար Մնացականյանին։ Կարեւորվեց նաեւ հակադոպինգային ծառայության աշխատանքը, որը կարող է ճակատագրական դեր խաղալ ոչ միայն այս կամ այն մարզիկի, այլեւ ամբողջ մարզաձեւի հետագա զարգացման վրա։ Հատկապես այս ոլորտում պետք է մշտապես տիրապետել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, այլապես հետեւանքները կարող են շատ վատ լինել։ Մարզիչները եւ բժշկական հանձնաժողովը մեկ անգամ եւս նախազգուշացվեցին, որ հավաքականում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ որեւէ վիտամին կամ դեղամիջոց պետք է ստանա միայն ու միայն թիմին կցված բժշկի ձեռքից։ Հակառակ դեպքում խստագույնս կպատժվեն եւ հավաքի ղեկավարը եւ տվյալ բժիշկը։ Նախկինում այս հարցում եղել են ինքնագործունեության դեպքեր։ Դրանք այսուհետ պետք է բացառել։ Յուրաքանչյուր օղակ, յուրաքանչյուր մարդ պետք է հստակ իմանա իր իրավասությունների ոլորտը, պատասխանատվության չափը։ Այս ամենը կարգավորելու նպատակով հարկավոր է նախ եւ առաջ լրացնել գլխավոր բացը։ Դա հավաքականներում բժշկի հաստիքի ստեղծումն է։ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ պատրաստ է բժշկական հանձնաժողովի կազմում ստեղծել ու ֆինանսավորել բժշկի 10 հաստիք, պայմանով, որ նրանք մշտապես աշխատեն միմիայն հավաքականների հետ։ Առաջարկ եղավ ծանրամարտի, բռնցքամարտի եւ ըմբշամարտերի հավաքականներին հատկացնել նաեւ մեկական մերսող։ Առաջարկը տեղում ընդունվեց։ Հստակ առաջադրանք տրվեց նաեւ այն մասին, որ ցանկացած պաշտոնական առաջնության նախապատրաստվող թիմ, մրցավայր մեկնելուց առաջ, պետք է պարտադիր դոպինգային ստուգում անցնի եւ այդ արդյունքները պետք է ներկայացվեն անձամբ ՀԱՕԿ-ի նախագահին։ Քննարկվեցին նաեւ այլ հարցեր։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել