Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր

Մայիս 26,2001 00:00

«ՔԱՆԻ ԴԵՌ ԱՎՏՈՐԻՏԱՐ ՌԵԺԻՄ ԿԱ, ՄԵՆՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՆՔ» Այսօր «Երեւան» մշակութային կենտրոնում (Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ) կծնվի Ազգային ժողովրդավարական կուսակցությունը։ ԱԺԿ նախաձեռնող խումբը՝ հանձին Շավարշ Քոչարյանի, Դուստրիկ Մխիթարյանի եւ Վարդան Պողոսյանի, երեկ հանդիպեց լրագրողների հետ՝ ավետելու ԱԺԿ ծնունդը։ Շավարշ Քոչարյանի միտքը, թե «ի վերջո ամեն ինչ արվում է սերունդների համար», լրացրեց Դուստրիկ Մխիթարյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին՝ վերջին զանգի տոնակատարության կապակցությամբ. «Այս թիթեռնիկների, ծաղիկների, ծիծեռնակների համար ստեղծեցինք ԱԺԿ-ն»։ Ու հավելեց. «Թող այս վերջին զանգը մեր պաշտոնյաների համար ահազանգ լինի՝ Հայաստանը դատարկվում է»։ Ու թեեւ Շ. Քոչարյանն ասաց, որ համագումարի ժամանակ կանդրադառնան հանրապետությունում առկա բոլոր հուզող խնդիրներին (օրակարգում բացի ԱԺԿ կանոնադրությունից, ծրագրային հիմնադրույթներից, ղեկավար մարմնի եւ վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններից, ներառված են նաեւ քաղաքական հայտարարության ընդունման, ՀՀ ներկա իրավիճակի գնահատականի եւ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հաստատման հարցերը), լրագրողներն իրենց չզրկեցին մի քանի հարցերի պատասխան լսելու հաճույքից։ Արշակ Սադոյանի եւ ԱԺԿ-ի միջեւ եղած տարաձայնություններն, ըստ Շ. Քոչարյանի՝ սկզբունքային են, ինչն ամենեւին չի նշանակում, որ կարեւոր հարցերի շուրջ ԱԺԿ-ն ու ԱԺԴ-ն չեն միավորվի։ Ընդհանրապես, լուրջ դեպքերում ԱԺԿ-ն պատրաստ է համագործակցելու ցանկացած կուսակցության հետ, բացի Կոմկուսից (որի հետ չունի ոչ մի գաղափարական ընդհանրություն) եւ ՀՀՇ-ից ու նրա արբանյակներից (քանի որ «ՀՀՇ-ի պարտադրանքով ենք կառուցել նմանատիպ ավտորիտար պետություն»)։ Տարաձայնություններից մեկը ազգայինի ու ժողովրդավարականի համադրմանն է առնչվում։ ԱԺԿ-ն գտնում է, որ պետությունը նախ պետք է դադարի ավտորիտար լինելուց, ժողովրդավարական դառնա, ապա նոր մտածի ազգային դառնալու մասին. «Ի վերջո, եթե հայը թողնում է Հայաստանն ու գնում, քանի որ ոտնահարվում են նրա մարդկային իրավունքները, ինչի մասին է խոսքը։ Այսօր Հայաստանի թիվ 1 ազգային խնդիրն է, որ այս պետությունը կայանա որպես ժողովրդավարական, իրավական պետություն»։ Այս համատեքստում Շ. Քոչարյանն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտությանը. «Ինչպիսին եղավ Հայաստանը, դրանից կախված է ղարաբաղյան խնդրի լուծումը։ Այն փայլուն հաղթանակները, որ ձեռք բերվեցին արյան գնով, այսօր վտանգի տակ են։ Որովհետեւ Հայաստանն այն պետությունը չէ, որը կարող էր հետամուտ լինել այդ հաղթանակներին՝ դիվանագիտական ասպարեզում»։ Ի դեպ, պրն Քոչարյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից ԼՂՀ դուրսմղումն ու Հայաստանի՝ որպես հակամարտության կողմ հանդես գալը, համարում է ՀՀ դիվանագիտական ամենամեծ սխալը։ ԱԺԿ-ն առջեւ դրված առաջնահերթ խնդիրն է համարում ՀՀ նոր Սահմանադրությունը, որի նախագծի (ԱԺԿ-ի կազմած նախագիծն արդեն պատրաստ է) հիմնադրույթը ՀՀ-ն պառլամենտական պետություն տեսնելն է. «Այս 10 տարիները ցույց տվեցին, որ Հայաստանին հակացուցված է նախագահական պետություն լինելը»։ «Առավոտի» հարցին, թե՝ բայց չէ՞ որ այսօրվա պառլամենտը նույնքան քիչ վստահություն է ներշնչում, որքան՝ նախագահը, պրն Քոչարյանը «լավատեսական» պատասխան տվեց. «Եթե ՀՀ-ն շարունակի մնալ նախագահական պետություն, մեր հաջորդ պառլամենտներն ավելի ու ավելի վատը կլինեն։ Բայց եթե դառնա պառլամենտական, նորմալ կուսակցություններ կձեւավորվեն, եւ որոշ ժամանակ հետո նորմալ պառլամենտ կունենանք, որն էլ պատասխանատու կլինի իր կազմավորած կառավարության համար»։ ԱԺԿ-ն հավակնում է դառնալ ժողովրդին վստահություն ներշնչող ուժ. «Այսօր ո՛չ իշխանական կուսակցություն կա, ո՛չ ընդդիմադիր։ Պետք է գտնվի մարդկանց խումբ, որ լրջորեն մտահոգված է ժողովրդի ճակատագրով եւ ցանկություն ունի ինչ-որ բան փոխելու»։ Այդ մարդկանց խումբն, ըստ Շ. Քոչարյանի, կարող է դառնալ ԱԺԿ-ն, որի անդամներն առայժմ նախկին ԱԺՄ-ականներն են, բայց հույս կա, որ շատ շուտով ԱԺԿ-ն կհամալրվի թարմ եւ նոր ուժերով՝ «մտավոր կարողություններով եւ աշխատասիրությամբ օժտված երիտասարդ մարդիկ»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել