Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք թույլ չենք տա իրենց հայ անվանող միլիոնատերերին մի ամսում զրկել մեզ տասնյակ տարիների աշխատանքով

Հունիս 06,2001 00:00

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՄԱՇՏՈՑԻ 20 ՇԵՆՔԻ ԱՐԵՎՆ ՈՒ ՕԴԸ «Մենք թույլ չենք տա իրենց հայ անվանող միլիոնատերերին մի ամսում զրկել մեզ տասնյակ տարիների աշխատանքով ձեռք բերված օջախից»,- այս խոսքերով սկսեցին իրենց բողոքը Մաշտոցի 20 շենքի բնակիչները։ Դեռեւս 1940 թվին, Մաշտոցի 20 հասցեում գտնվող չորս հարկանի շենքը կառուցվելուց հետո, իրենց շենքի հարեւանությամբ գտնվող 53 եւ 55 համարների մեկ հարկանի բոլոր տները ենթակա էին քանդման։ Ըստ նախագծի, վերոնշյալ տները քանդելուց հետո բակում որեւէ այլ շինություն չէր կառուցվելու, իսկ տարածքը թողնվելու էր կանաչապատման համար։ Մինչ շենքի բնակիչները կպլանավորեին, թե ինչպես պետք է կանաչապատեն իրենց բակի հարակից փոքրիկ տարածությունը, քանդված տների տարածքում սկսվեցին շինարարական աշխատանքներ։ Բնակիչները մի քանի օր անց տեղեկանում են, որ նախաձեռնության հեղինակն է Իրանի քաղաքացի, «Անուր» ՍՊԸ-ի տնօրեն Սերոժ Սուքիասյանը։ «Շինարարության առաջին իսկ հիմնասյունը օրհնեց վարձու մի տերտեր։ Մի քիչ գինի, մի քանի կտոր էլ խաշլամա հյուրասիրեցին շենքի բնակիչներին, կարծես շան բերանը ոսկորով ուզում էին փակել։ Տեսնելով, որ որոշ սոված բնակիչներ գոհ մնացին հյուրասիրությունից, Ս. Սուքիասյանը ոգեւորված հրամայեց իր 50 բանվորներին գործի անցնել»,- պատմում էին բնակիչները։ Երբ բնակիչներից ամենախիզախները փորձել են ճշտել շինարարության մասին մանրամասներ, պրն Սուքիասյանը նրանց է ներկայացրել մի նախագիծ, համաձայն որի, կառուցվելիք բնակելի շենքը պետք է գտնվեր Մաշտոցի 20 շենքից 8-10 մետր հեռավորության վրա։ «Նման նախագիծը հուսադրող էր, քանզի այդ դիրքում շենքը այլեւս չէր փակում մեր արեւն ու լույսը։ Սակայն, ինչպես ասում են, մարդու ախորժակը ուտելիս է բացվում։ Որոշ ժամանակ անց նկատեցինք, որ շինարարական աշխատանքները ընթանում են ոչ թե 8-10 մետր, այլ մեր շենքից ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա»,- ասաց շենքի բնակիչ Ռուզաննա Կարապետյանը։ Զայրացած բնակիչների՝ Ս. Սուքիասյանին ուղղված սպառնալիքներին, թե իրենք կդիմեն օրենքին, վերջինս պատասխանել է, որ օրենքը իր համար է աշխատում։ Բնակիչների հավաստմամբ, Ս. Սուքիասյանի կողմից խախտվել են շինարարական բոլոր նորմերը, ինչպես նաեւ իրենց հանգիստը։ Նշենք, որ կառուցվող բնակելի շենքը չունի գլխավոր եւ իրավիճակային հատակագծեր եւ կառուցվում է Մաշտոցի 20 շենքից անթույլատրելի հեռավորության վրա՝ անտեսելով բոլոր հակասեյսմիկ, հակահրդեհային եւ ինսոլացիոն նորմերը։ «Անհասկանալի է, թե ինչո՞ւ Ս. Սուքիասյանը մեր բողոքներին ուշադրություն չի դարձնում։ Այս մի քանի ամիսների ընթացքում 13 դիմում-բողոքներ ենք հղել թե՛ Երեւանի քաղաքապետարանին, թե՛ Կենտրոն թաղապետարանին, թե՛ Երեւանի քաղաքաշինության եւ ճարտարապետության վարչությանը, թե՛ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին, սակայն մինչ օրս ոչ մեկից որեւէ արձագանք չենք ստացել»,- ասացին բնակիչները։ Տեղեկացանք, որ միայն օրերս ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության կողմից ստացվել է պատասխան նամակ, որտեղ նշված է, որ իրենց տեսուչների կողմից կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ «Անուր» ընկերությանը թույլատրվել է վերակառուցել Փ. Բուզանդի փողոցի թիվ 53 եւ 55 հուշարձան տները, ավելացնելով հարկայնությունը։ Այդ նպատակով, վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով հատկացվել է նաեւ 22 քմ մակերեսով լրացուցիչ հողամաս։ Մեջբերենք դիմումի պատասխանից մի քանի կետեր, որոնք իրանցի միլիոնատերը պարտավոր էր պահպանել, սակայն խախտել է։ 1. Գլխավոր պողոտայի կողմից կառուցապատման առաջին գծում շենքի հարկայնությունը ընդունել 6 հարկ։ 2. Պահպանել նորմատիվ հեռավորությունը հարեւան շենքից։ Նամակի վերջում քաղաքաշինական պետական տեսչության եզրակացությունից պարզ է դառնում, որ «բնակելի շենքը նախագծվել է խախտելով վերոնշյալ երկու կետերը՝ «բնակելի կառուցապատման» եւ «հակահրդեհային նորմերի պահանջները», ինչպես նաեւ խախտված են Մաշտոցի 20 շենքի վերջին մուտքի աջակողմյան բնակարանների ինսոլացիոն նորմերը։ Եվ չնայած նախագիծը չի ստացել փորձաքննության դրական եզրակացությունը, սակայն համաձայնեցվել է քաղաքապետարանի ՃՔ վարչության կողմից, իսկ Կենտրոն թաղապետարանի կողմից տրվել է շինարարության թույլտվություն»։ Դիմումի վերջում նշված է, որ ներկայումս կառուցվող օբյեկտը գտնվում է ստորաբաժանման կողմից ստուգման փուլում եւ արդյունքների հիման վրա կայացված որոշումը կհասցեագրվի համապատասխան իրավասու մարմիններին։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել