Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ընթանում է ծանրամարտի հանրապետության երիտասարդական առաջնությունը

Մայիս 15,2001 00:00

ՄՐՑԱՀԱՐԹԱԿՈՒՄ ԱՊԱԳԱ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ընթանում է ծանրամարտի հանրապետության երիտասարդական առաջնությունը (1981- 1985թթ. ծնվածներ)։ Ամեն օր մրցահարթակի վրա ծավալվում է համառ ու անզիջում պայքար ոչ միայն սառը մետաղի, այլեւ մրցակիցների միջեւ։ Ափսոս միայն, որ տրիբունաներում մարզասերները քիչ են։ Մինչդեռ նրանք կարող էին անմիջականորեն հետեւել մեր երիտասարդ ծանրորդների մրցելույթներին, որոնց մեջ, չնայած տարիքին, արդեն իսկ կան բարձրակարգ մարզիկներ՝ այս տարիքային խմբում Եվրոպայի առաջնության հաղթողներ ու մրցանակակիրներ։ Տեղեկացնենք նաեւ, որ հենց այս օրերին, «Դինամոյում» իրենց վարպետությունն են ցուցադրում մեր ապագա օլիմպիականները, նրանք, ովքեր, անկասկած, Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 2004թ. Աթենքում կայանալիք ամառային 28-րդ օլիմպիական խաղերում։ Մրցումների առաջին օրը տոն տվողները գյումրեցիներն էին։ 56 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց շնորհաշատ մարզիկ, Եվրոպայի 1996- 1997թթ. առաջնության հաղթող Մակար Թամրազյանը։ Նա երկամարտի 235 (105+130) կգ արդյունքով չունեցավ հավասարը՝ միեւնույն ժամանակ լրացնելով միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա։ Պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին բարձրացավ Մակարի եղբայրը՝ Արսենը։ Նա ցույց տվեց 210 (92,5+117,5) կգ արդյունք։ Այս երկու ծանրորդները մարզվում են Աշոտ Մխիթարյանի մոտ։ Հաղթողների եռյակը եզրափակեց վանաձորցի Էդգար Երեմյանը 200՝ (95+105) կգ։ 62 կգ քաշային կարգում ուժեղագույն եռյակը կազմեցին Արտյոմ Մկրտչյանը (ՖԻՄԱ)՝ 267,5 (120+ 147,5), Արթուր Դանիելյանը (Էջմիածին, Բաղրամյան)՝ 254 (112+142) եւ Հարություն Նիկոյանը (Գյումրի)՝ 235 (110+125)։ Մրցումների երկրորդ օրը եզրափակեցին 69 կգ քաշայինները։ Այստեղ աչքի ընկան էջմիածինցիները։ Արկադի Բարսեղյանը 285 (135+150) կգ-ով նվաճեց չեմպիոնի կոչումը, Հայկ Սահակյանը 265 (115+ 150) կգ-ով ճանաչվեց երկրորդը, իսկ գյումրեցի Լյովա Հաշարյանը 262,5 (120+142,5) կգ արդյունքով դարձավ երրորդ մրցանակակիր եւ լրացրեց սպորտի վարպետի նորման։ Առանձնապես լարված ընթացավ երեկ կայացած 77 կգ քաշայինների պայքարը։ Այստեղ հաղթողի կոչումը վիճարկում էին տարբեր տարիների ու քաշային կարգերի Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթողները։ Այնպես որ, մրցահարթակում ծավալվող իրադարձությունները շատերը համարում էին Եվրոպայի մինի առաջնություն։ Պայքարն այն աստիճան նյարդային ու անզիջում էր, որ դրա լարվածությանը չդիմացավ նույնիսկ 1997-99թթ. Եվրոպայի պատանիների եռակի չեմպիոն, գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը։ Հրում վարժությունում նա երեք անգամ փորձեց հաղթահարել 180 կգ ծանրաձողը, որը նրա համար դեռեւս չհաղթահարված բարձունք չէր, սակայն բոլոր փորձերն էլ անհաջող ստացվեցին ու մարզիկը դուրս մնաց մեդալների համար պայքարից։ Ասենք նաեւ, որ այս անգամ առաջնությանը չէր մասնակցում անվիճելի առաջատարը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, գյումրեցի Ռադիկ Պետրոսյանը (մարզիչ՝ Ա. Մխիթարյան), որը ներկայումս բուժում է ծանր վնասվածքը։ Ինչեւէ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի երիտասարդների չեմպիոն դարձավ 1998-99թթ. Եվրոպայի պատանիների չեմպիոն եւ ռեկորդակիր, գյումրեցի Գեւորգ Դավթյանը՝ 335 (150+185) կգ։ Նույնպիսի արդյունք ցույց տվեց, սակայն անձնական քաշի պատճառով 2-րդ տեղը գրավեց ՖԻՄԱ-ի ներկայացուցիչ Գեւորգ Ալեքսանյանը։ Բրոնզե մեդալը բաժին հասավ 1999թ. Եվրոպայի պատանիների չեմպիոն Արա Խաչատրյանին (Գյումրի)՝ 315 (140+175) կգ։ Երեկ երեկոյան ասպարեզը տրամադրվեց 85 կգ քաշայիններին, որտեղ նույնպես հանդես են գալիս մի շարք բարձրակարգ մարզիկներ։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել