«Իշխանությունների արարքը գնահատում ենք որպես շարունակական փրփուրներից կախվել։ Իրենց պետականաքանդ գործունեությունն առաջ մղելու համար անհրաժեշտ են նմանատիպ իբր ճնշումներ, որովհետև վաղուց հասկացել են՝ ամոթ է նույնիսկ Նիկոլ Փաշինյանից վախենալը։ Ուղղակի հասարակության ուշադրությունն են շեղում նման ճնշումներով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում, նրանց հետ փոխկապակցված տասնյակ ձեռնարկություններում իրականացված խուզարկություններին:
Նրա խոսքով՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ շարունակական ճնշումներն իրականացվում են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ազդեցություն գործելու նպատակով։
«Ինչը միամտություն կամ քաղաքական ինֆանտիլություն է իրենց կողմից, ինչպես նաև հասարակության ուշադրությունը կրկին շեղելու գործընթաց։ Ընդ որում՝ Փաշինյանը հայտարարել էր, որ շարժում է ձևավորելու և ընդդիմության դեմ ակցիաներն ինքն է առաջնորդելու։ Չգիտեմ՝ ինչեր էր խոսում։ Սա դրա նախնական քայլերն են ուղղակի»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Տնտեսագետը նաև նկատեց, որ սկսել են ճնշումներ գործադրել կապիտալի վերաբաշխման ուղղությամբ, քանի որ այս իշխանություններին անհրաժեշտ է կապիտալի այնպիսի սեփականատեր, որը հնազանդորեն կենթարկվի իրենց.
«Երկու տարբերակ ունեն՝ կա՛մ կապիտալի սեփականատերերին ենթարկեցնել իրենց, ինչը չի ստացվում ու չի ստացվելու, կա՛մ վերաբաշխել կապիտալը և ձևավորել նոր սեփականատեր, որը կենթարկվի իրենց»։
Սարգսյանի դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական առումով Նիկոլ Փաշինյանի նպատակը նաև ՀՀ-ում բարիք ստեղծող կապիտալի սեփականատերերին մեկուսացնելն է։
«Երբ խոսում ենք անկախության և ինքնիշխանության մասին, պետք է ունենանք տնտեսական անկախություն ու տնտեսական ինքնիշխանություն։ Անհրաժեշտ է եղած կապիտալը ոչնչացնել, որպեսզի մի օր պարզ ճակատով կանգնի ու հայտարարի. «Ժողովուրդ, տեսե՛ք, տարբերակ չունենք, պետք է Թուրքիայից ներկրենք, Թուրքիայի ազդեցության տակ մտնենք»։ Այսինքն՝ կապիտալի սեփականատերերի դեմ իրականացվող այս գործընթացներն ուղղակիորեն փոխկապակցված են ՀՀ դիմադրողականության ողնաշարը կոտրելու հետ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































